Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. Ռուսաստանը հայ ռազմագերիների վերադարձի հարցում ե՛ւ անելիքներ ունի, ե՛ւ կարողություններ. «Հրապարակ»

Օգոստոս 21,2024 10:33

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ կիրակի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ ռազմագերիների հայրենադարձման հարցն են քննարկել: Ի դեպ, ՌԴում Հայերի միությունը նույնպես այս հարցով դիմել էր Պուտինին: Իրատեսական համարո՞ւմ եք ՌԴի միջնորդությամբ հայ ռազմագերիների վերադարձը:

– Չունեմ որեւէ տեղեկություն, նմանատիպ խոսակցություններ՝ տարբեր միջնորդություններով բազմիցս եղել են, ձերբակալումից ի վեր եղել են նման խոսակցություններ: Այսօր էլ կարող է նմանատիպ հարց քննարկվել, բայց թե այն որքանով է իրականությանը մոտ, դժվար է ասելը: Երբ ազատ արձակվեն, հստակ գնահատականներ կտանք, հիմա զուտ օդում զրույցներ են: Ինչ խոսք, Ռուսաստանն այդ հարցում ե՛ւ անելիքներ ունի, ե՛ւ կարողություններ: Անելիք ունի այն տեսանկյունից, որ ռուս խաղաղապահները եղել են Արցախի ու արցախցիների անվտանգության երաշխավորը, ուստի ռազմաքաղաքական պատասխանատվությունը կրողը ռուսական կողմն է: Ռուսաստանը փաստացի չի կարողացել իր այդ պատասխանատվությունը կատարել: Պատճառները տարբեր կարող են լինել, գուցե չեն ցանկացել, գուցե լրիվ այլ շահեր են ունեցել: Ամեն դեպքում այս հարցը, ինչպես նաեւ մեր բռնի տեղահանությունը, ռուսների տիրույթում է: Արցախի առաջնորդների՝ պատանդ լինելու պատասխանատվությունը թե՛ ռուսական կողմի եւ թե՛ տարբեր դրվագներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի վրա է: Ամեն մեկն էլ իր մասով կրում է պատասխանատվություն: Ամեն բան պետք է անեն՝ հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ: Այս հարցը պետք է դիտարկենք նաեւ մեր պրիզմայով: ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրի՝ տարբեր եղանակներով, գործընկերների հետ բանակցի, որպեսզի բոլոր պատանդներն անխտիր ազատության մեջ հայտնվեն, ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարները, այլեւ այն տղաները, ովքեր ավելի վաղ գերության մեջ էին հայտնվել:

Վերջին ամիսներին շատ է խոսվում արցախահայերի՝ Արցախ վերադարձի մասին: Ասվում է, որ միջազգային երաշխավորների առկայության դեպքում արցախցիների մուտքն Արցախ կարող է լինել ապահով: Արցախում հյուպատոսարանների առկայության մասին է խոսվում նաեւ եւ այլն: Ո՞ր դեպքում արցախցիները կարող են վերադառնալ Արցախ: Փաստացի, ՌԴն այդ առումով վստահելի չէ:

– Խոշոր առումով՝ ոչ ոք վստահելի չէ: Այո, ՌԴ-ն պաշտոնապես արցախցիների անվտանգության պատասխանատուն էր, որը ձախողեց իր առջեւ դրված խնդիրը: Բայց ԵՄ-ն ու հատկապես ԱՄՆ-ն ունեն բավարար քաղաքական լծակներ՝ իրավիճակը կանխելու համար: Նրանք էլ կարող էին շրջափակումը կանխել, կանխել նաեւ հետագա վատթար զարգացումը, բայց չարեցին նման բան: Բոլորն առաջնորդվել են կարճաժամկետ աշխարհաքաղաքական շահերով՝ ոտնահարելով մարդու իրավունքները: Արցախ վերադառնալ հնարավոր կլինի այն դեպքում, երբ լինեն միջազգային կոլեկտիվ երաշխիքներ, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից կոլեկտիվ պատասխանատվություն ստանձնելու դեպքում: Միջամտելով որոշ գործիքակազմեր, ընդհուպ՝ ռազմական: Պետք է ապահովեն երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ, եւ Ադրբեջանի  ռազմական եւ վարչական տիրապետության բացառում լինի: Արցախի ժողովրդի կամ ինքնիշխանության արդյունքում կամ միջազգային ադմինիստրացիայի ապահովման դեպքում կարող է այս ամենն իրատեսական լինել: Ի դեպ, ժամանակին նման օրինակ եղել է Կոսովոյում, մինչեւ հարցի վերջնական կարգավորումը: ՀՀ-ի հետ անքակտելի երաշխավորված կապ է անհրաժեշտ, ինչպես նաեւ՝ կոնկրետ որոշ տարածքների ապառազմականացում, Ադրբեջանում հայատյացության համակարգի իսպառ բացակայություն է նաեւ հարկավոր, որն էլ Ադրբեջանի բոլոր հանցագործությունների պատճառն է՝ 80-ականներից սկսած: Մնացած բոլոր դեպքերում ուղղակի այդ ամենը կարող ենք անիմաստ զրույցներ դիտարկել: Տպավորություն է, թե որոշ մարդիկ Արցախ վերադարձի մասին խոսում են՝ ուղղակի թեման չանտեսելու եւ ժամանակ ձգելու համար, բայց ժամանակը վերադարձի օգտին չէ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031