Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ.-ին լրանում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը, ու պետք է ամեն ինչ անել, որ նորը ձեւավորվի. Վահրամ Բալայան. «Հրապարակ»

Օգոստոս 20,2024 10:06

Զրուցել ենք Արցախի պատգամավոր Վահրամ Բալայանի հետ։

– Պարոն Բալայան, կան տեղեկություններ, որ Սամվել Բաբայանն առաջարկում է արցախցիներին՝ միասնական ճակատով հանդես գալ եւ մասնակցել հայաստանյան ընտրություններին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկին։

– Ես, իհարկե, միասնականությանը կողմ եմ, բայց ավելի ճիշտ կլինի, որ ոչ թե հայաստանյան ընտրություններին, այլ մեր իշխանությունները կազմակերպեն ընտրություններ, որպեսզի պահենք Արցախի սուբյեկտայնությունը։ Գիտեք՝ 2025 թվականին լրանում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը, ու պետք է ամեն ինչ անել, որ նորը ձեւավորվի։ Ճիշտ է՝ տարածքը չկա այս պահին, բայց պետք է Արցախի սուբյեկտայնությունը փորձենք պահել ապագայի համար։

– ՀՀ իշխանություններն Արցախի ինստիտուտների պահպանումը համարում են Հայաստանի անվտանգային սպառնալիք եւ ամեն կերպ փորձում են փակել այդ էջը։

– Դա այդպես չէ, հակառակը՝ ՀՀ իշխանությունները պետք է շահագրգռված լինեն այդ հարցում, որովհետեւ, եթե խորը մտածեն, դա իրենց վնաս չէ, այդ փաստն իրենք կարող են օգտագործել Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ։ Ադրբեջանը ներկայում անընդհատ խոսում է, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի մասին, ադրբեջանցիների հետվերադարձի մասին, իսկ մենք ոչինչ չանելով կորցնելու ենք մեր ռեսուրսը, այն դեպքում, երբ այդ ռեսուրսով զբաղվում էր ողջ աշխարհը, դրա համար Մինսկի խումբ էր ձեւավորվել, որը դեռեւս չի լուծարվել։

– Դիմե՞լ եք ՀՀ իշխանություններին` Արցախի խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առաջարկով, թե՞ մտադիր եք ինքնակազմակերպվել, արցախցիներով լուծում տալ այդ հարցին։

– Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունների հետ կոնտակտ չկա, եւ կարծում եմ՝ մենք պետք է արցախցիներով քննարկենք, դա անհրաժեշտություն է, իմ կարծիքով՝ դա խիստ անհրաժեշտություն է, որովհետեւ չես կարող իմանալ, թե ապագայում ինչ զարգացումներ են սպասվում, ուստի պետք է պատրաստվել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031