Գյումրիում երկու ամիս ամուսնու հարազատների հետ ապրելուց հետո արցախցի Իրինան դուստրերի հետ տեղափոխվել է Արտաշատ՝ ծնողների մոտ։ Զինվորական ամուսինը զոհվել է, կինը մանկահասակ երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան։ Արցախից հագուստից բացի ոչինչ բերել չեն կարողացել։ Այստեղ օգնել են ամեն ինչով․․․
Մասնագիտությամբ բանասեր Իրինա Հարությունյանը կյանքին արդեն փիլիսոփայորեն է վերաբերում։ Ծնունդով Ստեփանակերտից է։ Ավարտել է Մեսրոպ Մաշտոց համալսարանը, մասնագիտությամբ աշխատանք գտնել չի հաջողվել, այլ ասպարեզում աշխատել չի ստացվել։
Կյանքում շատ դժվարություններ է հաղթահարել՝ ասում է։ Անցյալում երանելի տարիներն են, առջևում՝ միայն անորոշություն։
2016 թվականին հանդիպեց իր երկրորդ կեսին՝ պաշտպանության բանակի սպա Նվեր Ավանեսյանին։
Կարդացեք նաև
«Ամուսնացել ենք 2017-ին։ Ամուսնության 3-րդ ամսից տեղափոխել Հադրութ։ Միասին ապրեցինք 5 տարի։ Ամեն ինչ այնքան շուտ անցավ։ Այդ օրերն իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին։ Նվերը շատ բարի, հոգատար և բնավորությամբ հանգիստ անձնավորություն էր։ Մենք իրար կես խոսքից հասկանում էինք։ Միակ մտահոգությունը երեխա ունենալն ու մեր միությանն ու համատեղ կյանքին նոր շունչ հաղորդելն էր»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է մեկօրյա պատերազմում զոհված սպա Նվեր Ավանեսյանի այրին։
Երկար սպասումից հետո 2020-ին ծնվեց Նվեր և Իրինա ամուսինների առաջնեկը՝ Մարիամը։
«44-օրյա պատերազմի ժամանակ է ծնվել աղջիկս՝ Երևանի Մարգարյան հիվանդանոցում։ Եվ հենց այդ օրը՝ հոկտեմբերի 13-ին ամուսինս վիրավորվեց։ Փառք Աստծո հաջողվեց նրան տեղափոխել Երևան։ Բուժման երկարատև կուրս անցնելուց հետո վերադարձանք Արցախ»։
Պատերազմից հետո համալրված ընտանիքով, երկար սպասված զավակի հետ վերադարձան հայրենիք և որոշեցին նորովի շարունակել կյանքը։
Նորածին Մարիամը դարձել էր սիրող ամուսինների երջանկության առանցքը։
«Անկախ առողջական վիճակից՝ ամուսինս շարունակեց ծառայությունը բանակում։ Նրա նման պատասխանատու և բանիմաց պաշտպանների կարիք հայրենիքն ուներ, ու ես ըմբռնումով մոտեցա նրա՝ ծառայությունը շարունակելու որոշմանը։ Գրեթե միշտ դիրքերում էր, 14 օր էր տանը լինում։ Չնայած պատերազմի թողած ցավալի հետքերի երջանիկ էինք՝ մեր գտած երազով։ Մարիամին Նվերը փայփայում էր, ինչպես կարող էր։ Սիրում էինք երեկոները զբոսնել և հաճախ էինք միասին եկեղեցի գնում։ Նվերը մեծ հավատ ուներ Աստծուն նկատմամբ և ասում էր, որ ամեն ինչի կարելի է Աստծո միջոցով հասնել»,- պատմում է Իրինան։
2022-ին ծնվեց նրանց երկրորդ աղջիկը՝ Անուշիկը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: