Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հարցումներով հասկանալի է, որ հայ ժողովրդի մեծամասնությունն իր ապագան տեսնում է Եվրամիության հետ»․ ի՞նչ կտա ԵՄ-ին անդամակցելը

Օգոստոս 19,2024 21:21

Այսօր Aravot.am-ը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս հրավիրած, Եվրամիությանն անդամագրվելու նախաձեռնությամբ հանդես եկող «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանից, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանից, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից և «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Եվրոպան սպասում է մեզ։ Մենք հիշեցրեցինք, որ բազում կարծիքներ են հնչում, այդ թվում դիվանագետներից, որ որքան էլ Հայաստանը փոխի իր ուղեգիծը, Եվրոպայում մեզ չեն սպասում։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն, անդրադառնալով մեր հարցադրմանն, ասաց․ «Որպես ԵՄ-Հայաստան քաղհասարկության պլատֆորմի համակարգող՝ պատասխանը հիմնականում և հետևողականորեն այն է, որ պետք է դիմել, որպեսզի հասկանանք՝ արձագանքը դրական կլինի, թե բացասական։ Առանց դիմելու, առանց այդ քայլը կատարելու ոչ մի պատասխան չկա։ Նաև ուզում եմ անդրադարձ կատարել դարձյալ հնչող մտահոգություններին, թե սա պատեհ պահը չէ։ Այս գործընթացը սկսելու, ԵՄ անդամակցության մեկնարկը հռչակելու, նաև իշխանության վրա ճնշումներ գործադրելու ճիշտ պահը չէ, այդ դեպքում ուզում եմ հարց տալ՝ բա ե՞րբ է ճիշտ պահը, ո՞վ է երբևէ կարողանալու ասել՝ ե՞րբ է ճիշտ պահը»։

Ըստ նրա, գուցե վաղն այնպիսի իրավիճակ լինի, որ չկարողանան մտածել հանրաքվեի մասին, այս պահին տարբեր հարցումներով հասկանալի է, որ ժողովրդի մեծամասնությունն իր ապագան տեսնում է Եվրամիության հետ, ուրեմն սա ճիշտ պահն է գործընթացը սկսելու։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ ասաց, որ այս գործընթացով պարզ կդառնա, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր ապագային, դրանով էլ կերևա, թե եվրոպացիներն ինչպես կվերաբերվեն մեր մտադրություններին։

«Այդպիսի հայտը կարևոր իրողություն է ներկայացնում․ այն, որ հայ ժողովուրդը պատրաստ է երկարաժամկետ, ծանր ճանապարհ անցնելու, որպեսզի համապատասխանի Եվրամիության անդամության այն չափանիշներին, որոնք որևէ անդամի նկատմամբ դրվում են։ Այդպիսի հանձնառության ստանձնումը՝ ստանդարտներ, բարեփոխումներ, ոչ թե ձևական, այն, ինչ մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ, այլ իրապես քայլեր, որոնք ցավոտ են լինելու։ Բայց դրանք երաշխավորելու են Հայաստանի Հանրապետությունը և որևէ ջանք, որևէ աշխատանք մեզ չի կարող ուղղակի վախեցնել այս ճանապարհից։

Դա վախեցնում է շատ կոնկրետ այսօրվա իշխանություններին, այո, իրենք չեն ուզում աշխատել, և իրենք չեն ուզում բարեփոխումների վերաբերյալ կոնկրետ քայլեր անել, մենք տեսնում ենք, որ պառազիտությունը և թամբալությունն ու անգյալությունը պատել են մեր երկրին և այդ տեսակ ռեժիմն, այո, մերժում է այն աշխատանքը, որը ենթադրում է, որ մենք անդամակցության մեկնարկով պիտի սկսենք օրնիբուն ջանք գործադրել, որպեսզի կարողանանք մեր պետության ներքին որակը, ներքին դիմադրողականությունը բարձրացնել և կենսունակ լինել այս տարածաշրջանում, մնալ որպես ինքնիշխան, որպես զարգացող պետություն, այլ ճանապարհ չկա»։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Եվրոպայում սպասում են մեզ, բայց ուզում են այդ չափանիշներին համապատասխանենք։

«Այնտեղ մեզ սպասում են, բայց սպասելով հանդերձ՝ ուզում են, որ մեր տնտեսությունն այդ չափանիշներին համապատասխանի, որպեսզի մեր տնտեսություն այդ չափանիշներին համապատասխանի, մենք պիտի հայտ ներկայացնենք, ասենք՝ այո, ուզում ենք ձեր ընտանիքի մասը դառնալ, որպեսզի իրենք էլ օգնեն մեզ, որ մեր տնտեսությունն այդ չափանիշներին համապատասխանի, որ դառնանք այդ ընտանիքի անդամության թեկնածու»,-ասաց Արամ Սարգսյանը։

Հայաստանը, ըստ նրա, այնպիսի հակազդեցություն պետք է ցուցաբերի, որ Ադրբեջանը երկար մտածի՝ պատերազմ սկսել, թե՞ չէ, մեր անվտանգությունն ուժեղացնելու համար պետք է սպառազինվել, իսկ մենք սպառազինվելու հնարավորություն ունենք միայն Արևմուտքից։ Բանախոսի համոզմամբ, Ռուսաստանը Հայաստանին զենք չի տալու, և որ ՌԴ-ն Ադրբեջանի բարեկամն է, երեկ ողջ հայությունը տեսավ՝ Պուտինի, Իլհամ Ալիևի և նրա կնոջ փոխադարձ սիրո ցուցադրմամբ։ Արամ Սարգսյանի ասելով՝ ՌԴ-ի հետ մնալը ոչինչ չի տալու, մնացինք Ռուսաստանի հետ, կորցրեցինք Արցախը։

«Տարածաշրջանում դու պիտի լինես, հետո համագործակցես, երբ որ քո տնտեսություն՝ էներգետիկայով ու արդյունաբերությամբ, 90 տոկոս Ռուսաստանինն է, երբ որ քո սահմանները պաշտպանում է Ռուսաստանը, դու ՀԱՊԿ անդամ ես, ԵԱՏՄ անդամ ես, դու ո՞վ ես այդ տարածաշրջանում, քո հետ ինչո՞ւ պիտի խոսեն, կխոսեն Պուտինի հետ էլի, դու ո՞վ ես, դու ոչ մի բան ես էդտեղ»,- ասաց Արամ Սարգսյանը։

«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանն էլ կարծիք հայտնեց, որ ԵՄ-ին անդամակցելու ճիշտ պահերը բաց ենք թողել։ Նա թվարկեց ճիշտ պահերն՝ ասելով, որ 30 տարի շարունակ մեկը մյուսի հետևից կորցրել ենք դրանք։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031