Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ նպատակն է՝ արտադրանքիս միջոցով հանրության մեջ վառ պահել Արցախի հարուստ պատմամշակութային արժեքները». «Ապառաժ»

Օգոստոս 20,2024 17:48

«Ապառաժ». Գեղանուշ Սարգսյանը նկարչուհի է՝ Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից։ Փոքրուց էր սիրում նկարել ու իր վառ երևակայությամբ միշտ զարմացնում էր բոլորին։ Նկարչության հանդեպ անհագ սերը նրան տարել է Շուշիի Հակոբ Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտ, որտեղ ձեռք է բերել հմտություններ ու կատարելագործվել նկարչության մեջ։ Գեղանուշը մասնակցել է Ղրիմում կայացած համառուսական երիտասարդական ֆորումին։

Էկո պայուսակներ ստեղծելու գաղափարը նրա մոտ ծնվել է 2022 թվականին։ Գաղափարը կյանքի է կոչվել, ու հիմք է դրվել ԳեղArt պայուսակների արտադրությանն ու նկարազարդմանը։ Շնորհաշատ աղջիկը սկսել է պայուսակների, շապիկների վրա ձեռքով նկարել հայկական, արտասահմանյան հայտնի նկարիչների, ինչպես նաև՝ հեղինակային նկարներ, Արցախը բնորոշող պատկերներ։ Մինչև Արցախից տեղահանվելն արդեն ստեղծել էր 30-40 աշխատանք, որոնցից մի մասը վաճառքի է հանել, իսկ մյուս մասը նվիրել ընկերներին։ Շրջափակման հետևանքով առաջացած հումքի պակասի պատճառով դադարել էր բիզնեսի գործունեությունը։

Արցախից տեղահանվելուց հետո Գեղանուշի համար մեծ երազանք էր ԳեղArt բիզնեսը վերսկսել Հայաստանում՝ հոգեհարազատ ու ավելի արժեքավոր պատկերներով և ընդլայնված արտադրական քանակով։ Նպատակն իրականացնելու համար նա մասնակցել է մի շարք դասընթացների, իսկ վերջերս էլ՝ «REVIVING DREAMS»-ի կազմակերպած ծրագրին՝ ի աջակցություն տեղահանված արցախցի երիտասարդների բիզնես գաղափարների իրականացման, որտեղ էլ ներկայացրել է իր բիզնես ծրագիրը և արժանացել դրամաշնորհի։

ԳեղArt արտադրատեսակների գովազդն ու վաճառքը կիրականացվի օնլայն հարթակում և առևտրային այլ ընկերությունների հետ համագործակցության արդյունքում՝ խանութներում և ցուցասրահներում։

— Դեռևս Արցախում ապրելու վերջին ամիսներին բազմաթիվ առաջարկներ եմ ստացել ստեղծել Արցախի հուշակոթողների պատկերներով նկարված պայուսակներ։ Իմ նպատակն է՝ արտադրանքիս միջոցով հանրության մեջ վառ պահել Արցախի հարուստ պատմամշակութային արժեքները։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031