Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ինչո՞ւ հիշեց 2020-ի հայտարարության մասին

Օգոստոս 21,2024 10:00

Եթե ստորագրվում է փաստաթուղթ, որը բաղկացած է 9 կետերից՝ նշանակում է, որ այդ փաստաթուղթը մի ամբողջականություն է, որի կետերը փոխկապակցված են: Դա կարելի է ցույց տալ պարզունակ օրինակով: Մեր միջեւ կա պայմանագիր, որ դու ինձ տալիս ես 2 կիլոգրամ խնձոր, իսկ ես քեզ՝ 1000 դրամ: Բայց եթե դու ինձ չես տվել պայմանավորված խնձորը, ապա իրավունք չունես պահանջելու դրամը:

Նույնը, բնականաբար, միջազգային փաստաթղթերում: Ռուսական կողմը տապալել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրեն վերաբերող կետերը՝ թույլ է տվել Լաչինի միջանցքի փակումը, չի ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը: Իսկ հիմա ՌԴ արտգործնախարար Լավրովը հանկարծ հիշել է նույն եռակողմ հայտարարությունը եւ հարցնում է՝ բա ինչ եղավ Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհի ապաշրջափակումը, որը նախատեսված է հայտարարության 9-րդ կետով:

Փորձառու դիվանագետ լինելով, նա, իհարկե, շատ լավ գիտի, որ եթե չեն գործում մնացած կետերը, ապա չի կարող գործել նաեւ 9-րդ կետը: Պարզապես նրան պետք էր Բաքվում Հայաստանի վրա «մուննաթ գալ»՝ «սաբոտաժ են անում»:

Ես, իհարկե, ՀՀ իշխանությունների փաստաբանը չեմ, բայց տվյալ դեպքում կարող եմ ասել՝ լավ են անում, եւ այդ առումով համաձայն եմ նաեւ մեր ԱԳՆ-ի հայտարարության հետ: Դեկտեմբերի 9-ի փաստաթուղթն այլեւս ոչ իրավական, ոչ քաղաքական առումով գոյություն չունի: Դա արդեն պատմություն է:

Ուրիշ հարց, որ մեր դիվանագիտության եւ, մեծ հաշվով, պետության խեղճությունը նրանում է, որ այդ խնդիրը, այսինքն՝ մեր երկրի տարածքով կոմունիկացիաների հարցը քննարկվում է առանց մեզ:

Ինձ թվում է, հիմա կարեւորագույն խնդիր պետք է լինի՝ ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ այդ հարցը կկարողանան քննարկել բոլոր շահագրգիռ կողմերը (իհարկե, Ռուսաստանը ներառյալ): Բայց դա առանձին խնդիր է, եւ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության հետ որեւէ կապ չունի: Այդ փաստաթղթի մասին կարելի է մոռանալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Բերձորի միջանցքի եւ Արցախի բնակչութեան անվտանգութեան ապահովման վերաբերող, Ռուսաստանի աններելի թերացումներուն շարքին, նշենք նաեւ որ սոյն Ռուսաստանը նաեւ հանգստօրէն թողեց որ թրքական կողմը չգործադրէ այն էական, նախնական պարտաւորութիւնը, զորս գրուած է՝ Ռուսաստանի հովանաւորած եւ ստորագրած այդ փաստաթուղթին թիւ 8 յօդուածին մէջ. զորս հայկական կողմը անմիջապէս յարգեց ու կատարեց, վստահելով եւ ապաւինելով՝ Ռուսաստանին:

    Ինչ կերպով ալ որ որոշ յանգումի մը հասնի Անդրկովկասի հայերին վիճակուած ընթացիկ անասելի աղէտը, Ռուսաստանը վերջնականապէս կորսնցուց իրեն հանդէպ տարրական իսկ յարգանքը, համակրանքը կամ վստահութիւնը՝ ոեւէ հայի, որ խելք ունի, եւ որ անձնական շահագրգռութիւն չունի այս նիւթին մէջ:

    Եւ այո, սրանից օգտւում է Փաշինյանը: Բայց ի՞նչ անենք… Մինչեւ ե՞րբ ամբողջ հայկական երկիր մը շփոթենք, նոյնացնենք՝ մէկ անձի մը հետ: Ի շահ եւ ի հրճուանք սոյն երկրի արտաքին թշնամիներին:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Սարգիս Զեյթունյան says:

    “Դեկտեմբերի 9-ի փաստաթուղթն այլեւս ոչ իրավական, ոչ քաղաքական առումով գոյություն չունի: Դա արդեն պատմություն է:”
    Համաձայն չեմ: Այդ փաստաթուղթը գոյություն ունի այնքանով, որքանով պետք է այն ստորագրած երկու երկրներին՝ իրենց շահերը հետապնդելու և Նիկոլ Փաշինյանին՝ իր իշխանությունը պահելու համար: Ուրիշներին մեղադրելը, առավելևս բարոյականության հիմքի վրա, անիմաստ է. մենք այդ դասերը պիտի որ անցած լինեինք: Մեր պաշտոնական հայտարարությունները ողջունելն ավելի քան անիմաստ ու, կներեք, միամիտ է, որովհետև իշխանությունների բազմաթիվ սխալների պատճառով անդառնալիության կետն անցել ենք, և ինչպես դուք եք ասում նախորդ խմբագրականում, այդ սխալները բերել ու բերելու են կորուստների:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031