19 տարեկան էր Վոլոդյա Հարությունյանը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Կրտսեր սերժանտ էր, հրանոթի հրամանատար։ 2020-ի հոկտեմբերի 15-ին վիրավորվել է՝ ձախ ոտքի, թոքի, ձեռքի ու գլխի լուրջ վնասվածքներ։ 5 վիրահատություններից հետո արդեն իրեն լավ է զգում։
Վոլոդյա Հարությունյանը մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին, անցել է մասնագիտական վերապատրաստման և բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներ, բայց ծրագրի ավարտին բիզնես պլան չի ներկայացրել։ Կարծում է, որ բիզնեսում հաջողելու կարևոր գրավականներից է գիտելիքը, և հենց դա է պատճառը, որ մասնագիտական վերապատրաստման բաղադրիչով հաշվապահություն է սովորել։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի օգնությամբ Վոլոդյան նախ 5 ամիս հաշվապահական դասընթացներ է անցել մայրաքաղաքի կրթական կենտրոններից մեկում, ապա աշխատելու համար նաև համակարգիչ նվեր ստացել։
«Ի սկզբանե վստահ եմ եղել, որ ծրագիրը հաջողելու է և հասնելու է իր արդյունքին», ասում է Վոլոդյա Հարությունյանը և ծրագրի մյուս շահառուներին հորդորում չհուսահատվել և համբերատար սպասել ծրագրի ավարտին։