Հայփոստի շենքում այսօր բողոքի ցույց են արել այնտեղ իրենց գործունեությունը տարիներ շարունակ իրականացնող առեւտրականները: Կառավարության կողմից Հայփոստի շենքի գերակա շահ ճանաչելու որոշումից հետո նրանք այլեւս հնարավորություն չունեն իրենց տնտեսական գործունեությունն այնտեղ իրականացնել:
Հայփոստի շենքում հավաքված առեւտրականներին այսօր լսել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:
Ավագանու անդամ Արշակ Սարգսյանը Aravot.am-ին ասաց, որ լսել են առեւտրականներին, նրանց առաջարկները գրավոր դիմումով հասցեագրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Կարդացեք նաև
«Նրանք առաջարկում են իրենց հնարավորություն տալ իրենց տնտեսական գործունեությունն իրականացնել «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հատվածում, այդտեղ տրամադրել ինչ-որ հատված»,- ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրն իրականացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ