Լրահոս
Օրվա լրահոսը

Արփի Ավետիսյան. Հայ բանտարկյալների ազատ արձակումը պետք է COP29-ի անցկացման նախապայման լինի. News.am

Օգոստոս 21,2024 11:18

News.am-ը զրուցել է ռազմավարական դատավարության հարցերով միջազգային իրավապաշտպան Արփի Ավետիսյանի հետ։

Տիկին Ավետիսյան, Դուք աշխարհի մի քանի երկրներում զբաղվել եք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ Այս պահին մենք ունենք երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, որոնց Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել Բաքվի բանտերում։ Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հունիսին ՄԱԿի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին դիմում էր ներկայացրել, որից էլ տեղեկացանք, որ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվել։ Անկասկած, մյուս հայ բանտարկյալները ևս ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Որքանով տեղյակ ենք, Դուք ունեք ՄԱԿի նաև  հատուկ զեկուցողների հետ աշխատելու փորձառություն: Նման իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ գոնե խոշտանգումները կանխելու, ինչպես նաև նրանց վերադարձն ապահովելու համար։ Մի՞թե միջազգային իրավունքն այսօր այդչափ անզոր է ավտորիտար երկրների առջև։

ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին ուղղված հրատապ դիմումը պետք է դիտարկվի որպես համապարփակ մոտեցման մաս՝ ապագայում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կանխարգելումն ապահովելու համար: Շատ կարևոր է, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը ներկայացրել է այս դիմումը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։ Սա ծառայելու է որպես լրացուցիչ ապացույց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առկախված գործերի համար, ինչպես նաև այդ մասին պետք է բարձրաձայնել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կառույցների հետ քարոզչական գործունեության շրջանակներում։ Ես շուրջ երկու տասնամյակ աշխատել եմ ռազմավարական դատական գործընթացներում, և իմ փորձից ելնելով, նշեմ, որ հենց իրավական և քաղաքական ջանքերի համադրումն է՝ իրազեկության բարձրացման հետ միասին, հանգեցնում փոփոխությունների:

Այս փուլում մենք չունենք որևէ հրապարակային տեղեկություն ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի և Ադրբեջանի կառավարության միջև հաղորդակցության փոխանակման վերաբերյալ, որը սովորաբար տեղի է ունենում բողոքարկումից հետո։ Այս հրատապ դիմումը և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ներգրավումը պետք է ևս մեկ ահազանգ լինի Ադրբեջանի իշխանությունների համար, որ իրենք գտնվում են մանրազնին դիտարկման ներքո: Միջազգային իրավունքի կիրառումը՝ փոխհատուցում ստանալու համար, կարող է երկար գործընթաց լինել: Հեշտ է զենքերը վայր դնել, հատկապես Ադրբեջանի նման ավտորիտար երկրներում մարդու իրավունքների բացահայտ խախտումների ֆոնին: Սարսափելի իրավիճակը շատ լավ փաստագրված է, որը ապացուցում է, թե ինչպես է պետությունն ազատվում այս ամենի մասին բարձրաձայնող անհատներից: Մենք ականատես ենք եղել անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների ձերբակալություններին ու դատավճիռներին, այն անհատների, որոնք խոսում էին մարդու իրավունքների ոտնահարման զոհերի մասին։ Այդ բոլոր քրեական գործերը հիմնված են շինծու մեղադրանքների վրա, և դրանցից շատերն ապացուցվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի պայմանագրով նախատեսված մարմիններում:

Նման հանգամանքներում առավել մտահոգիչ է դառնում ներկայումս Բաքվում պահվող էթնիկ հայերի, այսինքն՝ ապօրինաբար ձերբակալված ու Բաքվի բանտերում պահվող հայ քաղբանտարկյալների վիճակը, մասնավորապես՝պետության աջակցությունը վայելող հայատյացության լույսի ներքո: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր ուղիները պետք է օգտագործել՝ Բաքվում պահվող քաղբանտարկյալների վիճակը շարունակաբար ուշադրության կենտրոնում պահելու համար: Մի փոքր ավելի շատ տեղեկություններ կան Ռուբեն Վարդանյանի վիճակի մասին՝ հիմնվելով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ներկայացված հրատապ դիմումի վրա։ Ցավոք, շատ հավանական է, որ մյուս բանտարկյալների նկատմամբ ևս անմարդկային վերաբերմունք է դրսևորվում։ Դիմումները, ինչպիսին է ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին ներկայացված դիմումը, ևս մեկ կարևոր տարր է իրավական և քաղաքական ավելի լայն գործընթացներում: Այս ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու համար շատ ավելի լավ կլիներ, որ համակարգված աշխատանք լիներ Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև դիվանագիտական ​​բոլոր ջանքերի և միջազգային հանրության միջև:

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Բաքվում անցկացվելիք COP29 համաժողովին։ Մամուլում կարծիքներ էին հնչում, որ եթե անգամ Հայաստանը համաձայնի մասնակցել դրան, ապա այդ մասնակցությունը պետք է լինի միայն Բաքվում պահվող բոլոր 23 բանտարկյալներին ու պատանդներին ազատ արձակելու պայմանով։ Ինչպե՞ս եք գնահատում նման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Ռուսաստանը, ԱՄՆը և մի շարք այլ երկրներ սկսել են գերիների փոխանակման գործընթաց։

Ինչ վերաբերում է COP29-ին, որն անցկացվելու է նոյեմբերին Բաքվում, և հատկապես, եթե խոսում ենք համակարգված և թիրախավորված ջանքերի մասին, կարծում եմ, որ COP29-ը այնպիսի հնարավորություն է ընձեռում, որը պետք է օգտագործեն բոլոր հնարավոր դերակատարները։ Մասնակից պետություններն ու կառույցները մեծ դեր ունեն խաղալու՝ հայ բանտարկյալների ազատ արձակմանն աջակցելու գործում։ Մենք պետք է անպայմանորեն օգտագործենք այս հնարավորությունը։ «Մենք» ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի կառավարությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, միջազգային իրավապաշտպաններին, նաև Սփյուռքը. մենք պետք է ձեռնարկենք բոլոր հնարավոր միջոցները, որ այս հարցը լինի օրակարգում և առաջ մղվի իրագործման:

Մի քանի ամիս առաջ, օրինակ, Եվրախորհրդարանը մի բանաձև ընդունեց, որում շեշտված էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներն անհամատեղելի են COP29-ի նպատակների հետ և նշված էր, որ չպետք է Ադրբեջանին թույլատրեն այդ համաժողովը հյուրընկալելու։ Կարծում եմ, որ սա շատ խոսուն է, և մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, հատկապես այն փաստը, որ Ադրբեջանը COP29-ին անվանում է «Խաղաղության COP»․ հայ բանտարկյալների ազատ արձակումը պետք է այդ համաժողովի անցկացման համար նախապայման լինի: Մենք պետք է կոչ անենք Ադրբեջանին՝ ապահովելու, որ «Խաղաղության COP»-ը համապատասխանում է իր բուն իմաստին։ Շատ կարևոր է, որ բոլոր հնարավոր դերակատարները բարձրաձայնեն այս հարցը և գործադրվեն բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնց հայացքներն այժմ ուղղված են COP29-ին, այլապես սա կլինի բաց թողնված հնարավորություն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031