Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց Ռուսաստանը Ադրբեջանին «համը հանելու» իրավունք տվել է. Հրանուշ Խառատյան

Օգոստոս 20,2024 17:32

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն հանգամանքը, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոշտ ճնշմամբ դիրքորոշվել է «Արևելյան Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին» ձևակերպման նկատմամբ (բռնակցվել է Պարսկաստանին ենթակա Կովկասյան տարածքը, որի կազմում՝ նաև Արևելյան Հայաստանը – Հ․Խ․), ունի նաև ենթատեքստեր։ Վերջին երեսուն տարիներին Ադրբեջանը բազմիցս է գրել և իշխանությունների ամենաբարձր մակարդակով «խոսել» Ռուսաստանին Ադրբեջանի բռնակցման մասին, չնայած 19դ․ սկզբին Ադրբեջանը Ատրպականն էր, իսկ Ատրպատականը չի բռնակցվել Ռուսաստանին։ Բայց Ռուսաստանը Ադրբեջանին սաստելու կամք չունի, ի թիվս այլոց նաև այն պատճառով, որ Ռուսաստանի ոչ միայն արտաքին քաղաքականությունը, այլև ակադեմիական պատմագրությունը շատ վաղուց է սպասարկում ադրբեջանական կեղծարարությունը։ Հիմա «Հայաստանին սաստելով»՝ փաղաքշորեն Ադրբեջանին հուշում է՝ «լավ էլի, տղերք, համը մի հանեք»։

Բայց Ռուսաստանը Ադրբեջանին «համը հանելու» իրավունք տվել է։ Ընդամենը 2022թ. Ռուսաստանի հեղինակավոր «Вопросы истории» պարբերականում հրատարակվել է բառի բուն իմաստով անհեթեթ մի հոդված, որում «ինչպես արդեն հայտնի է» (չի ասվում, թե ում է «հայտնի»-Հ․Խ․) բառակապակցություններով «հայտարարվում է», օրինակ, որ «Առռանի և Ղարաբաղի տարածքները Կովկասյան Աղվանքի պատմա-աշխարհագրական մասեր էին․․․ Ալբանիա պետության սկզբից (մ․թ․ա․ IV—III դդ․) մինչև XIV դ․ (ուրեմն, ըստ հեղինակի, մինչև XIV դ․ Կովկասյան Աղվանք կար-Հ․Խ․)․․․ փաստաթղթերում որևէ հիշատակություն չկա Ղարաբաղում հայ բնակչության ապրելու մասին(հետաքրքիր է՝ ի՞նչ փաստաթղթերի է ծանոթ այս տգետ հեղինակը, դրանց մասին շարադրանքում խոսք չկա-Հ․Խ․)․․․Ղարաբաղի հողերի տարածքներում հնագույն ժամանակներից ապրել են ադրբեջանական ջեվանշիր, քեբերլի, զիյադ օղլու ղաջար, բախարլու և այլ ցեղեր (չի գրում՝ «աղվանների հետ խա՞ռը, զուգահե՞ռ, միասի՞ն, գուցե հենց սրա՞նք էին «աղվանները»-Հ․Խ․)․․․ XVII դ․ Շահ Աբբասը հիմնադրեց «մելիք» տիտղոսը (տես, է, իսկ «տգետ» պատմաբանները վաղուց գիտեն, որ «մելիք» տիտղոսը հարավային Կովկասում առկա էր առնվազն, 13-14դդ․ -ից որպես տեղական ծագումով հատկապես քրիստոնյա հողատեր ֆեոդալների տիտղոս-Հ․Խ․) և ղարաբաղում հայտնվեցին հինգ մելիքություններ․․․ դրանց բնակչությունը թուրքական ցեղեր էին… (այս ապուշությունը, կրկնում եմ, տպագրվել է Ռուսաստանի ) Հետո ստեղծվեց Ղարաբաղի խանությունը․․․ Մելիքները, մոռանալով, որ խանը իրենց հովանավորել է (ե՞րբ է հովանավորել-Հ․Խ․), սկսեցին խանի դեմ ըմբոստանալ ․․․Քաղաքները կառավարում էին խանի աստիճանավորները – քալանթար, կալաբեկ, էսսեսբաշի… (հեղինակը ըստ երևույթին չգիտի, որ Ղարաբաղի խանությունում քաղաքներ չկային, միակ քաղաքը Շուշին էր) ․․․ Ղարաբաղի խանությունը մեծ տարածք էր զբաղեցնում և երբեք հայերի հետ որևէ հարևանություն չի ունեցել (տես է, ) … «Պատմական փաստերը,- սովորեցնում է պատմական փաստերի հետ որևէ, անգամ հեռավոր առնչություն չունեցող այս հեղինակը,- ամենահիմնավոր ապացույցներն են այն բանի, որ ոչ միայն Ղարաբաղի տարածքը, այլ նաև ներկայիս Հայաստանի մեծ մասը իրական ադրբեջանական հողեր են» (М. Аббасова. Карабах — историческая территория Азербайджана, Вопросы истории, 2022, 5(2), էջ 56-67) ։

Ահա «պատմական փաստեր»-ի հետ որևէ առնչություն չունեցող մի անկապ շարադրանք, որը ծայրից ծայր կեղծիք է, բայց հեղինակի ինքնավստահությունը հասկանալի է՝ ում են պետք տեղեկությունների աղբյուրները, երբ առանց դրանց կարելի է գրել՝ ինչ կամենում ես, ոնց կամենում ես, և տպագրվել, քանի որ տպագրում են։ Առավել ևս՝ Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի «Вопросы истории» ամսագրում, որը, ինչպես ներկայացնում է ամսագրի մասին գովազդը, համարվում է «Գիտական մեծ հեղինակությամբ ամսագիր՝ շնորհիվ ռուսական և համաշխարհային պատմության հրատապ պրոբլեմների խոր և անաչառ լուսաբանության։

Ամսագրում տպագրվում են Ռուսաստանի և արտասահմանյան երկրների ականավոր պատմաբաններ» (http://online.eastview.com/projects/voprosy_istorii/ru/)։ «Ականավոր պատմաբան» М. Аббасова-ն այս ամսագրում հրատարակվելու համար, ըստ երևույթին, «անաչառ լինելու», աղբյուրներ փնտրելու կարիք չունի, քանի դեռ հայերին և Հայաստանին է «դուրս անում»։ Բայց հայերին և Հայաստանին «դուրս անելու» իրավունքը նրան տալիս է Ռուսաստանի ազգային ակադեմիան։ Միայն թե դրանից առաջ, ընթացքում և հետո կորցնում է Ադրբեջանին սաստելու կամքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031