Լրահոս
Օրվա լրահոսը

Մատուցում՝ գնացքներով ու դրոններով․ Գյումրին շարունակում է զարմացնել զբոսաշրջիկներին

Օգոստոս 20,2024 23:40

Գյումրու պատմական միջուկում՝ «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում գտնվող «Արաքս» հյուրանոցառեստորանային համալիրում (հասցեն՝ Շիրազի 25) զբոսաշրջությունը զարգացնելու յուրօրինակ ձև են մշակել․ մատուցման ավանդական մեթոդները համադրել են ժամանակակից տեխնոլոգիաներով։

Շատերն են հատուկ գալիս Գյումրի՝ «Գյումրի էքսպրես» ռեստորան այցելելու ու տեսնելու, թե ինչպես է փակ սրահում իրենց պատվերը տեղ հասնում գնացքներով, իսկ բացօթյա սրահում՝ դրոններով։

«Արաքս» հյուրանոցառեստորանային համալիրի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն ասում է՝ զբոսաշրջիկին իր կոլորիտով ներկայացող Գյումրիին նոր երանգ են հաղորդել, հյուրերին գրավելու նպատակով են նորարարությունների դիմել։

Ըստ նրա, Գյումրիի հյուրանոցները, հյուրատները, ռեստորանները սկսել են ընդօրինակել միմյանց, իսկ իրենք որոշել են տարբերվել, ավելի ստեղծագործ ու ժամանակակից լինել․ հին Գյումրվա ճարտարապետությունն ու ավանդույթները պահպանելով՝ օգտագործել են ժամանակակից տեխնոլոգիաները։

«Առանց չափազանցության պիտի ասենք, որ աշխարհում չկա այդպիսի ռեստորան, գոնե մենք չգիտենք այդպիսին, որտեղ սպասարկումն իրականացվում է օդի միջոցով՝ դրոններով։

Եթե մեր ռեստորանի փակ սրահի կոնցեպտն աշխարհում քիչ թե շատ հայտնի է․ այնտեղ գնացքներն են ուտելիքները տանում-բերում․ չնայած որ Հայաստանում առաջինն է, բացօթյա սրահում դրոններով սպասարկումը կարելի է ասել՝ աշխարհում առաջիններից է։

«Արաքս» հյուրանոցային համալիրը որդեգրել է տուրիստներին ներկայանալու կրեատիվ միջոց, որպեսզի կարողանա տարբերվել, որպեսզի կարողանա ոչ թե մրցակցել տեղի այլ սպասարկող օբյեկտների հետ և հաճախորդ տանել նրանցից, այլ սեփական նոր գաղափարներով, լուծումներով լրացուցիչ տուրիստական հոսքեր ապահովել Գյումրի։

Կարելի է ասել՝ դա մեզ մոտ ստացվել է, քանի որ «Գյումրի էքսպրես» ռեստորանը դարձել է քաղաքի այցեքարտերից մեկը․ մարդիկ, երբ գալիս են Գյումրի, պարտադիր այցելում են այստեղ»,- հպարտությամբ նշում է Վարդան Սրտաշյանը։

Նա նաև հավելում է՝ մատուցման ստեղծագործական ձևից բացի, գրավիչ է նաև խոհանոցը․ հայկական խոհանոցը համադրել են եվրոպականի, հատկապես իտալականի հետ՝ ստանալով խիստ տարբերվող, չկրկնվող ուտեստներ։

«Դրանք մեր քիմքին հարմար, բայց նոր տարրեր են պարունակում, հայկականը համադրել ենք իտալականի հետ, եթե օրինակ՝ իտալականում կան բազմաթիվ կերակրատեսակներ, որոնք պատրաստվում են սաղմոնով,մենք սաղմոնի փոխարեն օգտագործում ենք հայկական իշխան, Սևանի սիգ։ Ինչպես մեր ճարտարապետությունն է համադրված ժամանակակից տեխնոլոգիաներով, այնպես էլ կերակրատեսակները։ Մեր ազգային բաղադրատոմսերը համադրել ենք եվրոպական խոհանոցի հետ, խոհարարական ժամանակակից տեխնիկաների օգտագործմամբ՝ ստանալով նոր լուծումներ նաև սննդի ոլորտում»։

Մեր զրուցակիցը պատմում է, երբ սկզբում խոսվել է այն մասին, որ «Գյումրի էքսպրես» ռեստորանում մատուցումն իրականացվում է գնացքներով, մարդիկ չեն պատկերացրել խոսքն ինչի մասին է։ Կարճ ժամանակ անց մատուցման այս նոր, յուրօրինակ հնարանքը տարբեր զբոսաշրջիկների է բերել Գյումրի։ Մատուցման ստեղծարար, նոր մեթոդը բերնեբերան է անցնել, տպավորությունները մեկը մյուսին փոխանցելով՝ մեծ տարածում է գտել, արդյունքում ռեստորանը դարձել է ամենահայտնիներից։

«Պատկերացրեք անգամ գովազդի վրա գումար չենք ծախսել, մեր ռեստորանը դարձել է ամենապահանջվածը՝ մարդկանց էմոցիաները մեկը մյուսին փոխանցելու շնորհիվ։

Աշխատում ենք մոտավորապես 6-7 ամիս, չկա որևէ գյումրեցի, որ չիմանա այս հասցեն։ Հայաստանում ևս հայտնի ենք, շատերն իրենց հյուրերին՝ դրսից եկած բարեկամներին, պարտադիր, գոնե մեկ անգամ բերում են մեր մոտ, չնայած որ մի անգամ այցելողը կարծես դառնում է մշտական այցելու։

Մի անգամ 5-6 հոգանոց մի խմբով՝ 60-70 տարեկան մարդիկ էին եկել ռեստորան, անհամբեր սպասում էին գնացքին, երբ գնացքը մոտեցավ իրենց սեղանին, նրանք հուզմունքով սկսեցին ծափահարել։ Հետագայում պարզվեց, որ այդ մարդիկ իրենց կյանքի մեծ մասը նվիրել են երկաթուղային կայարանի աշխատանքին, և գնացքները իրենց շատ հոգեհարազատ են։

Առավել ևս, որ մեր գնացքները նույն սկզբունքով են աշխատում, ինչ իրական կյանքում․ ռելսերի տեղափոխությունը, ռելսերը կարգավորող լուսացույցերի աշխատանքը նույնն են։ Այնպես որ մարդկանց շատ հաճելի է, որ գնացքները իրական մոդելներ են, շատ հայտնի գերմանական ֆիրմայի արտադրության են։ Եթե մի փոքր մանկական երևակայություն ունենա մեծահասակ մարդը, նրան կթվա, թե նա հայտնվել է հեքիաթում», -ասում է մեր զրուցակիցը։

Նկատենք, սակայն, գնացքը միակը չէ, որն աչքի է ընկնում «Գյումրի էքսպրես» ռեստորանում․ վերջինս տարբերվում է իր ճարտարապետական տեսքով, այստեղ վերարտադրել են հին Գյումրվա կոլորիտը․ Գյումրու մեջ մի նոր Գյումրի են ստեղծել։

Ներքին հարդարման աշխատանքներում օգտագործել են Գյումրվա հին, սև տուֆը՝ այնպիսի տպավորություն ստեղծելով՝ կարծես շենքի մեջ շենք լինի։

Գյումրին զբոսաշրջիկներին ներկայանալի դարձնելու նպատակով ռեստորանում տեղադրել են Գյումրու քաղաքապետարանի շենքի փոքրիկ մակետը, իսկ պատին երկաթգծի կայարանի քարից փորագրված շենքի մակետն է՝ զարդանախշերի կրկնօրինակմամբ։

«Մարդիկ, երբ մտնում են «Գյումրի էքսպրես» ռեստորան, նրանց մոտ զգացողություն է առաջանում, որ գտնվում են և՛ անցյալում, և՛ ներկայում, և՛ ապագայում։

Գիտեք, որ հին Գյումրվա ճարտարապետությունը հայտնի է սև տուֆով։ Սև տուֆի այն հանքը, որից մոտ մեկ դար առաջ օգտվել են գյումրեցիները, կարծես այսօր սպառվել է։ Խոսքը գնում է Մայիսյանի և Բյուրակնի նախկին հանքերի մասին։ Ներկա պահին շուկայում վաճառվող սև տուֆը փորձեցինք օգտագործել, սակայն այն իր որակով շատ տարբերվում էր հնից, դրա համար հատուկ գտել ենք հանքատիրոջը, ծանր աշխատանքների արդյունքում մեր համար հատուկ քար են բերել։ Մենք օգտագործել ենք սև, մուգ քարը, որը օգտագործել են գյումրեցի վարպետները՝ Գյումրիի շենքերը կառուցելու համար», -պատմեց Վարդան Սրտաշյանը։

«Գյումր էքսպրես» ռեստորանի փակ սրահից բացի, մեծ ներդրում է կատարվել բացօթյա սրահում։ Ինչպես բնութագրում է Վարդան Սրտաշյանը, Գյումրու սրտում հյուրերին այս քաղաք կանչող նոր հասցե է ստեղծվել։ Բացօթյա տարածքը եղել է անբարեկարգ, մեծ աշխատանքներ են տարվել այնտեղ, մինչև որ վերածվել է հմայիչ, շքեղ մի վայրի։ Այն նաև մշակութային հասցե է, որտեղ գալիս են, ազգային երգեր վայելում։

«Մարդիկ էլ, գնահատելով այդ շքեղ հմայքը, տեղում անգամ մեծ հարսանյաց արարողություններ են անցկացնում։ Մենք ունենք երաժշտական լավ ավանդույթներ, ժողովրդական ուղղվածություն ունեցող մեր սեփական երաժշտական բենդը, որը կոչվում է « Արաքս ֆոլկ բենդ»։ Եվ մարդիկ գալիս են մեր մոտ՝ առավելագույնն օգտվելով մեր ծառայություններից, այսինքն՝ շքեղ ճարտարապետություն, կրեատիվ լուծումներ, համեղ խոհանոց և նրբաճաշակ երաժշտություն»։

«Արաքս» հյուրանոցը նորանկախ Հայաստանի առաջին խոշոր ներդրումներից է․ այն կառուցված է Գյումրվա ճարտարապետությամբ, բայց ԽՍՀՄ ճոխությամբ։

Հյուրանոցի սենյակների առաստաղները շատ բարձր են, սպասասրահը (ֆոյեն) մեծ է, ինչը հյուրերին շատ է գրավում։

Ըստ Վարդան Սրտաշյանի, չկաղապարված լինելու զգացումն է մարդկանց բերում «Արաքս» հյուրանոց, որը գտնվում է քաղաքի պատմական միջուկում՝ կենտրոնական Վարդանանց հրապարակի հարևանությամբ։

Այն հյուրերին գրավում է նաև իր մատչելի գներով։

«Մենք որդեգրել ենք բոլորին հասանելի լինելու կարգախոսը և աշխատում ենք ոչ թե «քիչ հյուրեր, բարձր գներ» տրամաբանությամբ, այլ շատ մարդկանց ենք ընդունում ու բոլորին մատչելի գներով մատուցում ենք որակյալ ծառայություններ», -ասում է գործադիր տնօրենը։

Ի դեպ, «Արաքսը» Գյումրու հյուրանոցների մեջ կլինի առաջինը, որը երկու ամսից կունենա փակ լողավազան։ Այն հյուրերի համար, բնականաբար, կլինի անվճար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Տոնոյան says:

    Գյումրին Անգին քարն է Հայաստանի

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031