Վերջին տարիներին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը եղել է տնտեսական աճի շարժիչներից մեկը: Սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ այս ռազմավարական ճյուղը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Այս հոդվածը կուսումնասիրի ՏՏ ոլորտի ներկայիս վիճակը, նրա առջև ծառացած խնդիրները և հնարավոր լուծումները:
ՏՏ ոլորտի վերելքը և անկման նշանները
2022 թվականից սկսած Հայաստանի ՏՏ ոլորտը զգալի աճ է արձանագրել՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանից տեղափոխված մասնագետների ներհոսքով: Այս ժամանակահատվածում ոլորտը դարձավ ՀՆԱ-ի աճի էական աղբյուր՝ ապահովելով աճի 1-3 տոկոսային կետը: Սակայն վերջին երկու եռամսյակների տվյալները մտահոգիչ պատկեր են ցույց տալիս: Այս միտումը համահունչ է մեր նախորդ վերլուծության հետ․ Դատարկ գրպաններ, բարձր աշխատավարձեր:
Կարդացեք նաև
Ինչպես երևում է գծապատկերից, վերջին երկու եռամսյակներում ոլորտը բացասական աճ է արձանագրել, ինչը կարող է վկայել այս ռազմավարական ոլորտի ճգնաժամի մասին:
ՏՏ ընկերությունների և աշխատակիցների դինամիկան
Գծապատկեր 2.
2024 թվականի առաջին կիսամյակի տվյալները բացահայտում են մի շարք հետաքրքիր միտումներ.
1.Հայաստանում գրանցված ՏՏ ընկերություններ.թիվը կտրուկ նվազել է 5,163-ից մինչև 1,174 (4.4 անգամ):
2.Օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերություններ.եղել է կտրուկ աճ 5,511-ից մինչև 8,180:
Սակայն այս թվերը հակասում են աշխատակիցների թվի դինամիկային: Հայաստանում գրանցված ընկերություններում աշխատակիցների թիվը նվազել է ընդամենը 5.5%-ով: Այս անհամապատասխանությունը կարող է վկայել մի քանի սցենարների մասին՝ տվյալների անճշտություն, փոքր բիզնեսների զանգվածային փակում կամ գրանցման կարգավիճակի փոփոխություններ:
Գծապատկեր 3.
Հետաքրքիր է, որ ըստ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տրամադրած տվյալների, Հայաստանում գրանցված ընկերություններում միջին հաշվով աշխատում է 24.5 աշխատակից, մինչդեռ օտարերկրյա գրանցում ունեցող ընկերություններում՝ միջինը ընդամենը 0.74 աշխատակից: Այս զգալի տարբերությունը կարող է վկայել բազմաթիվ «փոստարկղային ընկերությունների» առկայության մասին։ Ամենայն հավանականությամբ 2024 թվականի առաջին կիսամյակում փակվել են ՀՀ քաղաքացիների կողմից գրանցված «փոստարկղային ընկերությունները» և դրանք վերաբացվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Փոստարկղային կազմակերպությունները գոյություն ունեն հիմնականում թղթի վրա՝ հարկային կամ իրավական նպատակներով, սակայն գրեթե չունեն իրական գործունեություն:
Աշխատավարձերի դինամիկան
Գծապատկեր 4.
Աշխատավարձերի և աշխատակիցների թվի աճի գագաթնակետը եղել է 2023 թվականի սկզբին: Հարկ է նշել, որ կտրուկ աճը սկսվել է 2022 թվականի սկզբին, ինչը համընկնում է Ռուսաստանից տեղափոխվածների ներհոսքի հետ: Սակայն վերջին տարվա ընթացքում նկատվում է աճի տեմպերի դանդաղում:
ՏՏ ընկերությունների Հայաստանում հաստատվելու որոշումը պայմանավորված էր ոչ թե երկրի ներքին առավելություններով, այլ ԵԱՏՄ անդամակցությամբ, որը երաշխավորում է աշխատուժի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ շրջանառություն միության անդամ պետությունների միջև:
Խոշոր ՏՏ ընկերությունների հարկային ներդրումը
Գծապատկեր 5.
Խոշոր ՏՏ հարկ վճարողների ցանկը բացահայտում է մի շարք հետաքրքիր միտումներ: 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 45.9 մլրդ դրամի եկամուտ՝ 123 մլն դրամով ավելի քիչ, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում: ՏՏ ընկերությունների ներդրումը ընդհանուր հարկային եկամուտներում նվազել է 4.8%-ից մինչև 4.4%:
Synopsys Armenia-ն առաջատարն է՝ ապահովելով վճարված շահութահարկի 12%-ը (1.1 մլրդ դրամ): Սակայն ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից ութի դեպքում վճարած հարկերը նվազել են: Հատկապես զգալի անկում է գրանցվել Veeam Armenia, VMware, DataArt և EPAM ընկերությունների դեպքում, ինչը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի նվազմամբ:
ՏՏ ոլորտի անկման պատճառները
1.ՀՀ դրամի արժևորում.2022 թվականի սկզբին մեկ դոլարը արժեր 480 դրամ, իսկ այժմ՝ 386 դրամ: Դրամը ներկայումս ամենաարժևորված արժույթն է փոխարկելի արժույթների շարքում: Այս արժևորումը բացասաբար է անդրադառնում արտահանմանը կողմնորոշված ոլորտների, այդ թվում՝ ՏՏ ոլորտի վրա: 2022-ին դրամի արժևորման հետևանքով շատ տեղական ՏՏ ընկերություններ սնանկացան, սակայն այս միտումը չերևաց ընդհանուր վիճակագրության մեջ՝ օտարերկրյա, հատկապես ռուս ծրագրավորողների մեծ ներհոսքի պատճառով: 2024-ի սկզբին դրամի հետագա արժևորումը (404-ից 386 դրամ մեկ դոլարի դիմաց) նպաստեց ՏՏ ոլորտում նոր սնանկացումների (Կարդացեք ավելին՝ Դրամի դրամա․ Ինչո՞ւ է արժեզրկվում և արժևորվում դրամը): Ի տարբերություն նախորդ շրջանի, այժմ աշխատուժի ներհոսք չկա, այլ նկատվում է ՏՏ մասնագետների արտահոսք:
2.Հարկային քաղաքականության փոփոխություններ. Հայաստանում հարկահավաքությունը դարձել է ինքնանպատակ: Շրջանառության հարկը փոքր և միջին ձեռնարկությունների համար բարձրանում է 5%-ից մինչև 10%՝ 2025 թվականին: Միևնույն ժամանակ, հարևան Վրաստանը ՏՏ ընկերությունների համար սահմանել է ընդամենը 1% հարկ, ինչը գրավիչ է դարձնում այդ երկիրը Հայաստանի ՏՏ ընկերությունների համար:
Կարևոր է նշել, որ Հայաստանի ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները մոտենում են ավարտին: Սերտիֆիկացված ՏՏ ընկերությունների համար նվազեցված 10% եկամտահարկի դրույքաչափը կավարտվի 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ շահութահարկի արտոնությունները արդեն ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ին: Այս արտոնությունների ավարտը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությանը և զարգացմանը, հատկապես հաշվի առնելով հարևան երկրների առաջարկած ավելի գրավիչ պայմանները:
3.Երևանում կյանքի թանկությունը.ՀՀ դրամի արժևորման պատճառով Հայաստանը դարձել է ավելի թանկ օտարերկրյա մասնագետների համար: 2022-2023 թվականներին Երևանում բնակարանի վարձակալության գինը նույնիսկ գերազանցում էր Մոսկվայի գները: Սա նվազեցնում է Հայաստանի երկարաժամկետ գրավչության ապահովումը: Երևանի բարձր կենսական ծախսերի մասին մենք գրել ենք Երևանը Մոսկվայից ավելի թանկ է վերլուծությունում:
4.Կապիտալի արտահոսք.Վերջերս Հայաստանում նկատվում է կապիտալի արտահոսք և ներհոսքի կրճատում: ՏՏ մասնագետները եկան կապիտալի հետ և հեռանում են դրա հետ: Կապիտալի արտահոսքի միտումները մենք նկատել ենք դեռ տարվա սկզբին, ինչպես քննարկվել է Կապիտալի արտահոսք հոդվածում:
Դեպքերի ուսումնասիրություն.Առաջատար ՏՏ ընկերություններ
Երկարաժամկետ հետևանքները և հնարավորությունները
ՏՏ ոլորտի ներկա իրավիճակը ցույց է տալիս զարգացման ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտությունը: 2022-ի ՏՏ մասնագետների ներհոսքը ժամանակավոր էր, և երկարաժամկետ քաղաքականությունը չպետք է հիմնվի դրա վրա: Կառավարության՝ հարկահավաքությունը որպես հիմնական ցուցանիշ դիտարկելը կարող է վտանգել երկարաժամկետ հարկային արտոնությունների ռազմավարությունը, որն անհրաժեշտ է կայուն ՀՆԱ աճի համար:
Առաջարկություններ
1.Հարկային քաղաքականության վերանայում: Հարկային բեռի թեթևացումը կարող է օգնել տնտեսական անկման պայմաններում: Հարկահավաքությանը մենք քննարկել ենք այս նյութում՝ Հայաստանը հարկում է ժամանակը․ Խաղ տնտեսական աճի հետ:
2.Վանաձորը՝ որպես ՏՏ հանգույց: Քաղաքի ռազմավարական դիրքը Երևանի և Թբիլիսիի միջև կարող է օգտագործվել՝ հարկային արտոնություններով ՏՏ մասնագետներին գրավելու համար (կարդացեք նաև՝ Մասնավոր աշխատատեղերի 76 տոկոսը Երևանում է):
3.Դրամի փոխարժեքի կառավարում: Ուժեղ արժույթը բացասաբար է ազդում ՏՏ ոլորտի և արտահանման վրա, սակայն արժեզրկումը կարող է խթանել պետական պարտքի աճը և կապիտալի արտահոսքը։ Այս հանգամանքով է պայմանավորված գրեթե 0-ական գնաճի պայմաններում ԿԲ տոկոսադրույքերը իջեցնելու տարակուսումը։ Այս հարցը արժանի է առանձին վերլուծության։
4.Հասանելի բնակարանաշինություն: Չնայած կապիտալի ներհոսքը հիմնականում գնացել է բնակարանաշինություն, այս հարցը դեռ լուծում է պահանջում:
Առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն Հայաստանի ՏՏ ոլորտի ապագայի համար:
Թավադյան, Աղ․Ա․ (2024)․ SOS ՀՀ ՏՏ․ Վայրիվերում ոլորտում