Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը կասի՝ մնալ Ռուսաստանի հետ նույն ուղեծրո՞ւմ, թե՞ գնալ դեպի Եվրոպա»․ ԵՄ անդամակցության հարցով սկսվում է ստորագրահավաք

Օգոստոս 19,2024 18:45

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ ներկայացնելով Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության մեկնարկն ու խոսելով դրա անհրաժեշտությունից։ Նրանք հարցնելու են ժողովրդի կարծիքը, այդ նպատակով սկսելու են ստորագրահավաք։ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում հնարավորություն կլինի հանրաքվե նախաձեռնելու։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս նպատակի համար ստորագրահավաք կսկսվի սեպտեմբերին, ձևավորվել է նախաձեռնող խումբ, որի լիազոր ներկայացուցիչ ընտրվել է Արտակ Զեյնալյանը։

Բանախոսները Եվրամիության անդամակցման անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորում են անվտանգային գործոնով։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ասաց․ «Այն բոլոր վտանգներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ Պուտինի Բաքու այցից, կարծում եմ մենք մաքսիմալ կարող ենք նաև այդ իմաստով անվտանգային բարձիկներ ապահովել մեզ համար, եթե կարողանանք այս նախաձեռնությունն իրապես կենսագործել, կյանքի կոչել։ Առաջին պատճառն այս նախաձեռնության անվտանգային գործոնն է։

Եվ այն սպառնալիքները, որոնց մասին ոչ միայն փորձագիտական դաշտում է խոսվել, այլ արտգործնախարարությունն է հայտարարությամբ հանդես եկել, ասել, որ նոյեմբերի վերջին Հայաստանի նկատմամբ կարող է ագրեսիա գործադրվել, մեր նախաձեռնության հիմքում նաև այդպիսի հեռանկարը չեզոքացնելն է։

Եվ մենք շարունակում ենք հավատալ, որ այս նախաձեռնության մեկնարկն էլ ավելի է ամրապնդելու Հայաստանի դիրքերը, Հայաստանի նշանակությունը Արևմուտքի, եվրոպացի մեր գործընկերների համար։ Եվ այդ իմաստով այս գործընթացը շատ ավելի ենք կարևորում, քան բուն Եվրամիության անդամակցությունը, որովհետև ժողովրդի մասնակցությամբ այս գործընթացը հանձնարարական է Հայաստանի գործող և ապագա բոլոր քաղաքական իշխանություններին և ընդդիմություններին՝ հետևյալ այս ընթացքին, այս հանձնարարականին, այս առաջադրանքին, որ հիմա մենք պատրաստվում ենք դիմել ժողովրդին և նրանից ստանալ համաձայնություն Եվրոպական Միության անդամակցության հայտ ներկայացնելու և ի վերջո՝ անդամ դառնալու։

Հետևաբար կարծեմ, որ նաև Գյումրիում լրագրողների հետ հանդիպման այս հնարավորությունը շատ նշանային է, Գյումրիում է նաև ռուսական ռազմաբազան, հասկանալի է, որ Հայաստանը վերստին անկախանալու գործընթաց է մեկնարկում այս նախաձեռնությամբ»։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էլ կարծիք հայտնեց, որ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը չեն կարող անընդհատ պետությունում տեղի ունեցող հակաժողովրդավարական զարգացումների արձագանքողը լինել, անհրաժեշտ է նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել։

«Սա նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնելու մի հնարավորություն է, որպեսզի մենք անընդհատ չսպասենք, թե մեր հայտնի ոխերիմ բարեկամ գերտերությունից ինչ ուղղորդված ալիքներ պետք է գան, որպեսզի մենք բոլորս դիմակայենք ու պաշտպանենք Հայաստանի ժողովրդավարական ապագան, հակառակը մենք այս նախաձեռնությամբ ինքներս պիտի օրակարգ ստեղծենք»։

«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանն էլ պարզաբանեց, թե ստորագրահավաք են անցկացնում, որպեսզի խոսի ժողովուրդը, ոչ թե ժողովրդի անունից խոսեն պաշտոնյաները, քաղաքական գործիչները։

«Ինչի՞ տակ ենք մենք կոչ անում ժողովրդին ստորագրելու։ Մեր գործընկերները՝ իրավաբանները, պատրաստել են օրենք, օրինագիծ, որի աջակցությունը մենք խնդրում ենք ժողովրդից։ Այն կոչվում է է «Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի Հանրապետության մեկնարկի մասին օրինագիծ կամ օրենք»։ Մենք ոչ թե պարզապես կոչ ենք անում գալ և ստորագրել, մարդիկ պետք է հասկանան ինչ ենք մենք խնդրում ժողովրդից։ Մենք խնդրում ենք աջակցելու Եվրամիությանն անդամակցելու նախաձեռնությանը։

Եվ երկրորդը՝ սա վերջնագիր չէ, մենք հասկանում ենք, որ մենք գործիք ենք տալիս նաև պետությանը։ Ես չեմ ասում՝ կառավարությանը կամ իշխանությանը, ասում եմ պետությանը։

Մենք այսօր տարբեր տեղերից, տարբեր ճամբարներից լսում ենք, որ սա ժամանակավրեպ է, սա արկածախնդրություն է, ի՞նչն է արկածախնդրություն, ժողովուրդ։ Նման բաներ ասելը դա ստրկամտության դասական արտահայտում է։

Ժողովուրդ, մենք դիմում ենք ձեզ, որովհետև պետությունը նախևառաջ դուք եք, մենք ենք, այլ ոչ թե իշխանավորները միայն, մենք իրենց ընտրել ենք, նրանք հաշվետու են մեր, ձեր առաջ, և մենք պետք է սովորենք, որ որոշումը, հատկապես նման հարցում ընդունում է ժողովուրդը։ Եվ մարդիկ, ովքեր քննադատում են այս հանրաքվեի գաղափարը, մոռանում են, որ մենք գործում ենք Հայաստանի գործող Սահմանադրության շրջանակներում, որի 205-րդ հոդվածը թելադրում է, որ որևէ մեր պետական կառույցներում Հայաստանի Հանրապետությունը կարող է անդամակցել միմիայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն այն, ինչ անում ենք, ոչ միայն օրինական է, ուզում ենք ժողովրդին վերադարձնել այս որոշմանը մենաշնորհը։ Այդ մենաշնորհը չունի որևէ պաշտոնյա՝ ըստ Սահմանադրության։

Եվ վերջինը՝ ինչո՞ւ ենք մենք հենց հիմա արել, անվտանգային անհանգստություններից ելնելով; Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանն ու ողջ աշխարհը անցնում են շատ վտանգավոր և մարտահրավերներով լի մի ժամանակաշրջան, և այստեղ շատ կարևոր է ապահովել Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը», -ասաց Տիգրան Խզմալյանը։

«Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց՝ պիտի հասկանալ 2018 թվականին տեղի ունեցածը իշխանափոխությո՞ւն էր, թե՞ հեղափոխություն։

«Եթե մնալու է նույնը, ուրեմն էդ իշխանափոխություն էր, իսկ եթե Հայաստանն իր ուղղությունը պիտի փոխի այդ հեղափոխությունից հետո, բոլորի մոտ հարց է առաջանում Հայաստանը մնալու է Ռուսաստանի հետ նույն ուղեծրո՞ւմ, թե՞ ուղղությունը փոխելու է։ Էդ ումից ենք հարցնելու․ ժողովրդից, ժողովուրդը կասի՝ փոխելու ենք ուղղությունը, փոխենք ուղղությունը, չի հավաքվի, չի ստորագրի, չենք փոխի ուղղությունը, ուրեմն ժողովուրդն էդ է ուզում, ծայրագավառ դառնալ»։

Նա համոզված է, որ տարածաշրջանը հնարավորություն ունի մինչև 2030 թվականը Եվրամիության մաս դառնալու, Եվրամիությունը այդ հնարավորությունը տվել է։

«Մեզ համար ամենակարևորն այն է, որ այսօրվա պարագայում մենք Հայաստանի Հանրապետության համար ստեղծենք անվտանգության բարձիկ, իսկ անվտանգության բարձիկ բացի ռազմականից միակ հնարավոր տարբերակը քաղաքականն է, իսկ քաղաքական առումով, որպեսզի Ադրբեջանը չկարողանա Եվրամիության անդամ այլ պետություններից զենք գնել, Հայաստանը պետք է հայտ ներկայացնի, որ ինքն ուզում է Եվրամիության անդամ դառնալ, որպեսզի կարողանա Եվրամիության մյուս անդամ երկրներին սաստել, որ նրանք զենք չվաճառեն Եվրամիության անդամ դառնալ չցանկացող Ադրբեջանին։

Երկրորդ՝ Եվրամիության անդամ գնացող Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը կխորհրդանշի միանշանակ Ռուսաստանի դրդմամբ, առավել ևս Պուտին-Ալիև հանդիպումները Ալիևին ամբողջովին տանելու է այդ դաշտի վրա, ինչը մեզ շատ ձեռնտու է, ինչ կարելի է արտաքին քաղաքական ձեռքբերում համարել, որ Ալիևը Ռուսաստանում է հիմա, մենք գնում ենք դեպքի Արևմուտք։ Հիմա իշխանությունը քայլ չի անում, որ գնա Արևմուտք, Ալիևը Ռուսաստանում է, մենք էլ չգիտենք, մենք թղթերով Ռուսաստանում ենք,բայց ոչ թղթերով ամեն օր կռվում ենք Ռուսաստանի հետ,ՀԱՊԿ-ին չենք գալիս, թուղթը չենք ստորագրում, էս չենք անում։

Ալիևը չգիտեմ Սերբիայից ու Իտալիայից զենք է գնում, հետը պայմանագրեր է կնքում, իրենք էլ ասում են՝ ինչ խնդիր կա, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ԵԱՏՄ անդամ է, Ալիևը ոչ ՀԱՊԿ անդամ է, ոչ էլ ԵԱՏՄ անդամ է, ինչի չպիտի վաճառեն։ Էստեղ մենք պիտի քայլ անենք, չտեսնել, չհասկանալ անհնար է», -ասաց Արամ Սարգսյանը։

Արման Բաբաջանյանն էլ հավելեց, որ իրենք չեն ցանկանում այս օրակարգով առճակատման գնալ իշխանության հետ, մանավանդ որ իշխանությունը հայտարարում է, որ սա նաև իրենց օրակարգն է։

«Մենք հրավիրում ենք տեր լինել այն օրակարգին, որի մասին ամեն օր հայտարարում են, եթե անկեղծ են, ուրեմն իրենք այստեղ պետք է լինեն։ Մեր հանդիպումները իշխանական տարբեր ներկայացուցիչների հետ ցույց են տալիս, որ հիմնական դիրքորոշումը վախերով է պայմանավորված, վախում են ռուսներից, վախում են Իրանից, վախում են թուրքերից, վախում են ադրբեջանցիներից, մենք ասում ենք՝ ժողովուրդն ի վիճակի է օգնել, որպեսզի իշխանությունը հաղթահարի էդ վախը։ Դուք վախում եք, ժողովուրդը վերցնում է իր վրա այս պատասխանատվությունը և առաջ է տանում այս օրակարգը, դուք չեք կարող, ուրեմն ժողովուրդը կանի»,- ասաց Արման Բաբաջանյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031