«Դա շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունն էր ոչ միայն Հարավային Կովկասում, այլ աշխարհաքաղաքական մեծ զարգացումներում…Պուտինն այցելեց Ալիեւին, բայց այդ երկկողմ այցի ընթացքում առկա էր նաեւ պասիվ բացակայող երրորդ կողմը՝ Հայաստանը»,- «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Պուտին-Ալիեւ օրերս կայացած հանդիպմանը:
Նրա ձեւակերպմամբ. «Ամբողջ ընթացքում Պուտինը դիվանագիտորեն ընդգծեց այն փաստը, որ իրենց բանակցությունների արդյունքի մասին անպայման տեղյակ կպահի Նիկոլ Փաշինյանին: Եվ Ալիեւը դրան ոչինչ չհակադարձեց: Բացի դրանից, հետաքրքիր էին այն պնդումները, որ Ռուսաստանն ուզում է քարտեզագրում անել, եւ իրենք ունեն համապատասխան քարտեզներ: Եվս մեկ ձեւակերպում, որի վրա կուզենայի սեւեռել ձեր ուշադրությունը, հետեւյալն էր՝ անկախ ռուս-ուկրաինական հարաբերություններից, ինչպես նշեց Պուտինը, իրենք չեն կարող Հարավային Կովկասում, Անդրկովկասում իրադարձությունների զարգացումներից դուրս մնալ:
Պուտինը ոչ միայն պատրաստակամություն ու ցանկություն, այլեւ, ըստ էության, հետեւողական մեծ կամք արտահայտեց՝ տարածաշրջանում գործողություններին մասնակցելու: Ճիշտ է, դարձյալ դիվանագիտորեն նշելով, որ դա համապատասխանելու է կողմերի ցանկությանը եւ այլն: Իրականում այս երկկողմ հանդիպումը եռակողմ էր, որտեղ բացակա կողմը Նիկոլ Փաշինյանն էր: Մենք հրաշալի գիտենք, որ Պուտինը Հռոմի ստատուտի ստորագրումից հետո չի կարող այստեղ գալ, Հայաստանը այնքան հզոր երկիր է, որ հենց գա Հայաստան, կձերբակալեն, եւ դա կախված չէ քաղաքականությունից (հեգնում է-Գ.Հ.)…Իրականում ինձ թվում է, որ հենց Հռոմի ստատուտն էլ ստորագրեցին նրա համար, որ գործուն մասնակցություն չլինի»։
Նարինե Դիլբարյանի խոսքով, Հայաստանի իշխանությունների պահվածքը անգործունեության դասական դրսեւորում է. «Այսինքն՝ ոչինչ չանել, որեւէ մասնակցություն չունենալ, երեւի թե այդպես իրենց կարծիքով ապահովելով իրենց խաղաղ գործունեությունը: Երբ համեմատում ենք, թե ինչեր է ձեռնարկում Ալիեւը, իսկ այս այցը ուներ նաեւ նախընտրական շատ մեծ նշանակություն Իլհամ Ալիեւի համար…Արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին, որտեղ Ալիեւն ուզում է Արցախից եւս ընտրված լինել, հասավ նրան, որ կարողացավ այնպես անել, որ Պուտինը խոնարհվի, ծաղիկ դնի Հեյդար Ալիեւի գերեզմանին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ