Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ազնիվ, աշխատավոր ու հերոս ժողովուրդ. դու արժանի ես մեծարանքի․․․», Մանվել Փարամազյան (Ֆոտոշարք)

Օգոստոս 19,2024 20:20

Ավանդույթի համաձայն, այս տարի էլ՝ օգոստոսի 3-րդ կիրակի օրը 66-ամյա Քաջարանը նշեց իր ծննդյան օրը։ Նախ ընդունելություն Քաջարանի համայնքապետարանում․ հրավիրված բոլոր հյուրերը շնորհավորում են համայնքի ղեկավար՝ Մանվել Փարամազյանին, մի գավաթ կոնյակ ըմպում ու բարեմաղթանքներ հղում։

Այնուհետ ծաղկադրում հանուն հայրենիքի զոհված քաջարանցիների հիշատակին․ այստեղ են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, կոմբինատի ղեկավար կազմը, Ազգային ժողովի սյունեցի պատգամավորներ, մարզի համայնքների ղեկավարները, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, Հայաստանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության պաշտոնյաներ, քաղաքի հյուրերն ու բազմաթիվ քաջարանցիներ։

Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանան հոգեհանգստի եւ ոգեկոչման արարողակարգ է կատարում։

Կիրակի Քաջարանի տարբեր բնակավայրերում՝ Բաբիկավանում, Տերյան եւ Բակունցի փողոցներում բացվեցին խաղահրապարակներ ու պուրակներ։

 

Դրանք իրականություն են դարձել ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով, որոնց մասնակցել է նաեւ ԶՊՄԿ-ն։ Գլխավոր հանդիսությունը քաղաքի մշակույթի պալատում էր․ ամփոփում են մեկ տարվա աշխատանքը։

Դահլիճ է մտնում Քաջարանի ամենատարեց բնակչուհին՝ 104-ամյա Արշալույս տատը։ Նրան դիմավորում են Քաջարանի համայնքապետն ու Սյունիքի մարզպետը։ Արշալույս տատը ճանաչում է երկուսին՝ ու անկեղծանում նեղսրտված։ «Իմ ծննդյան օրը չկայիր, ընկեր քաղաքապետ»,-դիմելով Մանվել Փարամազյանին ասաց Արշալույս տատը։

«Քաջարանցին կերտել է իր ուրույն բնավորությունը»,-ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն՝ ավելացնում՝ քաջ քաջարանցին նախ եւ առաջ ասոցացվում է աշխատանքի հետ։

«Շնորհավորում եմ իմ ու 4500 աշխատանքային կոլեկտիվի՝ ԶՊՄԿ-ի անունից։ Այստեղ մի փոքրիկ կրկնաբանություն կա։ Քաջարանի բնակիչները մեծամասամբ կոմբինատի աշխատակիցներ են, իսկ կոմբինատի աշխատակիցները մեծամասամբ Քաջարանի բնակիչներ են։ Ստացվում է՝ քաջարանցիներն են շնորհավորում են իրենք իրենց․ ուրախ եմ արձանագրելու, որ քաջարանցիների ձեռքբերումները կոմբինատի հաջողություններն են։ Տարեցտարի Քաջարանում կյանքը բարելավվում է․ քաղաքը դառնում է ժամանակակից ու հարմարավետ»,-իր ելույթում նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

«Իմ ազնիվ, աշխատավոր ու հերոս ժողովուրդ։ Դու արժանի ես մեծարանքի, կոչումների ու շքանշանների»,-համոզված է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

 

Քաջարանի համայնքապետի կողմից գնահատանքի արժանացան տարբեր ոլորտներում ներդրում եւ վաստակ ունեցող 25 քաջարանցի։ Նրանց թվում էին ԶՊՄԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը, «Աժդանակ» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Ղազարյանը («Աժդանակ»-ի գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում-Ա․Դ․)

Ի դեպ, նշենք, որ «Առավոտ»-ի 30-ամյակի կապակցությամբ օրեր առաջ Քաջարանի համայնքապետի պատվոգրի էր արժանացել լրագրող Արմեն Դավթյանը՝ «Քաջարան համայնքը հավուր պատշաճի լուսաբանելու համար»։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031