Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ռուսաստանի երկու բարձրաստիճան չինովնիկների՝ Շոյգուի եւ Պուտինի, իրար հետեւից այցելությունները Ադրբեջան հենց այնպես չեն կարող լինել»

Օգոստոս 20,2024 19:10

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում իր խոսքն սկսեց միջազգային տարբեր ասպարեզներում հաջող մրցելույթներ ունեցող մարզիկներին շնորհավորելով: «Այսօր մեր մարզիկներն են փոքր-ինչ մեր տրամադրությունը բարձրացնում: Մնացած ոլորտներում տեղի են ունենում ավելի քան տհաճ եւ վտանգավոր զարգացումներ՝ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ:

Ես միշտ էլ ցանկացել եմ, որպեսզի մեր իշխանությունները չմոռանան, որ Հայաստանը ոչ թե մեկուսացած մի կղզի է օվկիանոսում, այլ ընդգրկված է եւ միշտ գտնվում է բավականին թեժ զարգացումներով հագեցած տարածաշրջանում: Հիշեցնեմ, որ 90-ականներին ԱՄՆ ռազմավարության մեջ այսպես կոչված Մերձավոր Արեւելքը ոչ միայն այն Մերձավոր Արեւելքն էր, որը Խորհրդային Միության տարածքից դուրս էր, այլեւ ընդգրկում էր Հարավային Կովկասը, տարածվում էր շատ ավելի դեպի արեւելք: Այս առումով ամեն բան, ինչ տեղի է ունենում այս օրերին՝ լինի Իրանի շուրջ, Ուկրաինա-Ռուսաստան եւ այլն, ես հորդորում եմ մեր իշխանություններին, որ դրանք դիտարկվեն որպես մի շղթայի օղակներ:

Ինչ վերաբերում է Ադրբեջան Պուտինի կատարած այցին, որը տարբեր տեսակի քննարկումների առարկա դարձավ, կարծիքները տարաբնույթ են: Ռուսաստանի երկու բարձրաստիճան չինովնիկների՝ Շոյգուի եւ Պուտինի, իրար հետեւից այցելությունները հենց այնպես չեն կարող լինել: Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանն Ադրբեջանի հետ ունի թե ցամաքային, թե ջրային սահման: Եվ ես համոզված եմ, որ Բաքվում չեն լուծվել զուտ գեղեցիկ ձեւակերպումներով պրոեկտներ: Այնտեղ հաստատ զրույցը շատ ավելի լուրջ հարցերի, մասնավորապես, Իրանի դեմ նոր կոշտ ալիքը կանխելու է կամ մեղմացնելու մասին է եղել, որ ցանկանում էին դարձնել համաշխարհային մասշտաբի կոնֆլիկտ:

Ես գնահատում եմ Իրանի իմաստուն դիվանագիտությունը, որով նա ապացուցեց իր համարժեք լինելը նորագույն մարտահրավերներին: Իրանը ցույց տվեց, որ չի գնալու գրեթե խուլիգանական գործողություններին պատասխանելու, որն Իսրայելը նախաձեռնել էր:

Ես համոզված եմ, որ Պուտին-Ալիեւ կենտրոնական հարցերից մեկը եղել է հենց այդ վտանգավոր լարվածությունը, որը ստեղծվում էր Իրան-Ադրբեջան պետությունների միջեւ: Արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Իսրայելը Ադրբեջանում տեղակայել է այնպիսի զինատեսակներ, որոնք վտանգ են ներկայացնում, մեծ առումով Իրանի համար: Բայց որեւէ մեկը չի կարող ասել, որ դա չի օգտագործվել կամ չի օգտագործվելու Հայաստանի դեմ:

Էլի եմ ասում, որ ես չեմ կարող հավակնել մի բանի, թե ես գիտեմ ամենը, ինչ խոսում են: Բայց կրկնում եմ. չեմ հավատում, որ Կասպից ծովի հետ կապված բոլոր ծրագրերը սահմանափակվում են միայն խաղաղ պրոեկտներով, նավթ տեղափոխելով: Համոզված եմ, որ լուծվում էին բավականին լուրջ ռազմական եւ ռազմավարական խնդիրներ»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Իսկ այս համատեքստում Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, Ռուսաստանին մեջքով կանգնելը գնահատելով՝ իրավապաշտպանը հիշեցրեց հայտնի արտահայտությունը, թե դիվանագիտությունը չի տրված նոր թշնամիներ ձեռք բերելու համար:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031