Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Սուրմալուի» պայթյունի համար ԱԻՆ-ից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից ոչ ոք պատասխանատվություն չի կրել, հրաժարական չի տվել, պաշտոնից չի հեռացվել, այլ եղել է ծառայողական առաջխաղացում»

Օգոստոս 19,2024 19:25

Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ երկու տարի առաջ այս օրերին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում մարդկային զոհեր պատճառած պայթյունին, որն այսօր ըստ էության մոռացության է մատնվել եւ որի համար մինչեւ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

«Ես ուզում եմ մեր հասարակության հիշողությունը թարմացնել մի քանի փաստերով: Այդ ողբերգությունից մի քանի օր առաջ Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանում կան ադրբեջանական առնվազն երկու դիվերսիոն խմբեր: Ու մինչ օրս դրանց ձերբակալելու, վնասազերծելու, չեզոքացնելու վերաբերյալ տեղեկություն չի տարածվել: Բայց «Սուրմալուի» ողբերգությունը որ տեղի ունեցավ, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է բացառել ահաբեկչության վարկածը:

Ես ուզում եմ իմանալ. եթե նախաքննություն տեղի չէր ունեցել, եթե ոչ մի վարկած պաշտոնապես չէր հաստատվել կամ չէր հերքվել, գործադիր իշխանության ղեկավարը ո՞նց է բացառում վարկածներից մեկը, ընդ որում, ամենահավանականը: Ամենահավանական այն իմաստով, որ ԱԺ նախագահն է տեղեկություն տվել, որ Հայաստանում կան ահաբեկչական խմբեր: Հետեւաբար, վարչապետը ո՞նց է միանգամից հերքում Երեւանի կենտրոնում, երկու ամենախոշոր առեւտրական կենտրոններից մեկի տարածքում տեղի ունեցած հզոր պայթյունի ահաբեկչական վարկածը, որի կադրերը ցույց են տալիս, որ պայթյունը եղել է ոչ թե վերեւի հարկերում, որտեղ իրենք ասում են, տեղակայված է եղել պահեստը, այլ շենքի հիմքերում, որն այդ պահեստի հետ որեւէ կապ չուներ:

Դրանից հետո պաշտոնապես հաստատեցին, որ պահեստում եղել է 4 տոննա պայթուցիկ նյութ: Ոչ ոք պատասխան չտվեց, թե ինչի են թույլատրել, որ չորս տոննա պայթուցիկ նյութի պահեստավորման վայրը լինի Երեւանի կենտրոնի ամենաբանուկ տոնավաճառներից մեկը, այլ ոչ թե, ասենք, Երեւանի մերձակա տարածքներում գտնվող պահեստներից մեկը: Մանավանդ, որ այդ ապրանքը  կաթնամթերք չի, որ թարմ-թարմ բերեն, հասցնեն: Ու նաեւ այն դեպքում, երբ երկրում լուցկու ներմուծումից սկսած, մինչեւ վաճառքը, թույլտվությունների շղթա է անցնում:

Բայց ԱԻՆ-ից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չկրեց, ոչ մի քաղաքական պաշտոնյա «Սուրմալուի» դեպքի հետ կապված հրաժարական չտվեց, պաշտոնից չհեռացվեց: Դրա փոխարեն եղել է ծառայողական առաջխաղացում: Այդ ժամանակվա ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հետագայում դարձել է ՆԳ նախարար, որի կազմում մտնում է նաեւ ԱԻՆ-ը: Արտակարգ իրավիճակների այդ ժամանակվա նախարար  Արմեն Փամբուխչյանը դարձավ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի շտաբի պետ, այնուհետեւ՝ Երեւանի փոխքաղաքապետ»,-հիշեցրեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը:

Էդգար Ղազարյանը նաեւ եզրակացրեց, որ մեր երկրում կարող է զոհվել մոտ երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ հղի կին, երեխա, որ այդ մահացողներից ոչ մեկը ոչ մի սխալ բան չի արել, ոչ մի անթույլատրելի տեղ չի գնացել, ոչ մի նորմ չի խախտել, ոչ մի արգելված գործողություն չի արել: Դա նշանակում է, որ նրանց մահվան մեջ ինչ-որ մեկը մեղք ունի: Ու այդ մեղք ունեցողներից գոնե մեկը մինչեւ այսօր դեռ հայտնի չէ:

«Դեհ, այսքանից, որ Ազատ գյուղի կացարանում 15 զինծառայող է մահանում, դրա համա՞ր ով պետք է պատասխանատվություն կրի: Պարզ է չէ՞, ոչ մեկը: Այսինքն, սրանց համար տասնյակներով Հայաստանի քաղաքացի սպանելը սովորական, անպատասխանատու, անպատիժ գործողություն է»,-ասաց Էդգար Ղազարյանը:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031