Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինն Ալիեւի առաջ պայման է դնում հարձակվել Սյունիքի վրա, որ այսպես կոչված միջանցքը լինի ռուսական վերահսկողության ներքո»․ Արթուր Օսիպյան

Օգոստոս 20,2024 16:32

«Առավոտի» հետ զրուցում Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն անդրադարձավ ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած այցին եւ Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցությունների վերաբերյալ հայտարարություններին։

Արթուր Օսիպյան

Ըստ նրա՝ չի բացառվում, որ Պուտինը որոշել է Կուրսկի պատասխանն Արևմուտքին տալ՝ Հարավային Կովկասը լիակատար իր վերահսկողության տակ վերցնելով եւ փակելով Ռուսաստանը շրջանցող այլ ճանապարհները։ Ըստ նրա՝ եթե Սյունիքով միջանցք բացվի, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, Ռուսաստանը տարածաշրջանը կվերցնի իր լիակատար վերահսկողության տակ։ «Եվ դրանով Ռուսաստանը կփորձի աշխարհին ցույց տալ, որ՝ եթե դուք փորձեք ինձ շրջափակել, ապա ես էլ կշրջափակեմ մնացած ճանապարհները եւ թույլ չեմ տա, որպեսզի Միջին Ասիայից Եվրոպա ճանապարհներ լինեն»,- ասաց նա։

«Բայց այստեղ ամենակարեւոր փաստը հետեւյալն է։ Իրանը մատ թափ տվեց Ադրբեջանի վրա, ընդ որում, Ադրբեջանին մեղադրելով սիոնիստական ռեժիմին ծառայելու համար։ Եթե Իրանը ռազմական գործողություններ սկսի Ադրբեջանի դեմ, այստեղ Թուրքիայի ձեռքերը կապված են լինելու, որովհետեւ Իրանն Իսրայելի դեմ պայքարի համատեքստում է հարվածում Ադրբեջանին։ Եվ Թուրքիային դժվար կլինի այս համատեքստում Ադրբեջանին օգնել։ Եվ այստեղ Ադրբեջանի հույսը միայն Ռուսաստանն է, որ Ռուսաստանը կարող է փրկել Ադրբեջանին։ Եվ Պուտինն էլ, առիթից օգտվելով, փորձում է միջանցքն իր վերահսկողության տակ վերցնել։ Չի բացառվում, որ կպահանջի հարձակվել Սյունիքի վրա, որ այսպես կոչված միջանցքը լինի ռուսական վերահսկողության ներքո։ Հիմա Պուտինը Ալիեւի առաջ պայման է դնում՝ այսպես թե այնպես դու պետք է մտնես Սյունիք, իսկ Ալիեւը շատ ծանր վիճակում է, որովհետեւ այսօրվա դրությամբ Իրանի հարվածից Ադրբեջանին փրկողը միայն Ռուսաստանն է»,- ասաց նա։

Ըստ Օսիպյանի՝ Իրանին ձեռնտու է, որ Հայաստանը Ռուսաստանի վերահսկողության տակ է, ոչ թե ԱՄՆ։ «Իրանին միանշանակ ձեռնտու է, որպեսզի այստեղ լինեն ռուսները։ Եվ մեզ համար վտանգն այն է, որ Իրանը կարող է ձեռքերը թափ տալ, մի կողմ քաշվել ու թույլ տալ, որ ռուսներն ու թուրքերն իրենց գործն անեն։ Սա մեզ համար վտանգ է, որովհետեւ Իրանը միակ երկիրն է, որը թույլ չտվեց, որ Սյունիքը զավթեն։ Եթե Իրանը հետ քաշվի այդ մտքից, ապա մենք շատ ծանր դրության մեջ ենք հայտնվում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ի՞նչ ճանապարհներ կան՝ դիմադրելու այս սցենարին, Արթուր Օսիպյանը պատասխանեց․ «Հայաստանի իշխանությունները պետք է հարցը ամենաբարձր մակարդակով քննարկեն եւ դնեն Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու հարցը։ Պետք է Ռուսաստանին ցույց տան, որ եթե նույնիսկ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, մենք քո օգնությունը չենք խնդրելու, եւ այդ միջանցքը քո տիրապետության տակ չի լինելու։ Իսկ, ընդհանուր առմամբ, տարբեր առաջարկներ են եղել տարբեր մասնագետների կողմից։ Առաջարկներ կան, որ մենք ոչ թե ԱՄՆ հետ փորձենք հարաբերությունները խորացնել, իհարկե ԱՄՆ հետ հարաբերությունները պետք է պահել, բայց ավելի լավ կլիներ, եթե Իրան-Ռուսաստան-Ֆրանսիա համագործակցությունը խորացնելու քաղաքականությունը վարվեր։ Սա ավելի քիչ հակասություններ է առաջացնում։ Հայաստանի հարեւաններից միայն Իրանն է, որի հետ մեր շահերը համընկնում են, եւ փաստորեն մենք Իրանի հանում ենք մեր դեմ՝ ԱՄՆ-ին՝ իր ոխերիմ թշնամուն բերելով տարածաշրջան։ Այսինքն՝ Ադրբեջանին հավասար քայլ ենք անում, ոնց որ ինքն է բերել Իսրայելի բազաները դրել Քաշաթաղում ու Վարանդայում, մենք էլ նման հարված ենք հասցնում Իրանին»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mehdi says:

    Իմ կարծիքով, որպես Իրանի քաղաքացի եւ թուրքական ծագում ունեցող, Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը կարեւոր է, եւ Իրանը երբեք չի դանդաղի այս հարցում, քանի որ պատմության մեջ այն սահմանափակել կամ վաճառել է Հայաստան մուտք գործելու իր սահմանները Ռուսաստան եւ մեկ անգամ դեպի Թուրքիա, այս պատմությունը երբեք չի կրկնվի, եւ Իրանն իր ողջ ուժով ընդմիշտ կխոչընդարի այս հարցին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031