Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. «Չեմ կարծում, որ Փաշինյանն իր մերձավոր կողմնակցին Մոսկվա կուղարկեր՝ վիճելու, թե` Գյումրիից հեռացեք, ՀԱՊԿ-ից ենք դուրս գալիս». «Հրապարակ»

Օգոստոս 20,2024 10:30

«Հրապարակի» զրուցակիցը ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն է։

– Պատգամավոր Արսենյանը կարծում էր, որ Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը Հայաստանի համար անվտանգության երաշխիք չէ, նա հանդես է գալիս Թուրքիայի հետ համագործակցության օգտին։

– Դե, Թուրքիային ուղղված նրա կոմպլեմենտարությունը նկատի առնելով, նա կարող էր լինել Թուրքիայում Հայաստանի պոտենցիալ դեսպանը, երբ հարաբերությունները վերականգնվեն, կամ որեւէ արեւմտյան երկրի։ Այդ դեպքում հարց․ նա ինչո՞ւ է Ռուսաստան գալիս, նա Ռուսաստան է գալիս, որպեսզի առճակատմա՞ն տանի։ Դա անհեռանկար է եւ քիչ հավանական։ Հարցն այն է, որ Հայաստանի եւ Փաշինյանի համար Ռուսաստանը եղել եւ մնում է շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող, եւ Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին պետք է Փաշինյանին շատ մտերիմ մարդ լինի։ Եթե նոր դեսպանը Փաշինյանի մտերիմն է, նոր շրջադարձերն անխուսափելի կլինեն, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է իրականացվել վարչապետի վստահելի անձի միջոցով, այդ ժամանակ Մոսկվան, այսպես ասած, կարող է կոնֆիդենցիալ բանակցություններ վարել դեսպանի հետ, ինչը դրական կլինի, բայց եթե դա ուղղակի հերթապահ, սովորական նշանակում է՝ դիվանագետի կարիերայի համար, այլ հարց է։ Նման դեպքեր էլ են լինում՝ նշանակում են, պրոտոկոլային ներկայություն է ապահովում, հանդիպումներ ունենում, իրականացնում իր պաշտոնեական լիազորությունները։ Տեսեք, մի կողմից Մոսկվան ողջունում է, որ նա Փաշինյանի կողմնակիցն է, թե նա ինչ է ասել նախկինում, հիմա նշանակություն չունի, նա հայտնվել է Մոսկվայում, եւ դա խոսում է հարաբերությունների որոշակի վստահության մասին։ Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ Փաշինյանն իր մերձավոր կողմնակցին Մոսկվա կուղարկեր՝ վիճելու, թե` Գյումրիից հեռացեք, ՀԱՊԿ-ից ենք դուրս գալիս։ Այդ դեպքում նա, գուցե, օրինակ, Փարիզում սպասեր, մինչեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ապա ուղարկվեր պարոն Էրդողանի մոտ։ Այստեղ,  կարծում եմ, այլ բան է, սա ժեստ է, սովորական լեզվով ասած՝ սա Ռուսաստանի համար ոչ այնքան վատ ցուցիչ է։ Հնարավորություն է ստեղծվում՝ նոր երկխոսություն սկսելու։

– Պարոն Զատուլինը կարծիք էր հայտնել, թե այս նշանակմամբ վստահելի հարաբերություններ չեն ձեւավորվի։

– Իմ կանխատեսումը մի փոքր այլ է։ Իրավիճակը շատ արագ է փոխվում, ընդ որում՝ արմատապես, եւ կանխատեսումը, որը մենք արել էինք նախկինում, այդ թվում՝ ես, որ վտանգների ցունամին ոչ թե հյուսիսից է գալիս՝ Ռուսաստանից, այլ հարավից՝ Մերձավոր Արեւելքից, իրականանում է։ Տարածաշրջանն ապակայունանում է, ցնցումների մեջ է, եւ այդ իրադարձությունները կպայմանավորեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Հայաստանը հիմա շատ բարդ իրավիճակում է՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը չկա, չնայած պատերազմն ավարտվել է 2020 թվականին, միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կա, որը ստորագրվել է Ռուսաստանի աջակցությամբ։ Կարգավորված չեն հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչ էլ ասեն այդ հատուկ ներկայացուցիչները, ինչպես էլ աշխատեն ինչ-որ ռեժիմների դյուրացման ուղղությամբ, փաստ է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական եւ առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատված չեն։ Շատ հավանական է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո էական փոփոխություն կրի Վրաստանի արտաքին քաղաքականությունը։ Վրաստանը, որը հանդես էր գալիս որպես Հայաստանի ժողովրդավարական գործընկեր, կարող է փոխել իր դիրքորոշումը, եւ Հայաստանը կմնա Արարատ լեռան ու ինչ-որ բանի միջեւ պարփակված` իր ճահճում, հասկանո՞ւմ եք։ Դեպի Արեւմուտք գնալ, որի վրա նա հույս է դրել, շատ բարդ կլինի՝ Սեւ ծովո՞վ, այնտեղ Ուկրաինան է, իսկ շուտով, գուցե՝ Օդեսան, եւ ուկրաինական բոլոր նավահանգիստներն անցնեն Ռուսաստանի վերահսկողության տակ, այդ ժամանակ դա պետք է անել Ռումինիայի, Բուլղարիայի միջոցով։ Պատկերացնո՞ւմ եք, թե Հայաստանն ինչ կոմբինացիայի մեջ է հայտնվելու։ Այնպես որ, անկախ նրանից՝ սիրում է Երեւանը Մոսկվային, թե չի սիրում, հարկադրված է լինելու Մոսկվայի հետ կամուրջներ կառուցել։ Գուցե դա չլինի ջերմ գրկախառնություն կամ կրքոտ համբույր, բայց դա կարող է լինել նորմալ համագործակցություն՝ ելնելով փոխադարձ շահերից։
Ռուսաստանի դիրքորոշման մասին․ Ռուսաստանը Թուրքիայի հետ իր հարաբերություններն ունի, բայց Հայաստանը չի դիտարկում որպես մանրադրամ, մենք Անկարայի հետ ինքնուրույն երկխոսություն ենք վարում՝ նույնիսկ Ադրբեջանը հանելով փակագծերից։ Թուրքիայի հետ մենք մեր հարաբերություններն ունենք, եւ այնտեղ միջնորդներ չկան, ուստի մենք չենք դավաճանում Հայաստանի շահերն այդ հարաբերություններում՝ Թուրքիայի հետ կոնսենսուսի համար։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է սովորի գրագետ կողմնորոշվել։ Փաշինյանն Ալիեւից սովորելու բան ունի՝ հանուն իր ազգային շահերի, մեծ խաղացողների շահերն օգտագործելու տեսանկյունից։ Ալիեւին, օրինակ, հաջողվեց իր շահերի համար օգտագործել ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Թուրքիայի ռեսուրսը։ Երեւանը, լինելով ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ, այդ ռեսուրսը չկարողացավ օգտագործել, բայց պետք է սովորել դա անել։
Այնպես որ, դեսպանը պետք է կարողանա նորովի կամուրջներ կառուցել Մոսկվայի եւ Երեւանի միջեւ։ Պարադոքս ասեմ՝ Հայաստանը երբեք ռուսական մեդիատիրույթում չի ընկալվել որպես քաղաքական ընդդիմախոս, էլ չեմ ասում՝ թշնամի։ Բավականին կարճ ժամանակահատվածում Հայաստանի ընկալումը կտրուկ փոխվեց, վերջին 1-2 տարիների ընթացքում, բացառությամբ զբոսաշրջային բլոգների կամ մշակութային, խոհարարական անդրադարձների, ռուսական ԶԼՄ-ներում ես չեմ հանդիպել Հայաստանի մասին պատմող որեւէ դրական հոդված։ Սա խնդիր է, որովհետեւ հայերը մեծ ներդրում են ունեցել Ռուսական կայսրության կայացման գործում, մեծ ավանդ ունեն Խորհրդային Միության զարգացման գործում, ներկայում հայերը մասնակցություն ունեն Ռուսաստանի զարգացմանը։ Հայաստանի քաղաքացիները, որոնք նաեւ ռուսական անձնագրեր ունեն, այսօր Ուկրաինայում Ռուսաստանի համար են պատերազմում, մենք հայկական ծագմամբ սպայական կազմ ունենք։ Մեզ համար կարեւոր է, որ հայերն իրենց ճնշված չզգան՝ հայրենիքում  քաղաքական զարգացումների պատճառով, նրանք մեր լիիրավ քաղաքացիներն են։ Թեեւ նրանք իրենց հարմարավետ են զգում Ռուսաստանում, բայց, ուզենք, թե ոչ, այդ բացասականը, որը տեղ է գտել հայ-ռուսական հարաբերություններում, անդրադառնում է նրանց վրա։ Սա պետք է հարթել: Եթե նոր դեսպանը ձգտի դա անել, մենք նրան կաջակցենք, իհարկե, եթե նա դիմի։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031