ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն օրերս դատարանի որոշմամբ կալանքից ազատվեց՝ 15 մլն. դրամ գրավի դիմաց, հակակոռուպցիոն դատարանում իր հերթական դատական նիստից առաջ լրատվամիջոցներին խնդրեց, որ իր զրույցները կազմակերպվեն այնպես, որպեսզի ինքը հասունացած լինի ինչ-որ մի բան ասելու: Սակայն հայտարարեց, որ իր կարծիքով մենք հիմա անվտանգության հետ կապված լուրջ խնդիր ունենք, որը պետք է լուծումներ ստանա: Ու հավելեց, որ թե իշխանությանը, թե ընդդիմությանը ասում է, որ ինքը կարող է դրան մասնակից դառնալ, բայց ոչ քաղաքական նպատակներով:
Նա նաեւ լրագրողներին խնդրեց. «Դուք բոլորդ այստեղ եք: Խնդրում եմ՝ բոլորդ պահանջեք, որպեսզի մեր դատական նիստերը լինեն հրապարակային: Ես պահանջում եմ: Հնարավոր է՝ բոլոր նիստերը չէ, բայց կարող են լինել նիստեր, որոնք կարելի է փակ անցկացնել:
Դիտարկմանը, թե ինքը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք միակ պաշտոնատար անձն է, որն, ըստ էության, շատ դաժան պատժի արժանացավ՝ շուրջ երեք տարի անցկացնելով «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Ինքը փորձե՞լ է հասկանալ, թե ինչու են այդպես վարվել իր հետ, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց. «Ես գիտեմ, բայց չեմ ասի»:
Իսկ զենքի որակի մասին հարցին պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ նոր փորձաքննություն կնշանակվի: Դա պնդում եմ դատաքննության ընթացքում: Այն էլ ոնց եմ պնդում: Հիմա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. թե գնման պահին, թե գնումից երկար ժամանակ հետո, թե այսօր, այդ հրթիռները կիրառման համար պիտանի են»:
Կարդացեք նաև
Դավիթ Տոնոյանը նաեւ հայտարարեց, որ դեռեւս քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի՝ ճշտում մտցնելով, որ խոսքը իշխանության համար պայքարի մասին է: Իսկ ընդհանրապես, ինքը միշտ էլ՝ 30 տարի, եղել է պաշտպանողական, անվտանգային քաղաքականության մեջ, բայց ըստ իրեն՝ երբեք իշխանության համար պայքար չի մղել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ