Ախուրյան խոշորացված համայնքի մի քանի գյուղեր՝ Հովիտը, Բասենը, Ջրառատը, Կառնուտը, որոնք երբևէ գազաֆիկացված չեն եղել, վերջապես սուբվենցիոն ծրագրով կապույտ վառելիք կունենան։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Ախուրյան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աննման Մինասյանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 660 միլիոն դրամ է, գազաֆիկացումը կիրականացվի երկու փուլով․ առաջին փուլում կանցկացվի մայր գազատարը, որի արժեքը կկազմի 360 միլիոն դրամ, երկրորդ փուլում, որը նախատեսված է իրականացնել 2025 թվականին, վառելիքը մայր գազատարից կհասցնեն 4 գյուղեր։
Երկրորդ փուլում կծախսեն 300 միլիոն դրամ։ Սուբվենցիոն ծրագրի 55 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը, 45 տոկոսը՝ Ախուրյան խոշորացված համայնքը։
Նշենք, որ այս գյուղերում աթար, վառելափայտ, երբեմն էլ քարածուխ են օգտագործում, ընդ որում ոչ միայն ձմռանը, այլ տարվա մյուս եղանակներին։
Բնակիչներն Aravot.am-ի հետ զրույցում մշտապես բողոքում են, որ իրենց գերխնդիրը գազաֆիկացված չլինելն է։
Օրինակ՝ կառնուտցիները նշում են, որ 25 տարի է՝ դիմել են գազաֆիկացման խնդրանքով, բաց միշտ իրենց անտեսել են։ Նախքան խոշորացումը միշտ մերժել են՝ պատճառաբանելով, որ գյուղի բյուջեն այդքան գումար չունի, որ ներդրում անի։ Մինչդեռ, ըստ բնակիչների, գազաֆիկացումը զգալիորեն կփոխի իրենց կյանքը, կօգնի, որ ծախսած գումարի գոնե կեսը կարողանան տնտեսել։
Ըստ կառնուտցիների, գազն իրենց գյուղից ընդամենը 3 կիլոմետր է հեռու։ Բասեն գյուղից ևս նույնքան հեռավորության վրա է․ գազիֆիկացումից զուրկ բասենցիներն արեւային էներգիան են օգտագործում՝ տեղադրելով արեւային ջրատաքացուցիչներ։
«Մեր խելքն ու միտքը գազն է, եթե լինի, ժողովուրդը կփրկվի։ 21-րդ դարն ենք, բայց հեչ չի երեւա, կարծես 18-րդ դարը լինի, ոչ թե 21։ Վերջը պիտի զարգանա՞նք, թե՞ չէ։ Մեզ միշտ ասում են, եթե անգամ գազիֆիկացնեն, քչերը գազ կօգտագործեն, ձեռ չի տա գազիֆիկացնելը, բայց գազը մեր գյուղից ընդամենը 3 կիլոմետր է հեռու, ամոթ չէ՞ գազ չունենանք։ Գազ ունենալով՝ կունենաք լավ-լավ օբյեկտներ, տների 50 տոկոսը հաստատ գազ կօգտագործի, նորմալ ապրող, գումար վաստակող մարդիկ են ապրում մեր գյուղում, մենք պարապ մարդիկ չունենք»,- դժգոհում էին կառնուտցիները:
Վաղը Ախուրյան-Կառնուտ ճանապարհին տեղի կունենա գազաֆիկացման աշխատանքների պաշտոնական հիմնարկեքը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ