«Ամերիկայի ձայն». Կրեմլը դանդաղեցնում է YouTube-ը, իսկ Google-ը՝ Ռուսաստանում գրանցված բլոգերների համար YouTube-ի միջոցով դրամ վաստակելու հնարավորությունը։
Ռուսաստանցի օգտատերերի համար YouTube-ն աստիճանաբար դառնում է դժվարամատչելի: Իշխանությունների քայլերի պատճառով ծառայության դանդաղումից հետո բազմաթիվ ռուսաստանցիներ դժգոհ են կայքի աշխատանքից:
Օգոստոսի 8-ին ռուսաստանյան Sboi.rf՝ համացանցի մշտադիտարկման ծառայությունը հայտնեց, որ Ռուսաստանում YouTube-ի հազարավոր խափանումներ են գրանցվել։ Օգտատերերը դժգոհում էին, որ կարողանում են մուտք գործել YouTube միայն VPN ծառայությունների միջոցով:
Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, թե YouTube-ը հիմնականում դանդաղել է Մոսկվայում, Մոսկվայի մարզում, նաև Սանկտ Պետերբուրգում։
Կարդացեք նաև
Google-ը հայտարարել է, թե Ռուսաստանում գրանցված YouTube-յան բլոգերների համար փակել է գումար վաստակելու հնարավորությունը։ Օգոստոսի 12-ին Google-ը տեղեկացրեց, թե ապաակտիվացրել է ռուսաստանցի օգտատերերի հաշիվները AdSense-ում, որի միջոցով կայքերի սեփականատերերը գումար են վաստակում՝ տեղադրելով Google-ի առաջարկած գովազդը։
Դեռ 2022 թվականի մարտին YouTube-ն անջատեց Ռուսաստանի տարածքում իր մոնետիզացիայի ծառայությունը՝ ի պատասխան Ուկրաինա Կրեմլի լայնամասշտաբ ներխուժման, և AdSense ծառայությունը թույլ էր տալիս ռուսաստանցի բլոգերներին շարունակել գումար վաստակել, եթե YouTube-յան իրենց ալիքներում՝ տեսանյութերում գովազդը դիտել են այլ երկրներում կամ Ռուսաստանում, սակայն VPN-ի միջոցով։
Կարդում ենք Google-ի հայտարարությունը․ «Անջատում ենք AdSense-ի բոլոր այն օգտահաշիվները, որոնց գտնվելու վայրը նշված է Ռուսաստանը: Սա նշանակում է, որ այդ օգտահաշիվների միջոցով հնարավոր չի լինի եկամուտ ստանալ մոնետիզացիայից։ Հուլիսի եկամուտները կվճարվեն օգոստոսի 21-ից օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում, եթե ձեր օգտահաշվում վճարումների ընդունումը կասեցված չէ»:
Ռուսաստանում YouTube-ի հնարավոր արգելափակման մասին խոսակցությունները ծագեցին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբում։ Այդ ժամանակ YouTube-ն արգելափակեց կրեմլամետ մի շարք ալիքներ, սակայն ծառայությունը հասանելի էր ռուսաստանցի օգտատերերին: 2024 թվականի հուլիսի վերջին Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին YouTube-ի գործունեության դանդաղեցման մասին՝ մեղադրելով ընկերության ղեկավարությանը Ռուսաստանի օրենսդրությանը դեմ գործելու մեջ։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հուլիսի սկզբին YouTube-ն արգելափակել էր մի շարք ռուսաստանցի երգիչների և արտիստների պաշտոնական էջերը, որոնք ներառված են Եվրամիության պատժամիջոցների 14-րդ փաթեթում՝ Ուկրաինա Կրեմլի ներխուժմանը աջակցելու համար:
Փորձագետները նշում են՝ YouTube-ի փաստացի արգելափակումը Ռուսաստանում կարող է ազդել Google-ին պատկանող այլ ծառայությունների աշխատանքի վրա այդ երկրում։
Թե ինչ հետևանքներ կունենա այս ամենը ռուսաստանցիների համար, «Ամերիկայի ձայնը» մեկնաբանություն խնդրեց Resonance թվային գործակալության գործադիր տնօրեն Դաշա Եվսեևայից։
«Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ YouTube-ի ամբողջական արգելափակումն էականորեն կազդի մեր աշխատանքի վրա։ Մոնետիզացիան փակվել էր 2022 թվականին, և արդյունքում YouTube-ը վաղուց դադարել է լինել [ռուսաստանյան] գովազդի հիմնական հարթակ: Մեր նախագծերում [գովազդի] տեղաբաշխման ընդհանուր ծավալի մոտ 15%-ն է բաժին հասնում YouTube-ին։ Կարծում եմ՝ կզարգանան վիդեոհոսթինգի այլ կայքեր։ Եթե անգամ մեծամասնության սկզբնական արձագանքը լինի, թե «ամեն ինչ կորած է, ինչպես կարող ենք ապրել առանց YouTube-ի», բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ տեղը կընկնի։ Հայտնիների ճնշող մեծամասնությունը, չծրագրելով ամբողջությամբ լքել YouTube-ը, արդեն իսկ ակտիվորեն աշխատում է այլ հարթակներում՝ VK-ում, Rutube-ում, Dzen-ում, Likee-ում և այլն»:
Առկա է, սակայն, այլ միտում։ Չնայած Ռուսաստանում YouTube-ի հասանելիության հետ կապված խնդիրներին, բլոգեր, քաղաքական գործիչ Մաքսիմ Կացը նշում է, թե հարթակում քաղաքական բովանդակություն մատուցող ռուսալեզու ալիքների նկատմամբ նախորդ շաբաթներին հետաքրքրությունն աճել է:
«Ռուսաստանից դիտումների և Ռուսաստանից նոր բաժանորդների թվի կտրուկ աճ ենք գրանցել։ Հետաքրքիր արդյունք ստացվեց։ YouTube-ի վիճակագրությունից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում ծառայության տրաֆիկի մոտ 20%-ոց անկում կա։ Մանկական և զվարճալի բովանդակության դիտումների զգալի անկում կա: Արդյունքում՝ սոցիալական և քաղաքական բովանդակությունը դարձել է ավելի մրցունակ YouTube-ի ալգորիթմների շրջանակներում: Այսինքն, եթե նախկինում հեռուստադիտողին ցուցադրվում էր զվարճալի տեսանյութ գլխավոր էջում, ապա այժմ զվարճալի տեսանյութը շատ դիտումներ չի հավաքում, քանի որ նրա բոլոր դիտողները հեռացել են։ Իսկ իմ դիտողները մնացել են։ Նրանք միանում են VPN-ների միջոցով։ Իմ տեսանյութերը բարձրանում են և արդյունքում հասանելի դառնում մեծ թվով հեռուստադիտողների»,- ասել է Կացը։
Ըստ Novaya Gazeta Europe-ի՝ Ռուսաստանում YouTube-ի դանդաղեցման հիմքում Google-ի որոշումն էր արգելափակել Կրեմլի քարոզչությամբ զբաղվող ալիքները։ 2024 թվականի մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում YouTube-ը գոցել է 3,6 հազար նման ալիք, ինչը Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից ի վեր YouTube-ում արգելափակված կրեմլամետ ալիքների ընդհանուր թվի 38%-ն է։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարի 24-ից վիդեոհոսթինգը փակել է կրեմլամետ քարոզչությամբ զբաղվող մոտ 8 800 ալիք։
ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում հետևում է, թե ինչպես են Ռուսաստանի իշխանությունները հետևողականորեն փորձում սահմանափակել երկրի քաղաքացիների իրավունքը՝ ստանալ անկողմնակալ տեղեկատվություն, և այն լուրերը, թե Կրեմլը դանդաղեցնում ու արգելափակում է YouTube-ը, նշվածի ևս մեկ հաստատումն է։
«Շարունակում ենք կոչ անել Կրեմլին՝ վերջ տալ սեփական ժողովրդի հնարավորության արգելափակմանը՝ տեղեկություն ստանալու գործում։ Նախկինում ևս նշել ենք, որ եթե արգելափակում եք ձեր իսկ քաղաքացիների հնարավորությունը տեղեկություն ստանալ գործողությունների մասին, ապա այն նշան է, որ այդ գործողությունները կարող են ապօրինի լինել»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: