Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրության դեպքում տեղի է ունեցել քաղաքական հավատաքննություն. Նարինե Մկրտչյան

Օգոստոս 20,2024 13:49

«Ոչինչ նոր չէ ինչպես լուսնի տակ, այնպես էլ Հայաստանում, ուր իշխանությունների կողմից վատագույն ավանդույթները միշտ էլ շարունակվում են։ Այս առումով Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի նշանակումը, որը դժվար է «ընտրություն» որակել, վատագույն ավանդույթների շարունակման արտացոլումն է»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով Հանրային ռադիոյում կատարվածը:

Նրա ձեւակերպմամբ. «Ըստ էության, տնօրենի ընտրության դեպքում տեղի է ունեցել քաղաքական հավատաքննություն, երբ թեկնածուներից մեկի՝ նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի քաղաքական սկզբունքները դարձել են նրա՝ տնօրեն ընտրվելու համար անհամատեղելի։ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները ընդունել են քաղաքական որոշում, ավելի ճիշտ՝ կատարել են ՀՀ բարձրագույն իշխանության կողմից ընդունված քաղաքական որոշումը։ Այստեղ անիմաստ է խոսել անգամ մասնագիտական սկզբունքների, մտավորականի անկախության և ինքնուրույնության մասին․ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները ընդունված քաղաքական որոշումը պարզապես դակել են։ Ցավում եմ, որ խորհրդի անդամները վերածվել են պարզ կամակատարների․ նրանք բարձր աշխատավարձ են ստանում ոչինչ չանելու կամ իշխանությունների կամքը ժամանակ առ ժամանակ իրականացնելու համար։ Սա՝ առաջին հանգամանքն է, որ հարկ եմ համարում ընդգծել։

Ըստ այդմ, նաև պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի կողմ է նետել ժողովրդավարության պատմուճանը, և արդեն կոշտ, կացնային մեթոդներով է իրականացնում քարոզչությունը։ Հեղափոխական իշխանությունը հանրային ռադիոյի դերն ու նշանակությունն անտեսել է։ Հանրային ռադիոն, ի պատիվ իրեն, երբեք Հանրային հեռուստատեսության պես կուրորեն և հրահանգավորված չի իրականացրել քարոզչությունը կամ տեղեկատվության տարածումը, հաղորդումների հեռարձակումը․ ռադիոն անհամեմատ չեզոք և ինքնուրույն է եղել։ Սա երկրորդ հանգամանքն է։

Երրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանում կադրային քաղաքականությունն իրականացվում է Նիկոլ Փաշինյանին անձնական հավատարմության սկզբունքներով, կադրային քաղաքականության իրականացման հիմքում միշտ էլ այդ սկզբունքն է դրված եղել․ սկզբունքայնությունն ու մտածողության անկախությունն ու ազատությունն այս դեպքում գանահարվում են»։

Նարինե Մկրտչյանի խոսքով. «Չորրորդ հանգամանքն այն է, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությունը վկայում է, որ ՀՀ իշխանությունների՝ ժողովրդավարության, խոսքի և մամուլի ազատության ընկալումը խեղաթյուրված է, որ Հայաստանում ժողովրդավարությունը շարունակում է կախված մնալ մեկ մարդու կամքից, իսկ դա արդեն ժողովրդավարություն չէ»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031