Տպավորություն է, որ շատ դեպքերում կառավարությունն ուղղակի «գալչկա դնելու» խնդիր է լուծում։
Այս շարքին կարելի է դասել նաև կառավարության կողմից առաջարկվող Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը։
Հուլիսի 22-ից հետո էլ պարզվեց, որ հայտարարագիր է ներկայացրել առաջին փուլի շրջանակում ընդգրկված 120 հազար քաղաքացիների ընդամենը մոտ 50 տոկոսը (այս օրերին թիվը կարող է մի փոքր ավելացած լինել, բայց դա եղանակ չի փոխում)։ Եվ ՊԵԿ-ից որոշել են ծանուցումներ ուղարկել, ապա անցնել կոշտ վարչարարության իրականացման, ինչը ենթադրում է նաև տուգանքների կիրառում։
Բայց արդյո՞ք տուգանքների կիրառման արդյունքում իրավիճակը փոխվելու է, մնում է հարցական։ Ի վերջո, այս ամենի հետևանքն այն է լինելու, որ մարդկանց մի զգալի մասն ուղղակի հերթական ծախսի տակ է ընկնելու՝ ի դեմս տուգանքների: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Առաջին հերթին այն մասին, որ իշխանությունների կողմից ներդրվող համակարգին պատրաստ չեն թե՛ պետական համակարգը, թե՛ հասարակությունը։ Չկա ամբողջովին պատրաստ ու ձևավորված անհրաժեշտ թվային կառավարման միջավայր, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ գրանցեն իրենց հայտարարագրերը։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել մեր հասարակության պատրաստվածության աստիճանը՝ ինքնուրույն նման կարգի «գրագրություն» անցնելու համար: Այդուամենայնիվ, նույնիսկ չկարողանալով լուծել 120 հազար մարդու հայտարարագրման հարցը (էլ չենք խոսում այն մասին, որ տարիներ շարունակ նույնիսկ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ պատշաճ ժամկետներում հայտարարագիր չեն ներկայացնում), իշխանությունները կանգ չեն առնում ու նախատեսում են հաջորդ տարվանից գործարկել ամբողջական հայտարարագրման համակարգը։
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, կառավարությունում նստածները պատկերացնո՞մ են, թե ինչպես են հայտարարագիր ներկայացնելու, օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները, նաև առավել ավագ սերունդը, հատկապես նրանք, որոնք խնդիրներ ունեն՝ կապված համակարգչային, թվային տեխնոլոգիաների, համացանցի և այլնի հետ:
Մի խոսքով, նորից ստացվում է, որ Հայաստանի «հպարտ քաղաքացիներն» ուղղակի հերթական անգամ կարող են վերածվել «տուգանքի մատերիալի»։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։