Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղորդակցությունների հարցն առանցքային է, եւ պատահական չէ, որ Պուտինն ասաց՝ հետո Փաշինյանին տեղյակ կպահի արդյունքների մասին»

Օգոստոս 20,2024 14:47

«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

– Տեղի ունեցավ ՌԴ նախագահի այցը Ադրբեջան։ Այս հանդիպման շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ «Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե ո՞րն է նման դիրքորոշման իմաստը»։ Պուտինի եւ Ալիեւի հանդիպման արդյունքում արված հայտարարությունում նույնպես շեշտադրվում է հաղորդակցությունների բացման հարցը։ Ի՞նչ է սա նշանակում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» են փորձում բացե՞լ։

Տաթեւիկ Հայրապետյան

– Նախ ես ուզում եմ հիշեցնել, որ այս այցը պաշտոնական էր, այսինքն՝ ամենաբարձր մակարդակով էր։ Վերջին անգամ Պուտինն Ադրբեջանում եղել էր 2017 թվականին։ Այս այցին նախորդել են մի քանի կարեւոր իրադարձություններ։ Իրադարձություններից մեկը կոնկրետ ապաշրջափակման համատեքստում այն էր, որ Ամիրբեկովն ԱՄՆ կատարած այցից եւ հանդիպումներից առաջ հայտարարել էր, որ ապաշրջափակման թեման դուրս է եկել խաղաղության բանակցությունների եւ պայմանագրի շրջանակներից։ Այսինքն՝ չի քննարկվում այդ տիրույթում։ Եվ, բնականաբար, դա ոչ թե նշան էր, որ այդ թեման Ադրբեջանի համար այլեւս արդիական չէ, այլ դա նշան էր, որ Ադրբեջանն այդ թեման քննարկելու է այլ հարթակներում եւ այլ մեթոդներով։ Մեծ հաշվով, Ադրբեջանը չի էլ պատրաստվում ստորագրել այդ «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ անընդհատ նոր նախապայմաններ է առաջ քաշում։ Եվ Կրեմլից եկած հայտարարությունը փաստում է, որ քննարկումների առանցքային կետերից մեկը հենց կապուղիների հարցն էր։

Ընդհանրապես այսօր ամբողջ աշխարհում առաջատար պետությունների կամ գլխավոր դերակատարների խնդիրը կապուղիներն են։ Եվ այս համատեքստում ես հիշեցնեմ, որ դրանից առաջ ամերիկյան կողմը՝ Օ’Բրայենի մակարդակով այցելել էր Ադրբեջան, առաջարկներ էր հնչեցրել։ Առաջարկը հետեւյալն էր, որպեսզի Ադրբեջանը համաձայնության գա Հայաստանի հետ՝ այդ ամբողջ պատկերից դուրս մղելու Ռուսաստանին եւ Իրանին եւ դառնալու կապող օղակ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ։ Ադրբեջանը փաստացի այդ առաջարկը մերժել է՝ նաեւ խաղաղության բանակցություններից հանելով ապաշրջափակման կետը, որովհետեւ այդ տիրույթում համաձայնությունն այն էր, որ դա վերահսկվեր երրորդ ինչ-որ միջազգային կազմակերպության կողմից։ Ադրբեջանն այդ ճանապարհով չի գնացել, բայց Իլհամ Ալիեւն ակտիվ այցեր էր կատարում Կենտրոնական Ասիա, հանդիպումներ էր ունենում, եւ հետո Պուտինի պաշտոնական այցը տեղի ունեցավ, որի շրջանակներում այդ հարցը քննարկվեց որպես առանցքային կետ։ Պատահական չէ, որ Պուտինը նշում էր, որ հետո Փաշինյանին տեղյակ կպահի այս հանդիպման արդյունքների մասին։

Ռուս պաշտոնյաները խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին աջակցելու մասին, ռուսական հարթակը ի՞նչ կարող է տալ Հայաստանին։

-Հարթակներից ոչ մեկն էլ այս պահի դրությամբ ոչինչ չի կարող տալ, որովհետեւ այն տրամաբանությունը, որով Փաշինյանը բանակցություններ է վարել, փաստացի փակուղի է տարել։ Ինքը ուժի ու ուժի սպառնալիքի ներքո անընդհատ գնացել է զիջումների, դա ներկայացրել է խաղաղություն, այնինչ դա խաղաղության հետ ոչ մի աղերս չունի։ Եվ այդ տրամաբանությունն այսօր շարունակվում է, բայց ինքն այդ անվերջ զիջումների տրամաբանությամբ ուղղակի կհասցնի պետության չգոյությանը։ Եթե այսօր Ադրբեջանն առաջին դեմքի մակարդակով մեր երկիրը կոչում է «արեւմտյան Ադրբեջան», դա նշանակում է, որ ինքը մեծ հավակնություններ ունի։ Եթե այնտեղ պետական ֆինանսավորվում է տրվում, որ ՀՀ մայրաքաղաք Երեւանի մասին երգ գրեն, դա նշանակում է, որ հեռահար նպատակներ կան։

Իսկ Մոսկվայի նպատակն այն է, որ ապաշրջափակման թեմայով շարունակում է պնդել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ «մոռանալով», որ մնացած բոլոր կետերը, որոնց համար կնքվել է այդ փաստաթուղթը, չեն կատարվել, եւ տեղի է ունեցել հայերի էթնիկ զտում, տեղահանում։ Այսինքն՝ մնացած հարցերով Ադրբեջանն ու Ռուսաստանը երկկողմ համաձայնությունների են եկել, այդ թեման փակել են եւ հիմա այս կետի շուրջ են փորձում պայմանավորվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերին դարձյալ սադրանքի է դիմում եւ ապատեղեկատվություն տարածում։ Թշնամին պատրաստվում է նոր հարձակմա՞ն դիմել, ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները։

-Այս ձեռագիրն արդեն 1-1,5 ամիս շարունակվում է, պարբերաբար դրա մասին գրում են, նաեւ ապատեղեկատվություն են տարածում, օրինակ, ասում են, որ ԱՄՆ-ն Սյունիքում ռազմաբազա է կառուցում։ Իմ կարծիքով՝ այս փուլում դրանով փորձում են առնվազն տրամադրություններ շոշափել, որոշակի լարվածություն ապահովել, նաեւ խոսել ուժի սպառնալիքի դիրքերից։ Այդ բոլոր հայտարարություններն ուղղակի ապատեղեկատվություն չեն, դրանց հաջորդում է տեքստը, որ իրենք համարժեք պատասխան կտան, գործողությունների կդիմեն։ Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք ուժի սպառնալիքի գործոնի հետ, որի վերաբերյալ ոչ մի պաշտոնական գնահատական չի հնչում պաշտոնական Երեւանից։ Թեեւ պաշտոնական Երեւանից առհասարակ ոչ մի պաշտոնական գնահատական չի հնչում Ադրբեջանի հետ հարաբերությունների կոնտեքստում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031