Լրահոս
Օրվա լրահոսը

Հեյդար Ալիեւն ու Պուտինն ունեցել են անձնական հարաբերություններ, Հեյդարն աջակցում էր Պուտինին, նրանք նույն կանտորայից են դուրս եկել. Տարասով. «Հրապարակ»

Օգոստոս 21,2024 10:13

Զրուցել ենք ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

– Պուտինը հայտարարեց, որ Փաշինյանին կպատմի, թե ինչ է քննարկել Ալիեւի հետ: Ի՞նչ է նշանակում Պուտինի այդ հայտարարությունը:

– Ինչպես գիտեք, 2020 թ․ նոյեմբերին ստորագրվել է համաձայնագիր՝ արցախյան երկրորդ պատերազմը կանգնեցնելու մասին: Անցել է չորս տարի, եւ այդ համաձայնությունը դիվանագիտական զարգացում չի ստացել, այդ շիզոֆրենիկ բանակցությունները՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, ամբողջությամբ անհասկանալի ֆորմատ՝ սահմանազատման եւ սահմանագծման մասով՝ փոխվարչապետների մակարդակով, 4 տարի ոչինչ չկա: Դա լարվածության պոտենցիալ օջախ է այս տարածաշրջանում, որը պարզ է, որ Մոսկվային ձեռնտու չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը բեկում է իրականացնում Անդրկովկասից դեպի Մերձավոր Արեւելք, եւ, բնականաբար, անհրաժեշտ է բացասական տենդենցները լիկվիդացնել: Հայաստանը դուրս հանեց Մոսկվային բանակցային գործընթացից՝ որպես միջնորդ, Ադրբեջանը գնաց դրան․ Բրյուսելում, Վաշինգտոնում եւ նույնիսկ Բեռլինում բանակցություններ վարեցին, բայց դա ոչ մի արդյունք չի տալիս: Ես կարծում եմ, որ Պուտինն էլ է առաջարկել՝ վերադառնալ մոսկովյան հարթակ՝ այն պայմաններին, որոնք մշակվել էին ռուս դիվանագետների կողմից, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի: Ամեն դեպքում, Զախարովայի վերջին հայտարարությունը, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել Ալիեւին եւ Փաշինյանին՝ բանակցությունների եւ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, նշանակում է, որ դրա հետեւում կան ձեռք բերված պայմանավորվածություններ: Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարությանն այն մասին, թե նա տեղյակ կպահի Երեւանին՝ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ապա դա նորմալ է: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, դեռ դուրս չի եկել այս միությունից, Եվրասիական միության անդամ է, այս միավորումից եւս դուրս չի եկել: Բոլոր ֆորմալ նշանները խոսում են այն մասին, որ Հայաստանը չի կորցրել Ռուսաստանի գործընկերոջ եւ դաշնակցի ստատուսը: Չնայած Արեւմուտքի կողմ է թեքվել, հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ն, մասնակցել զորավարժություններին եւ այլն: Դա ստեղծում է տագնապային ֆոն, որ իրավիճակը բալանսավորվում է Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման ֆոնին, ամեն ինչ հարթ չէ սահմանապահների հետ՝ «Զվարթնոցից» ռուս սահմանապահները գնացին, մնացին Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանին՝ 4.5 հազար հոգի, հայ-ադրբեջանական սահմանը ռուս սահմանապահների կողմից չի հսկվում, հեռանկարում շատ հնարավոր է, որ ռուս սահմանապահների ստատուսը ռեւիզիայի ենթարկվի ՀՀ իշխանությունների կողմից։ Այնպես որ՝ Հայաստանը փաստացի հայտնվում է գեոպոլիտիկ մեկուսացման մեջ․ չկա պայմանագիր Ադրբեջանի հետ, լարված են հարաբերություններն Իրանի հետ, որովհետեւ Իրանին դուր չի գալիս Երեւանի եւ Արեւմուտքի հարաբերությունների դինամիկան, Թուրքիայի հետ ոչինչ չի ստացվում, չնայած հատուկ ներկայացուցիչներն ինչ-որ բանի մասին պայմանավորվում են, բայց թուրքերն ասում են՝ իրենք չեն ստորագրելու Հայաստանի հետ որեւէ համաձայնություն, քանի դեռ Ադրբեջանի հետ պայմանագիր չկա կնքված: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի պոտենցիալ գործընկերներին՝ Արեւմուտքին, ԵՄ-ին, ապա նրանք շատ հեռու են եւ բացի դեկլարատիվ հայտարարություններից ու ինչ-որ խղճուկ ֆինանսական օգնությունից եւ հնարավոր է՝ ինչ-որ ռազմական պոդաչաներից բացի Հայաստանին ավելին չեն կարող առաջարկել: Իսկ այս տարածաշրջանում ամեն ինչ սահմանում է այն պետությունը կամ ստրուկտուրան, որն ունի իրական ուժ ու հնարավորություններ՝ ձեւավորելու իրերի ընթացքը: Դեռեւս նման ստրուկտուրա, նման պետություն է Ռուսաստանը: Թուրքիայի ազդեցությունը, հաշվի առնելով հիմա նոր ակտոր լինելը՝ ադրբեջանա-իրանական հարաբերություններում, հատկապես որ Իրանում նախագահական ընտրություններում հաղթեց էթնիկ ադրբեջանցի, դա նոր հորիզոններ է բացում: Ի դեպ, հետագայում դա կարող է նշանակել Բաքվի եւ Անկարայի փոխհարաբերություններում ճաքերի առաջացում, եւ այստեղ Ալիեւի խաղը բավականին բարդ է: Նա կարող է առաջնորդել թյուրքական աշխարհը, ոչ թե՝ Անկարան, նա կարող է դառնալ կովկասյան Էրդողան: Այստեղ բացվում են բազմաթիվ սցենարներ ու հնարավորություններ, եւ դրա համար էլ Պուտինի եւ Ալիեւի բանակցությունները կրում են շատ լուրջ ռազմավարական հեռանկարային բնույթ:

– Ուզում եք ասել, որ Ալիեւն Էրդողանի ամբիցիանե՞րն ունի:

– Իհարկե, պոտենցիալ առումով Ադրբեջանը շատ հարուստ է, այն նավթ ունի, այլ աղբյուրներ: Ռուսական կայսրությունից, Սովետական Միությունից Ադրբեջանին մնացին շատ ուժեղ զարգացած գիտություն, համալսարաններ եւ այլն: Երբ կործանվեց Սովետական Միությունը, ու ադրբեջանցի մտավորականությունը շտապեց մեկնել Ստամբուլ, կարծելով, թե այնտեղ է իրենց համար արեւը դուրս գալիս, այնտեղ պարզեցին, որ իրենց զարգացմամբ առաջ են ընկել թուրքական ինտելեկտուալ շրջանակներից: Թուրքերը նրանց զգուշորեն են վերաբերվում, չնայած որ հայտարարում են «մեկ ազգ՝ երկու պետություն», իրականում նրանց հարաբերություններում ամեն ինչ չէ, որ պարզ է ու հստակ:

– Պուտինը ծաղկեպսակ դրեց ոչ միայն Հեյդար Ալիեւի հուշարձանի մոտ, այլեւ Արցախն օկուպացնելու ժամանակ զոհված «ասկյարների հուշարձանին»: Ձեզ համար վիրավորական չէ՞, եթե հաշվի առնենք, որ ռուս զինվորականներ ու խաղաղապահներ էլ են սպանվել Արցախում եւ Հայաստանում՝ նույն ասկյարների կողմից:

– Գիտեք, ես հասկանում եմ Ձեր զգացմունքները, բայց պիտի ասեմ, որ Հեյդար Ալիեւն ու Պուտինն ունեցել են անձնական հարաբերություններ, Հեյդար Ալիեւն աջակցում էր Պուտինին, նրանք նույն կանտորայից են դուրս եկել՝ հետախուզությունից. Ալիեւը ժամանակին լինելով Սովետական Ադրբեջանի ազգային անվտանգության՝ ԿԳԲ-ի ղեկավարը, ղեկավարում էր Մերձավոր Արեւելքում ամբողջ Սովետմիության հետախուզությունը: Ալիեւը կարող էր գլխավորել Սովետական Միության կառավարությունը՝ փլուզումից առաջ, եւ հնարավոր է, որ Անդրոպովի ստրուկտուրան, որին ինքը պատկանում էր, կարողանար իսկապես թույլ չտալ ԽՍՀՄ-ի փլուզումը: Եվ այն, որ նա Գորբաչովի կողմից ուղղակի շպրտվեց լուսանցքից դուրս, հետո հայտնվեց Նախիջեւանում, հետո՝ Բաքու, դա, ինչպես ասում են, լավ կյանքից չէր. հետո՝ Սովետական Միության զորքերի մուտք Բաքու եւ այլն, դրանք շատ բարդ իրավիճակներ էին, պրովոկացիոն էին: Ռուսական կողմի համար դա պրոտոկոլ է, ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանը ներառել է դա դիվանագիտական պրոտոկոլի մեջ՝ պետական այցերի ժամանակ: Ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլեւ մյուս ղեկավարները, եթե նկատել եք, որպես կանոն, ծաղկեպսակ են դնում Ալիեւի հուշարձանին եւ այդ մեմորիալին: Եվ մենք որոշեցինք չկոտրել այդ պրոտոկոլը: Ուրիշ հարց է ներքին գնահատականը՝ ռուսների հետ կապված այդ իրադարձությունները, այն չափազանց բարդ հարց է:

Հայկա Ալոյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031