Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողօրհնեքը՝ Երազ այգում, ներկաները զարդարեցին Կենաց ծառը Միջոցառմանը միացել էին «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը եւ «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնը

Օգոստոս 20,2024 21:01

Օրերս «Մենք ենք, մեր տոները. Խաղողօրհնեքը Երազ այգում» խորագրով միջոցառում կայացավ: «Երազ» այգում ազգային և քրիստոնեական տոները մշտապես մեծ շուքով են նշվում, ներկայացնելով մեր հայկական մշակույթի և ծեսերի խորհուրդն ու կարևորությունը։ Այս տարի ևս Խաղողօրհնեքը նշվեց ազգային երգ ու պարով, ավանդական ծիսակարգերով և եկեղեցական օրհնության կարգով:

«Այս միջոցառումը Երազ այգու ամենասպասված տոներից է, որն ամեն տարի նշում ենք ազգային շուքով, բոլոր ակտիվություններում ներառելով ազգայինի տարրեր, փորձելով ցույց տալ մեր մշակույթի ու մեր տոների ամբողջ գեղեցկությունն ու յուրահատկությունը։ Ինչու ոչ՝ այս տոնը մեր միասնականության ու մեկ գաղափարի շուրջ համախմբվելու խորհրդանիշ է։

Միասնական շուրջպարին բոլորի մասնակցությունն ու հատկապես երիտասարդների տարեցտարի աճող թիվն էլ ավելի ոգևորիչ է մեզ համար։

Նաև այգում միշտ ունենում ենք զբոսաշրջիկներ և մեզ համար շատ կարևոր է նրանց ներկայացնել մեր մշակույթն ու ավանդույթները նման գեղեցիկ ու յուրահատուկ ձևով», – նշեց «Երազ Փրոջեքթսի» համահիմնադիր Անժելա Պետրոսյանը:

Միջոցառման սկզբում ներկայացվեց Աստվածածնի Վերափոխման տոնի խորհուրդը։ Տեր Տիգրանն անցկացրեց խաղողի օրհնության եկեղեցական կարգը, ապա միջոցառման մասնակիցներին բաժանվեց օրհնված խաղողը։ Տոնակատարությունը շարունակվեց տոնածիսական երգերով, ծիսախաղերով ու պարերով։ Ծիսակարգի վերջում մասնակիցները միասին զարդարեցին կյանքի խորհրդանիշ հանդիսացող Կենաց ծառը:

Միջոցառմանը միացել էին Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը և «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնը։

«Պարտադիր է, որ հատկապես երեխաները մասնակցեն նման միջոցառումների, որովհետև մշակույթը ոչ միայն մենք պահպանում ենք, տարածում ենք, այլ նաև փոխանցում ենք հաջորդ սերնդին։ Նման միջոցառումները, ժողովրդական տոները կարևոր են, որ շղթան շարունակվի, հանկարծ չընդհատվի, հաջորդը իրենք պիտի անեն։ Երազ այգուն մեծ շնորհակալություն ազգայինը կարևորելու, արժևորելու, ամեն տարի հետևողական այս ամենը կազմակերպելու համար, կեցցեն իրենք», – նշեց ազգագրագետ, «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիր Վանուհի Սիմոնյանը։

Աստվածածնին նվիրված ժողովրդական և հոգևոր երգն ուղեկցվեց ջահերի երթով։ Միասին պարեցին «Աստվածածնա» պարը, որը հնում Տիրամոր Վերափոխման տոնին էին պարում։ Միջոցառումն ավարտվեց ավանդական շուրջպարով, համախմբելով միջոցառման բոլոր մասնակիցներին ազգայինի, միևնույն գաղափարի և արժեքների շուրջ։

«Արդեն քանի տարի է «Երազ» այգու հետ համագործակցում ենք Խաղողօրհնեքի տոնին։ Մեր հայկական ավանդական տոները իրականում շատ մեծ նշանակություն ունեն։ Այնքան ուսուցանող են, ամենաառաջինը որ կարող եմ ասել, միասնականության գաղափարն է՝ արժեհամակարգն է, երբ բոլորը մեկ են դառնում, որևէ միջոցառում, տոն իրականություն դարձնելու համար։

Եվ իհարկե, տոների վերապրեցումը ազգային գիտակցության զարթոնքի պես մի բան է։ Երբ կարևորում ես ազգայինը, սկսում ես սիրել քեզ, դրանով ավելի ես ուժեղանում, ավելի ես միասնական դառնում և արժևորում ես ունեցածդ ու սկսում պահպանել», – նշեց Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի համահիմնադիր Լուսինե Մկրտչյանը։

Տոնակատարությունն ուղեկցվեց տիկնիկագործության, կարպետագործության, գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության, խաչբուռ հյուսելու վարպետաց դասերով, ինչպես նաև տեղի ունեցավ օրվա խորհրդանիշ հանդիսացող գինու ցուցադրություն-վաճառք։

 

Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031