Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞րբ է գալու Բերքաբերի 900 հեկտարի հարցը, խաբար կա՞»․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոս 20,2024 15:41

«Այսօր էլ ասվում է, որ նոյեմբերի հուշագրին հիմա մնում է մեկ կետ՝ մնացած կետերից ոչ մեկն ադրբեջանական կողմը չի կատարել և որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Մնում է մի կետը՝ դա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է, որը դարձել է աշխարհաքաղաքական կենտրոնների վաճառքի առարկա»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀՀ ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը Սյունիքի մարզով հաղորդակցությունների հարցով։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ հայկական կողմը տարօրինակ կերպով որևէ բացատրություն չի տվել նախկինում արված այսպիսի հայտարարություններին։ Նա փաստեց՝ ՌԴ նախագահն ամիսներ առաջ հայտարարել էր, որ «մենք չենք տվել Ղարաբաղը, հենց Հայաստանն է ակտիվորեն ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ բոլոր կողմերն իրար հետ առքուվաճառք են անում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցով, մրցակցում, թե ում վերահսկողության տակ պիտի դա լինի, և այնտեղ հայկական կողմի մասին խոսք անգամ չկա․ «Ամերիկյան կողմն ասում է՝ ինչ-որ անկախ մի միջազգային կազմակերպություն պետք է վերահսկի այդ տարածքը։ Պարզ է, թե ում մասին է խոսքը՝ իրենց ստեղծելիք մարմնի մասին, ռուսական կողմն ուզում է իր վերահսկողության տակ անցնի այդ՝ այսպես կոչված միջանցքը»։

Գառնիկ Դանիելյանը, խոսելով ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների բանավոր փոխըմբռնումների մասին, ասաց․ «Հանձին ՀՀ իշխանության նրանք ունեն իշխանություն, որի միջոցով կարող են շանտաժով իրենց հարցերը լուծել։ Դրանց փաստերն ունենք․ վառ ապացույցը Գորիս-Կապան ճանապարհի հանձնումն էր Ադրբեջանին։ Թե ինչ բանավոր փոխըմբռնումներ ունեն ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունները, Աստված գիտի։ Իրենք գալիս ու իրենց ուզածին հասնում են։ Նույնը Տավուշում է կատարվել։ Ե՞րբ է գալու Բերքաբերի 900 հեկտարի հարցը, խաբար կա՞»։

Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ դեսպան նշանակման հարցի առիթով էլ պատգամավորն ասաց․ «Այն գումարման ԱԺ-ում, որտեղ որպես պատգամավոր ներկա եմ գտնվել, միշտ սույն անձը խոսել է հակառուսական խոսույթով։ Այս մարդը չի կարող պաշտպանել ՀՀ շահերը, չի կարող հայ-ռուսական հարաբերությունների մեջ որևէ դրական բան փոխել։ Վատին փոխարինում են ավելի վատ մի անձնավորությամբ, որն իր ամբողջ գործունեության ընթացքում աչքի է ընկել հակառուսական հայտարարություններով, նա ո՞նց կարող է ՀՀ դեսպանը լինել ՌԴ-ում։ Հստակ միտում եմ տեսնում, որ հայկական կողմն այս մարդուն նշանակել է, որ հայ-ռուսական հարաբերություններն իսպառ վերացնեն»։

Գառնիկ Դանիելյանը նաև մտահոգություն հայտնեց, որ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը 3 միլիոն 160 հազար դրամ է տրամադրել հեծանվարշավի հանրային իրազեկման համար, 15 միլիոն դրամ էլ հատկացվել է այլ ծախսերի և գնումների համար։ Պատգամավորը ներկայացրեց նաև նախորդ տարիներին վարչապետի աշխատակազմի կողմից կատարված որոշ ծախսեր։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031