Լրահոս
Օրվա լրահոսը

Քարը կիսվեց, վատ հույզերը կրակի տվեցին, փշալարի կտորները պահվեցին՝ Արցախն ազատագրելուց հետո թաղելու համար

Օգոստոս 20,2024 23:25

Սիսիանում՝ Զորաց քարերի մոտակայքում՝ «Էպիկենտրոն» արվեստ լաբորատորիայում բացվեց ճանաչված արվեստագետ, «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանի «Աշխատել Ազատագրման համար» Արցախի և Կիպրոսի նշանակության քանդակը՝ պատրաստված Աղավնոյից բերված քարով։ Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ծնվել գաղափարը, որը նաեւ ընդհանրություններն է ընդգծում Արցախի ու Կիպրոսի ճակատագրերի:

Աշոտ Ավագյանը հիշեցրեց, որ սա «Ռեւանշ լինելու է» շարքի հինգերորդ պերֆորմանսն է. «Սա այդ շարքից է, ես քարեր էի բերել Աղավնոյից, մեկը անցյալ տարի ինստալյացիա ենք արել, որը վերաբերվում էր Արցախի զավթմանը, այս տարի էլ փորձեցինք ազատագրման հետ կապել: Մենք եւ հույները՝ Կիպրոսը նույն ճակատագրերն ունենք, մեր երկրները բռնազավթված են, բայց կա մարդկանց մի փոքր խումբ, որը չի հաշտվում այդ մտքի հետ, եւ վստահ եմ, որ նույն կերպ մտածողներ կան նաեւ հույների մեջ: Դրա համար էլ որոշեցինք այդ երկուսը միացնել իրար, որովհետեւ գաղափարական իմաստով երկուսի պարագայում նույն հիմքն է: Եվ մեր, եւ իրենց դեպքում ըմբոստ մարդկանց ցանկությունը նույնն է: Այդպես ծնվեց ինստալյացիան:Քարը կիսեցինք, երկու մասի բաժանեցինք, որպեսզի եւ Արցախը խորհրդանշեր, եւ Կիպրոսը»:

Արվեստագետը ընդգծեց, որ քանդակի վրա աշխատել է իր աշակերտը՝ Վահե Եղյանը: «Մենք առաջարկեցինք, որ այն փշալարը, որը կապվում էր այդ գաղափարին, որը հետո պետք է բացվի, երբ ազատագրենք Արցախը, ազատագրվի Կիպրոսը, իբրեւ մասունք մասնակիցները կտրեն ու տանեն իրենց հետ՝ որպես գաղափարի մաս, որովհետեւ բոլոր մասնակիցները վստահ են, որ ռեւանշ լինելու է եւ մի օր անպայման ազատագրվելու է բռնազավթված հայրենիքը, եւ այդ փշալարի կտորը իրենք պետք է տանեն Արցախ ու այնտեղ մի տեղ թաղեն: Մենք նաեւ կրակ վառեցինք, ինչու միշտ անում ենք, եւ որոշվեց, որ մասնակիցները պատերազմից հետո ունեցած բոլոր բացասական հույզերը, որոնք ապրել են, նետեն կրակի մեջ, այրեն: Այս ամենը միտված է ապագային, բայց ոչ այն հայտնի ապագային (ՔՊ-ի կարգախոս «ապագա կա» -ին,-Գ.Հ) »:

Աշոտ Ավագյանի ձեւակերպմամբ, իրականում արվեստը արվեստի համար չէ, բայց արվեստագետներն էլ այս ժողովրդի մաս են կազմում, այնպիսին են, ինչպիսին ժողովուրդն է՝ մի մասը լռում է, մի մասը քծնում է, բայց կա նաեւ մի փոքր մաս, որը չի լռում:

Մեր դիտարկմանը, որ ի վերջո, բոլոր ժամանակներում էլ որակյալ փոքրամասնությունն է եղանակ փոխում, Աշոտ Ավագյանն այսպես արձագանքեց. «Միշտ էլ որակյալ փոքրամասնությունն է որոշում եւ ի կատար ածում ցանկացած բան՝ բոլոր ասպարեզներում…Ես նման հավակնություններ չունեմ, ինձ համար ապրում եմ գյուղում, սարերում, իմ գործն եմ անում: Նույնիսկ չգիտեմ՝ դա լավ է, վատ է, ըմբոստություն է, թե ոչ…Ուղղակի սա իմ հայրենիքին է, ես մնացել եմ այս հողի վրա՝ ի տարբերություն շատերի…»: Մեր հարցին՝ ինչպես ինքն է ասում իր պերֆորմանսներում՝ ռեւանշ լինելո՞ւ է, Աշոտ Ավագյանն այսպես պատասխանեց. «Ռեւանշ ոչ միայն լինելու է, այլեւ մեզանից է կախված, ամենքիցս…Յուրաքանչյուրս իր աշխատանքում ռեւանշի իրագործման համար պետք է քայլեր անի, հետո երբ այդ ամենը հավաքվի, կուտակվի մի տեղ, կպայթի ռեւանշը…100-130 տարի առաջ որոշակի տղերք ասել են՝ հարատեւ պայքար, եթե ուզում ես այս արեւի տակ ու այս տարածքում ապրել, ուրեմն պետք է հասկանաս տարածքի տրամաբանությունը եւ ըստ դրա, եթե որոշել ես՝ այստեղ ապրել , գաղթական չդառնալ եւ չձուլվես, ինքնությունդ պահել, ուրեմն պետք է պայքարես, պայքարը հարատեւ է, ամեն օր»:

«Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի ու Ակն ընդ ականի վավերագրողների համայնքով էին կազմակերպել միջոցառումը: Կիպրոսի բռնազավթման 50-րդ տարին է լրանում, այդ շրջանակում նաեւ Կիպրոսին նվիրված մի քանի միջոցառումներ ենք կազմակերպել, մասնավորապես ՀԲԸՄ-ում ցուցադրել ենք Միքայել Կակոյանիսի «Կիպրոսի լլկանքը» վավերագրական ֆիլմը՝ 50 տարի առաջ Թուրքիայի կողմից Կիպրոսի զավթման մասին: Հիմնական գաղափարն այն է, որ մենք հասկանանք, որ այս տարածաշրջանում տեղի ունեցող աղետները ուղղված են ոչ միայն հայերի դեմ, այլ դա ընդհանուր ֆաշիստական, բարբարոսական ծրագիր է, ուրիշին չընդունելու, ատելու խառնվածք ունի, որն իրականացնում է Թուրքիան»,-ասաց Ակն ընդ ական վավերագրողների համայնքի նախագահ, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը: Հավելեց, որ Կիպրոսի դեսպանությունից հայտնել են իրենց աջակցությունը միջոցառման առիթով եւ ողջույնի խոսքն ուղարկել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Հովհաննես Իշխանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031