Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Հայաստանի իշխանությունը ուրախների եւ հնարամիտների մի ինչ-որ խմբակ է՝ ոտանավոր գրող, խաշլամա ուտող, հեծանիվ քշող, լոբի մաքրող»

Օգոստոս 19,2024 20:44

«Ռադարներն արձանագրել են, որ երեկ գիշեր ժամը 23:00-23:15-ի սահմաններում թուրքական «Բայրաքթար TB» տիպի անօդաչու թռչող սարքը Թուրքիայի տարածքից մուտք է գործել Հայաստանի տարածք: Ի դեպ, այդ ժամանակաընթացքում Երեւանի մի ամբողջ հսկայական տարածք հոսանքազրկված է եղել:

Աբսուրդն այն է, որ թուրքական «Բայրաքթարը» մուտք է գործում Հայաստանի Հանրապետության օդային տարածք եւ դրան պաշտոնական որեւէ հաղորդագրություն՝ ոչ հաստատում, ոչ հերքում չկա: Այս ամենը հերթական անգամ այն մասին է, որ մենք չունենք իշխանություն: Հայաստանի իշխանությունը ինչ-որ մի խումբ է, ուրախների եւ հնարամիտների մի ինչ-որ խմբակ է՝ ոտանավոր գրող, խաշլամա ուտող, հեծանիվ քշող, լոբի մաքրող, որն ընդամենը զբաղված է սեփական բարեկեցությամբ եւ սեփական ժամանցով»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի որեւէ օդանավ կամ անօդաչու սարք հատեր Ադրբեջանի կամ Թուրքիայի օդային սահմանը: Ի՜նչ համաշխարհային աղմուկ կբարձրացվեր եւ ինչպե՜ս կարձագանքեին դրան տվյալ երկրների պատկան կառույցները: Իսկ մեզ մոտ՝ քար լռություն:

Մենք տեսնում ենք, որ նիկոլական ռեժիմը այլեւս չունի որեւէ գործառույթ, որովհետեւ Հայաստանի մասին արդեն բանակցում են առանց Հայաստանի, Հայաստանի մասին որոշումներ արդեն կայացվում են առանց Հայաստանի: Եվ քանի որ այս ուրախների եւ հնարամիտների նիկոլական КВН-շչիկների կլուբը ոչինչ չունի անելու, նրանց մնում է հեծանիվ քշել: Նախօրեին տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը բավականաչափ անտաղանդ ոտանավոր էր երկնել, կինն էլ, տեսնում ենք, տոլմա է փաթաթում, լոբի է մաքրում:

Սա կողքից դիտողի համար կարող էր զվարճալի լինել, եթե մենք կանգնած չլինեինք պետության եւ պետականության կորստի շեմին, եթե Ադրբեջանը անընդհատ չներկայացներ ուլտիմատումներ: Պատկերացնո՞ւմ եք, Ադրբեջանի նախագահի արտաքին միջազգային կապերով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը անում է սենսացիոն հայտարարություն, որ Նիկոլ Փաշինյանը բանակցել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ Հայաստանի սահմանադրության փոփոխության շուրջ եւ տվել է իր համաձայնությունը: Եվ դրա վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խոսում: Ընդամենը ԱԳՆ-ն վախվորած մի հայտարարություն է անում, ասում է, թե մեր սահմանադրության փոփոխությունը մեր ներքին խնդիրն է: Բայց որեւէ մեկի «դուխը» չի հերիքում հայտարարելու, որ Ամիրբեկովը ստում է:

Դուք պատկերացնում ե՞ք, որ նախկին որեւէ նախագահ բանակցեր Ալիեւի կամ հոր հետ Հայաստանի ներքին օրակարգին վերաբերող որեւէ խնդրի շուրջ: Ընդդիմադիր Նիկոլը առաջինը կպահանջեր հրապարակում դնել կախաղաններ, գիլիոտին եւ ժողովրդին կստիպեր, որ պահանջեն նախկին նախագահների ընտանիքների կախաղանը եւ նախագահներին էլ ենթարկել գիլիոտինի:

Ու այս հասարակության որեւէ սեգմենտ չի ըմբոստանում: Բոլորը լուռ զբաղված են՝ ամեն մեկը իր բաժին կեղծ կամ ֆեյք օրակարգով: Երեկ մեկնարկել է ՌԴ նախագահի պետական այցը Բաքու: Սրան առանձին եմ ուզում անդրադառնալ: Հասկանալի է չէ՞, որ այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահը:

Այցից առաջ Պուտինի աշխատակազմը հայտարարեց, որ Պուտին-Ալիեւ բանակցությունների օրակարգում լինելու է նաեւ  Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, սահմանազատումն ու սահմանագծումը: Ես ուզում եմ տեսնել այն քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին, որը Հայաստանի իշխանություններից պահանջած լինի Պուտինի առջեւ որպես ռազմավարական դաշնակից հստակ խնդիր ձեւակերպել, որ բանակցությունների օրակարգում ներառվի նաեւ հայ ռազմագերիների հարցը, Բաքվում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրն է: Եվ պետք է բոլորս  գնանք Հայաստանում Արցախի ներկայացուցչություն, որպեսզի կարողանանք մեր ձայնը բարձրացնել հանուն Արցախի:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Տիկին Զոհրաբյան, եթե ոտանավոր գրողի, հեծանիվ քշողի ու լոբի մաքրողի հանդիսատեսները կան, ծիծաղողները կան, իսկ դրանց դուրս շպրտողները չկան, այդ մեյմունությունները շարունակվելու են։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031