«ՀՀ-ի՝ օր օրի վատթարացող հարաբերություններին զուգահեռ՝ թե′ դաշնակիցների, թե′ առհասարակ տարածաշրջանի երկրների հետ, Ադրբեջանն իր հարաբերությունները լավացնում և փոխշահավետ համագործակցում է գերտերությունների հետ։ Իր հարաբերությունները խորացնում է ՌԴ-ի հետ, և դրա վառ ապացույցն է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
Գառնիկ Դանիելյանն ասաց՝ կարելի է ենթադրել, որ այն խոսակցությունը, որը եղել է Ալիև-Պուտին քննարկման ժամանակ, հիմնականում վերաբերել է կապերի ավելի սերտացման, ռազմավարական դաշնակցային կապերի խորացմանը․ «ՌԴ-ն Ադրբեջանին դիտարկում է՝ որպես տարանցիկ երկիր իր ռեսուրսների համար, և այս առումով ՌԴ-ի համար կապերն Ադրբեջանի հետ շատ կարևոր են։ Այդ այցի շրջանակում նաև քննարկվել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և այլ հարցեր։ Այդպիսի տեղեկություններ ստացանք։ Ամեն ինչ այսպես ասած՝ շատ պարզ է․ ՀՀ-ն հարաբերությունները վատացնելով ՌԴ-ի հետ՝ շատ ավելի տեղ է թողնում, որ ՌԴ-ն սերտացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Տուժող կողմը, բնականաբար, ՀՀ-ն է։ ՀՀ-ին առնչվող հարցերն այսօր քննարկվում են Ալիևի հետ։ Սա ողբերգություն է, մեր ոչ բարով իշխանության վարած քաղաքականության արդյունքն է»։
Գառնիկ Դանիելյանը նաև անդրադարձավ COP 29-ից հետո Ադրբեջանի կողմից ՀՀ-ի վրա հարձակման հավանականությանն ու ասաց․ «Ոչ միայն ընդդիմությունն է այս թեման միշտ շեշտում, ասում, որ արդեն նախապատրաստական աշխատանքներն է Ադրբեջանը կատարում, այլև սրա մասին խոսում է պաշտոնական Երևանը։ Արձակուրդ են գնում այս ընթացքում, երբ Ադրբեջանը քաղաքական առումով բավական ձեռքբերումներ է ունենում, ակտիվ աշխատանք է տանում բոլոր ուժային կենտրոնների հետ, իսկ ՀՀ իշխանությունները, գիտեք՝ ինչով են զբաղված՝ հաճույքներ, վայելքներ, փառատոններ, հեծանվավազք, արշավներ, լոբի, խաշլամա, քյաբաբ, խորոված օպերացիան է մշակվում, որը ակտիվ տարբեր բնակավայրերում քարոզվում է, և ժողովրդին թմրեցնելու, բթացման գործընթացը բարով-խերով շարունակվում է։ Այդ խրախճանքի ժամանակ Ադրբեջանը ակտիվ ամրաշինական աշխատանքներ է տանում այն տարածքներում, որոնք նվիրաբերվել են իրենց։ Տավուշի՝ Ադրբեջանին նվիրաբերված տարածքներն ամուր պլացդարմ են հանդիսանալու ՀՀ-ի վրա սպասվող հարձակման։ Սա արդեն անզեն աչքով երևում է։ Միջպետական ճանապարհից կարող ես տեսնել ադրբեջանական տեխնիկան, ռադիոլոկացիոն նոր կայանները»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ