Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքային քննարկում է նախաձեռնել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումների շուրջ, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և կոմիտեի մասնագետները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ոլորտում սպասվող նոր կարգավորումները, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թ․ սեպտեմբերի 1-ից։
Օրենսդրական փոփոխությունների համաձայն, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում նրանք պարտավոր են պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումներին)։ Սեպտեմբերի 1-ից վերջիններիս համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է։
Հանդիպման մասնակիցներին իրազեկվել է նաև, որ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացվել նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով։ Այս դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։
Կարդացեք նաև
Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նպատակով արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի նոր դրույքաչափեր։ Այսպես, կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
- 2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից
- 3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից
- 5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
- 1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից
- 2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից
- 4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործունեության իրականացման վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Իսկ պետական տուրքը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։
Իրազեկման հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի ձևաչափով: Մասնակիցները ոլորտում իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել աշխատանքային քննարկումները։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին