«Իրանն այսօր». Իսրայելին պատասխան հարվածի վերաբերյալ Իրանից ասում են, որ սպասողական վիճակը դեռ կարող է երկարել, քանի որ հապճեպ գործողությունների չեն դիմում ու անակնկալի են բերելու Իսրայելին։
Երկու հայտարարություն իրանցի պաշտոնյաներից․
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ․ «Իրանի պատասխանը պետք է երկու հստակ արդյունք ունենա․ առաջին՝ ահաբեկչության ու Իրանի ազգային ինքնիշխանությունը խախտելու համար պետք է պատժի ագրեսորին, երկրորդ՝ պետք է ամրապնդի Իրանի կանխարգելման կարողությունն ու փոշմանեցնի սիոնիստական ռեժիմին ՝ կանխելու ապագայում ցանկացած ագրեսիայի կրկնություն։ Բացի այդ, Իրանի պատասխանը պետք է խուսափի Գազայում հնարավոր հրադադարի վրա հնարավոր բացասական ազդեցությունից։
Ամենայն հավանականությամբ, Իրանի պատասխանը այնպիսի ժամանակ և պայմաններում կլինի, որ սիոնիստական ռեժիմն ամենաքիչն է հավանական համարում։ Գուցե այն ժամանակ, երբ նրանց աչքերը երկնքին ու ռադարներին է հառած, գետինը նրանց անակնկալի բերի, գուցե՝ այդ երկուսը միասին»։
Կարդացեք նաև
ԻՀՊԿ խոսնակ․ «Իրանի ժողովուրդը խելացի է և գիտի, որ որոշումների կայացման ամենաբարձր մակարդակներում զինված ուժերի հրամանատարները կշռադատում են բոլոր իրավիճակները և կայացնում ճշգրիտ և հաշվարկված որոշումներ և արդյունավետ գործողություններով փոխում հակառակորդի հաշվարկները։ Ժամանակը մեր օգտին է, և հնարավոր է՝ այս պատասխանի սպասման ժամկետը երկարի։ Այս պահին սիոնիստները ստիպված են ապրել անհանգստության մեջ։
Իրանի պատասխանը կարող է չկրկնել նախորդ գործողությունները, և պատասխանի սցենարները նույնը չեն։ Մեր հրամանատարներն ունեն հակառակորդին արդյունավետ պատժելու փորձ և հակված չեն հապճեպ գործողությունների։ Իրանի վրա ոչ մի հարձակում անպատասխան չի մնացել, և հակառակորդը պետք է սպասի հաշվարկված, ճշգրիտ և ժամանակին արված հարվածների»։