– Հաշվի առնելով Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյի՝ «Ռոսիա» հեռուստաընկերությանը 2024 թ․ օգոստոսի 19-ին տված ու նույն օրը երեկոյան նաեւ «Բելառուս 1» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ արված անվայելուչ արտահայտությունները, համաձայն որի «հայերը ոչ ոքի պետք չեն», մի հակահայ պահվածք, որը նրա դեպքում վատ ավանդույթ է դարձել․
– Նկատի ունենալով Բելառուսի կողմից Հայաստանի եւ հայության դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցելու հանգամանքը, որի մասին վերջերս խոստովանել է Բելառուսի բռնապետը, ինչը պետք է գնահատվի որպես ՀԱՊԿ անդամ երկրի կողմից թշնամական քայլ Հայաստանի Հանրապետության հանդեպ եւ պայմանագրային պարտավորությունների խախտում․
– Ապացուցված համարելով Բելառուսի բռնապետական ռեժիմի կողմից սեփական ժողովրդի եւ քաղաքացիների իրավունքների համակարգային եւ շարունակական խախտումները, ինչը բերել է հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությանը եւ տարատեսակ քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների,
Հայաստանի ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակը պահանջում է Հայաստանի իշխանություններից․
Կարդացեք նաև
1.Անհապաղ խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ մինչեւ բռնապետ Լուկաշենկոյի պաշտոնանկությունը:
2.Հայաստանում Բելառուսի դեսպանին եւ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի մյուս բոլոր անդամներին հայտարարել անցանկալի անձինք (Persona Non-Grata) եւ երեք օր ժամանակ տալ Հայաստանի տարածքը լքելու համար:
3.Խզել Բելառուսի հետ ունեցած բոլոր երկկողմանի պայմանագրերը, այդ թվում՝ քաղաքացիների առանց վիզայի ռեժիմի փոխայցելությունների մասին․
4.Անհնարին համարել Բելառուսի հետ նույն ռազմական դաշինքում եւ տնտեսական ու մաքսային գոտիներում գտնվելը եւ անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից։
Հանրապետություն կուսակցություն
Հանուն Հանրապետության կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Իրավունքի Եվրոպա» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Հայտարարությունը բաց է ստորագրությունների համար