Օգոստոսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը ընդունեց ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային և ենթապատվիրակության ղեկավարի տեղակալ Զարինա Ատոժոնբային։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ենթապատվիրակության պաշտպանության բաժնի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը և Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Կարապետյանը։
Հանդիպման նպատակն էր երկկողմ քննարկել ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության աշխատանքները, մարզում իրականացրած գործունեության արդյունքները, ինչպես նաև ներկայացնել հետագա անելիքները և համագործակցության հեռանկարները։
Մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը բարձր գնահատեց ԿԽՄԿ Գորիս ենթապատվիրակության աշխատանքները մարզում՝ հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության հարցում, ինչպես նաև իրականացրած տարաբնույթ ծրագրերի արդյունքները, որոնք միտված են խոցելի խմբերի սոցիալական բեռի և սոցիալ-հոգեբանական խնդիրների մեղմմանը։
Աշխատանքների ներկայացման ընթացքում Գորիսի ենթապատվիրակության անդամները, ի թիվս մի շարք ծրագրերի, հատկապես կարևորեցին Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների հետ տարվող համակողմանի աշխատանքները, որոնք իրականցվելու են «Սատարման ծրագրի» շրջանակներում։
Կարդացեք նաև
Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև իրականացնել համապատասխան դասընթացներ դատաբժշկական հաստատությունների համար, ինչպես նաև ցուցաբերել տեխնիկական աջակցություն՝ համալրելով ժամանակակից սարքավորումներով։
Մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը ներկայացրեց 44-օրյա պատերազմի ժամանակ մարզից անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող աջակցության մասին տեղեկատվություն։
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ իրականացվող և իրականացվելիք ծրագրերը կնպաստեն խոցելի խմբերի խնդիրների լուծմանը, ոլորտում մի շարք գործընթացների արդյունավետությանը, իսկ արդյունավետ և ընդլայնված համագործակցությունը կարձանագրի նոր ձեռքբերումներ։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ