Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքի հիմնասյունը երեխան է»․ ծրագրեր սփյուռքից՝ հայրենիքի համար

Օգոստոս 19,2024 16:08

2014թ․-ից մինչ օրս Հայաստանի մարզերի գրեթե բոլոր սահմանամերձ բնակավայրերում բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքների համար բարեգործական ծրագիր իրականացնող «Մեկ ընտանիք առաքելությունն» իր սակավաթիվ կազմով հասցրել է օգնություն տրամադրել ավելի քան երկու հազար ընտանիքի։

Իհարկե, առաջին անգամ չէ, որ սփյուռքն իր մեծ ու փոքր կառույցներով այստեղ օժանդակություն է ցուցաբերում կարիքավոր հայրենակիցներին, սակայն արձանագրենք՝ այդ նախաձեռնությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, երբեմն ոչ լիարժեք արդյունավետություն են ապահովում։ «Մեկ ընտանիք առաքելության» դեպքում պատկերն այլ է, քանի որ ծրագրի կենսունակության ու վերահսկողականության համար մշակված մեխանիզմները անհամեմատ նվազեցնում են անարդյունավետության ռիսկը։ Այսպես կոչված «խելացի ծրագրեր» իրագործելու ունակությունը կազմակերպության հիմնադիրը հանդիսացող ամերիկաբնակ ամուսիններ Համլետ Չոբանյանն ու Լիլիթ Ֆարմանյանը կիրառում են ոչ միայն բազմազավակ ընտանիքների աջակցության, այլև իրենց ձեռնարկած մյուս բարեգործական ծրագրերի պարագայում։ Ծրագրի մեկնարկը տրվել է Տավուշի մարզում, այնուհետև, երբ զույգը տեսել է ակներև արդյունքը, գործունեության աշխարհագրությունն ընդլայնել է, և նրանց միացել են նաև իրենց ընկերները, համախոհները, բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր տեսել են ծրագրի վստահելիությունն ու թափանցիկությունը։

 

 

Օգնությունը ոչ թե սպառելու, այլ բազմապատկելու համար է

 -Լիլիթ, ինչի՞ մասին է այս ծրագիրը և ի՞նչ մեխանիզմներով է իրականացվում։

Մենք սեփական ներդրումների ու նաև դրամահավաքի միջոցով կուտակում ենք գումար, որով ընտանի կենդանիներ ենք ձեռք բերում գյուղական բնակավայրերի բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Ընտանիքներն իրենք են ընտրում իրենց անհրաժեշտ կենդանատեսակը, մենք էլ գնում ենք անասնաբույժների կողմից ստուգված, լիովին առողջ մթերատու կենդանիներ, որոնք տրամադրում ենք շահառու ընտանիքներին՝ նրանց հետ ստորագրելով պայմանագիր։ Մեր նպատակը պարզապես ինչ-որ բան նվիրաբերելը չէ, այլ հատկացվող օգնության շարունակականությունն ու եկամտաբերությունն ապահովելը, այդ իսկ պատճառով մեր օգնության հասցեատերերը մեզ հետ ստորագրված պայմանագրով պարտավորվում են չվաճառել իրենց տրված կենդանին, որպեսզի այն տևականորեն օգտագործվի և կայուն եկամուտ բերի իրենց։ Այսինքն՝ մենք առաջադրում ենք պայմաններ, որոնք հօգուտ շահառուի են։ Եթե նրանք վաճառեն տրված օգնությունը, ապա կարճ ժամանակ անց այդ գումարը սպառվելու է, և նրանք վերստին կանգնելու են կոտրած տաշտակի առաջ։ Բացի այդ՝ կա նաև արդեն մի քանի տասնամյակ ձևավորված հոգեբանություն փոխելու խնդիրը, այն է՝ մշտապես ակնկալել, որ դրսից ինչ-որ մեկը կգա ու կլուծի խնդիրդ, իսկ ինքդ կլինես սոսկ ընդունողի, սպառողի դերում։ Այդ առումով՝ սփյուռքը որքան օգնել, նույնքան էլ խանգարել է, որովհետև, խոստովանենք, միշտ չէ, որ նվիրատվությունները ծառայել են զարգացմանը, կյանքի որակի բարելավմանը։ Մենք միակը չենք, որ ցանկանում ենք կոտրել այս կարծրատիպը։

Այդպիսով, ծրագիրն իրագործում ենք այն տրամաբանությամբ, որ շահառուն ոչ միայն շարունակական եկամուտ ունենա իր ստացած օգնությունից, այլև դրա ինչ-որ մասն իր հերթին նվիրաբերի մերձավորին՝ համագյուղացուն, անմիջական հարևանին, եթե վերջինս նույնպես կարիքավոր է։ Օրինակ՝ եթե մենք տվյալ ընտանիքին տրամադրել ենք կով (ի դեպ, տրամադրում ենք միայն այնպիսի կովեր, որոնք օրական առնվազն 20 լիտր կաթ են տալիս), ապա այդ կենդանու կաթի վաճառքից կայուն եկամուտ ունենալով՝ ընտանիքը պարտավորվում է յուրաքանչյուր տասներորդ օրը կթած կաթը, ինչպես նաև առաջին հորթը տալ կարիքավոր հարևանին։ Սահմանամերձ գյուղերում այդ կաթը պիտի տրվի նաև զինվորներին։ Փաստորեն, շահառուն ինքը դառնում է բարերար, իսկ հարևանը՝ յուրատեսակ հսկիչ իր բարերարի համար, քանի որ շահույթի ու օգնության աղբյուր հանդիսացող կովը չպիտի մորթվի կամ վաճառվի։ Եթե պայմանագրում նշված այդ կետը խախտվում է, մենք պահանջում ենք կովի գնին համարժեք փոխհատուցում։ Սա բավականին արդյունավետ մեխանիզմ է, էլ չասեմ այն մասին, թե մեր շահառուներից քանիսն են խոստովանել՝ «երբեք չէինք մտածի, որ ոչ միայն վերցնելն է այդքան հաճելի, այլև նվիրելը, ինչ-որ մեկին օգնելը»։ Ուրախալի է, որ մեր շահառուներից շատերը հորթերի վաճառքի շնորհիվ կարողացել են գումար կուտակել ու տուն գնել։

-Բնակվելով Ֆրեզնոյում՝ ինչպե՞ս եք Հայաստանում գտնում իրական կարիքավորներին։

Նախ՝ շահառուներին ընտրում ենք ինքներս, որովհետև փորձը ցույց է տալիս, որ մեզ ինքնուրույն գտնողներն ու օգնության համար դիմողները, չնչին բացառությամբ, դիմում են նաև ում պատահի՝ ոչ թե տվյալ ծրագրի մասը դառնալու, այլ, պատահականության սկզբունքով, ինչ-որ մեկից ինչ-որ բան ստանալու համար։ Հետևաբար՝ այդ մարդիկ չունեն ստարտափի կարիք։ Ցավոք, քիչ չեն օրինակները, երբ մարդիկ պարզապես ստում են, թե կարիքավոր են, և դա ամենաանընդունելին է մեզ համար։ Ընտրություն կատարելու և ճիշտ հասցեատերերի հետ կապ հաստատելու գործում մեզ կամավոր հիմունքներով անչափ օգնում է Մարիամ Օհանյանը, ով ոչնչի առաջ կանգ չի առնում իրապես կարիքավոր գյուղաբնակ ընտանիքներ գտնելու համար։ Իհարկե, այդ ամենն արվում է նաև ծանոթ ու անծանոթ մարդկանց, հոգևորականների, գյուղական դպրոցների աշխատակիցների և այլոց օգնությամբ։ Երբ մեկնարկը տալիս ես, մնացյալն ինքնաբերաբար հաջողվում է։

Հանգանակությունները՝ լինեն մեծ կամ փոքր, կազմակերպում ենք այստեղ՝ Մ․ Նահանգներում․ մարդիկ մասնակցում են իրենց հնարավորությունների սահմաններում՝ 5-10 դոլարից սկսած մինչև ավելի շոշափելի նվիրատվություններ։ Ամուսինս, օրինակ, արդեն երկարամյա պատմություն ունեցող սովորություն ունի․ ամեն օր, երբ պատրաստվում է գնալ աշխատանքի՝ իր երեխաների համար գումար վաստակելու, չի մոռանում նաև Հայաստանում բնակվող որևէ կարիքավոր ընտանիքի համար գումար առանձնացնելու մասին։ Տարվա ընթացքում գոնե մեկ անգամ պարտադիր այցելելով Հայաստան՝ հանգանակությունների միջոցով արված մեր գործունեության արդյունքները տեսանյութերով, լուսանկարներով, օգնություն ստացած ընտանիքների հեռախոսահամարներով տրամադրում ենք բոլոր նվիրատուներին՝ որպես պարտադիր հաշվետվություն։ Մեզ վստահել ու վստահում են հենց այս թափանցիկության համար․ մարդիկ տեսնում են, որ իրենց նվիրաբերած գումարն ամբողջությամբ ծառայեցվում է նպատակին, և նոր նվիրատուներ են ի հայտ գալիս։ Սա մեզ հիմք է տալիս վստահեցնելու, որ Հայաստանում մեր գործունեությունը կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ կա այդպիսի գործունեության կարիք։

-Գործի բերումով հաճախակի հաղորդակցվելով բազմազավակ ընտանիքների հետ՝ ի՞նչ տրամադրություններ ու տրամադրվածություններ եք նկատել։

Ցավոք, մեծ է արտագաղթելու ցանկությունը, և միշտ չէ, որ դա պայմանավորված է կյանքի որակով ու սոցիալական գործոնով․ շատերին թյուրիմացաբար թվում է, թե արտերկրում շատ ավելի հեշտ է գումար վաստակելն ու բարեկեցիկ ապրելը, ինչը, իհարկե, ամենևին այդպես չէ։ Որտեղ էլ բնակվես՝ պիտի տքնաջան աշխատես, եթե ուզում ես հաջողության հասնել։ Իսկ հաջողության բանալին նաև երախտագիտության զգացումն է, որ յուրաքանչյուրիս համար նոր դռներ է բացում։ Իմ ընտանիքն ապրում է այդ սկզբունքով։ Նույնը նկատել եմ նաև մեր ծրագրում ներառված ընտանիքներից շատերի պարագայում։

-Այլ ուղղություններով ծրագրեր իրականացնո՞ւմ եք։

-Այո, ինչպես ասում են՝ մի ծրագրից մյուսն է բացվում։ Մենք համագործակցում ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի», «Մունք» տեխնոդպրոցի հետ։ Մասնավորապես՝ «Մունքի» հետ համագործակցությունը արցախահայերին օժանդակելու մեր ծրագրերից միայն մեկն է․ այդ կազմակերպությունը մեծ գործ է անում, և մենք մեր հնարավորության սահմաններում աջակցում ենք նրանց։

 

Արտերկրից պետք է յուրացվի միայն դրական փորձը

 

-Հղիության արհեստական ընդհատումները, այդ թվում՝ սեռով պայմանավորված ընդհատումները, Հայաստանում մեծ թիվ են կազմում։ Դուք ծրագրեր եք նախապատրաստում նաև այս ուղղությամբ։ Որոշակիացնենք՝ ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը։

Այս ուղղությամբ մեր աշխատանքների մեկնարկը նոր է տրվել, ու հետևողականորեն, որքան ժամանակ էլ պահանջվի, անելու ենք մեր քայլերը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ցանկացած գիտակից հայի համար առաջնային կարևորության խնդիր է՝ անկախ յուրաքանչյուրիս բնակության վայրից։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ սա դիտարկում եմ որպես մեզ պատուհասած դժբախտությունների ևս մի սկզբնաղբյուր։ Նախ՝ պիտի գնահատական ու բնորոշում տանք այս երևույթին, իսկ բնորոշումը, եթե չփախչենք ճշմարտությունից, մեկն է՝ սպանություն, ընդ որում՝ քո միս ու արյունը, քո գենի կրողը հանդիսացող անպաշտպան արարածի սպանություն։ Սրա դեմ պայքարը համարում եմ աստվածահաճո գործ, նաև գիտակցում եմ, որ, ինչպես ցանկացած լավ գործի պարագայում, այս դեպքում էլ հակազդեցությունը մեծ է լինելու․ չմոռանանք, թե աբորտները քանի՜-քանիսի համար են հանդիսանում եկամուտի աղբյուր, և ընտրությունը, իրոք, Աստծո ու մամոնայի միջև է։

Ընդամենը վերջերս, երբ Հայաստանում էի, առիթ ունեցա զրուցելու մի շարք բժիշկների հետ և համոզվեցի, որ զգալի մասը հանուն գումարի չի հրաժարվում հղիություն ընդհատելուց։ Նույնիսկ այն փաստը, որ աբորտների թվաքանակի առումով աշխարհում առաջատար տեղում ենք (և սա՝ գրանցված տվյալներով, չգրանցվածը շատ ավելին է), մարդկանց չի սթափեցնում։ Ինչ վերաբերում է սեռով պայմանավորված աբորտներին, ապա կինը պետք է գիտակցի, որ, անկախ սեռից, երեխան իր ծնունդով օրհնություն է բերում ընտանիք։ Իսկ ընտանիքները, հավատացնում եմ, ապրում ու բարգավաճում են հենց այդ օրհնության շնորհիվ։

Այսպիսով, ի՞նչ ենք ծրագրում անել։ Նախ՝ մեզ հասանելի բոլոր միջոցներով կազմակերպել ծավալուն քարոզչություն, որը ներառելու է տպագիր տեղեկատվությունը, ճանապարհային պաստառներից մինչև հանրային վայրերում հակաաբորտային բովանդակությամբ քանդակների տեղադրումը, հանրության տարբեր շերտերի շրջանում բացատրական աշխատանքը, իրազեկման այլ միջոցառումները։ Հայտնի է, որ վիզուալ բովանդակությունը, այն էլ՝ մեր ժամանակներում, համարվում է, թերևս, ամենաազդեցիկը, և դրա հնարավորությունները պետք է առավելագույնս օգտագործել։ Ի վերջո, աբորտներն արգելող կամ սահմանափակող ցանկացած օրենք շրջանցելու ձևերը միշտ էլ գտնվում են, ուրեմն՝ պետք է փնտրել հակազդեցության այլ մեխանիզմներ։ Հայաստանյան լրահոսում, օրինակ, պարբերաբար տեսնում եմ տեղեկատվություն այն մասին, թե տվյալ օրը քանի երեխա է ծնվել։ Ի՛նչ խոսք, ուրախալի լուրեր են, սակայն լավ կլիներ, որ նաև ներկայացվեր, թե տվյալ օրը քանիսը չեն ծնվել։ Պիտի ծնվեին ու չծնվեցին։ Այդ տեղեկատվությունը, վստահ եմ, կզգաստացներ մարդկանց։

 

-Մասնագիտական տարբեր շրջանակների հետ աշխատանք նախատեսվո՞ւմ է։

Անշուշտ։ Առաջին հերթին՝ բժիշկների հետ։ Քարոզչական աշխատանքից զատ՝ պիտի կիրառվեն նաև աբորտից հրաժարվող բժիշկներին խրախուսող մեխանիզմներ։ Այդօրինակ մի ծրագիր արդեն սկսել ենք իրականացնել որոշակի թվով բժիշկների հետ։ Արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը, ծրագիրը նոր է, սակայն արդյունավետ վերահսկողության դեպքում, հուսով եմ, այն իրեն կարդարացնի։ Ըստ այդմ՝ եթե բժիշկը, ով աբորտ կատարելու համար ստանում է, ասենք, 100 դոլար, կարողանա աբորտի համար իրեն դիմած հղի կնոջը ետ կանգնեցնել այդ մտքից և ապահով հասցնել մինչև ծննդաբերություն՝ մեզ համար փաստաթղթավորված հիմնավորելով, որ փրկել է հենց տվյալ երեխայի կյանքը, ապա մենք նրան վարձահատույց կլինենք աբորտի հոնորարը մի քանի անգամ գերազանցող գումարով։ Սկզբում մենք մտածում էինք, թե միայն կանանց շրջանում պիտի համապատասխան աշխատանք իրականացնենք, սակայն պարզվեց, որ բժիշկների հետ աշխատանքը ոչ պակաս առաջնահերթ է։ Վերջիններս պիտի գիտակցեն, որ այդ եղանակով վաստակած գումարն իրենց դժբախտություն և ոչ թե օրհնություն է բերելու։

Աբորտների կանխարգելման նպատակով համագործակցում ու ավելի ընդլայնված համագործակցելու ենք նաև մեր Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Մենք ունենք մի խումբ հոգևորական ընկերներ, ովքեր մշտապես բարձրաձայնում են աբորտի անընդունելիության մասին, և նրանք պատրաստակամ են միանալու մեզ ու գործելու համատեղ ուժերով։ Վերջերս, օրինակ, Հայաստանում ծանոթացա եկեղեցիներից մեկի հոգևոր հովվի հետ, ով պսակադրության ծես չի կատարում, քանի դեռ երեք շաբաթ տևողությամբ գրեթե ամենօրյա դասընթաց չի անցկացրել զույգի հետ՝ նրանց ավելի լավ ճանաչելու, ընտանեկան կյանքին նախապատրաստելու նպատակով։ Սա իսկապես ոգևորիչ օրինակ է, այսպիսի օրինակները պիտի շատ լինեն, և այդ դեպքում կկարողանանք իրավիճակ փոխել։ Զույգերի և, առանձին վերցրած, կանանց շրջանում պատասխանատվության գիտակցումը պիտի այնքան բարձր լինի, որ ոչ թե աբորտից հետո տրվեն զղջման ուշացած զգացումին, այլ նախապես խելամտություն դրսևորեն և չպլանավորված հղիության խնդիրը չլուծեն աբորտով։ Մեր ժամանակներում, երբ հղիությունից պաշտպանվելու բազմաթիվ գրագետ միջոցներ կան, առնվազն անպատասխանատվություն է (եթե չասենք՝ ծանր մեղք, որի մասին հիշատակումներ կան նաև Աստվածաշնչում) աբորտի միջոցով քո իսկ երեխայի կյանքին վերջ տալը։ Ինչևէ, մեր ծրագրերից մեկն էլ հոգևորականների հետ համագործակցությունն է՝ պսակադրության պատրաստվող, արդեն ամուսնացած կամ պարզապես զույգ կազմած կանանց ու տղամարդկանց հետ այս թեմայով դասընթացների, առանձնազրույցների կազմակերպման նպատակով։

 

-Մ․ Նահանգներում այսօր ո՞ր հոսանքի քարոզչությունն է ավելի ազդեցիկ․ չէ՞ որ մի կողմից քարոզվում է կնոջ՝ աբորտ անելու իրավունքը, մյուս կողմից քարոզվում է պտղի՝ ապրելու իրավունքը։

Իհարկե, ազդեցիկության ցուցանիշը պետք է գնահատել ըստ համեմատության, քանի որ տարբեր նահանգներում տարբեր պատկեր է, սակայն անվիճարկելի է, որ պրոլայֆ շարժումը Մ․ Նահանգների ամբողջ տարածքում գերազանց տարածում ունի և չափազանց արդյունավետ է գործում, շատ ավելի արդյունավետ, քան աբորտը խրախուսող ծրագրերը։ Կարծում եմ՝ հենց այդ պատճառով էլ մարդիկ այստեղ շատ ավելի բարձր տեղեկացվածություն ունեն, քան Հայաստանում է։ Օրինակ՝ համապատասխան բոլոր բուժհաստատությունների մոտ տեղակայված են եթե ոչ պրոլայֆ շարժման գրասենյակներ, ապա գոնե ներկայացուցիչներ, ովքեր մոտենում են բուժհաստատություն մտնող այցելուներից յուրաքանչյուրին, փորձում են զրուցել, բացատրական աշխատանք կատարել, բրոշյուրներ են բաժանում, վիզուալ նյութերի միջոցով ներկայացնում են խնդիրը։ Բժիշկների շարքերում ևս շատ մեծ թիվ են կազմում այնպիսիք, ովքեր կտրականապես մերժում են աբորտը։ Իմ ավագ դուստրը նույնպես ընդգրկված է այդպիսի ծրագրերում, և մենք ամբողջ սրտով ուզում ենք, որ Հայաստանում էլ նույնն արվի։ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կյանքի կոչել այն ամենը, ինչը ծրագրել ենք։ Ի դեպ, Մ․ Նահանգներում այս ամենը ստեղծվել ու զարգացել է բժիշկների ու տարբեր եկեղեցիների սերտ համագործակցության արդյունքում։

-Լինելով յոթ երեխայի մայր և հայ քրիստոնյա՝ ի՞նչ եք արել ու անում նրանց մեջ հայկականությունն ամուր պահելու համար՝ նկատի ունենալով, որ հայրենիքից հեռու ծնված ու մեծացած նոր սերնդի շրջանում իրենց արմատները մոռանալու վտանգը մեծ է։

Ամեն ինչ կախված է տվյալ ընտանիքի ներսում իշխող դրվածքից ու արժեհամակարգից։ Այո, այստեղ կան ընտանիքներ, որոնք արդեն դպրոցահասակ, Հայաստանում դպրոց հաճախած, հետևաբար՝ ամբողջությամբ հայախոս երեխաների հետ միասին Մ․ Նահանգներ են տեղափոխվել ընդամենը մի քանի տարի առաջ, բայց կարճ ժամանակ անց այդ երեխաների խոսակցական լեզուն դարձել է միայն անգլերենը։ Մեր ընտանիքի պարագայում կան սկզբունքներ, որոնց անխախտ հետևում ենք, այն է՝ չհեռանալ մեր արմատներից, մեր լեզվից, մեր մշակույթից ու մեր տեսակից։ Իմ ավագ երեխան 22 տարեկան է, կրտսերը՝ 7, նրանք բոլորն էլ այստեղ՝ Ֆրեզնոյում, հաճախել ու հաճախում են 6-ամյա հայկական դպրոց, որը 45 տարվա պատմություն ու լավ ավանդույթներ ունեցող դպրոց է։ Յոթն էլ ազատ գրում, կարդում ու խոսում են հայերեն, իսկ ամռանն ամեն տարի երկար ժամանակով այցելում են Հայաստան՝ ամեն անգամ դժվարությամբ վերադառնալով այստեղ։

 Մ․ Նահանգներում կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ խեղաթյուրված է կեղծ լիբերալիզմի գաղափարների պատճառով, և պիտի շատ ուշադիր լինես երեխաներիդ համար դպրոց ընտրելիս։ Դեռևս 23 տարի առաջ, երբ պատահաբար ոտք դրեցի ամերիկյան ավագ դպրոցներից մեկը, ցնցված էի այստեղ տիրող բարքերից ու ճշմարիտ արժեհամակարգի իսպառ բացակայությունից։ Այսօր էլ պատկերը չի փոխվել․ նույնիսկ մանկապարտեզներում, որտեղ հաճախող երեխաները նոր պիտի սովորեն գրել-կարդալ, նրանց առաջին հերթին սովորեցնում են, թե աշխարհում գոյություն ունեցող սեռերը երկուսը չեն։ Արդեն այդ տարիքում խեղաթյուրելով նրանց պատկերացումներն ու հոգեբանությունը՝ արդյունքում ստանում են անառողջ հասարակություն։ Իհարկե, ինչպես ամենուր, այստեղ էլ կա և՛ վատը, և՛ լավը․ ընտրությունը քոնն է՝ ըստ քո արժեհամակարգի, ըստ քո տեսակի։ Ֆրեզնոյում գործող բապտիստական դպրոցը, որտեղ հիմա հաճախում են իմ ավագ դպրոցահասակ երեխաները, լավագույն ավանդույթների պահպանման հիանալի օրինակ է և իր դրվածքով որևէ կերպ չի հակասում մեր՝ հայ առաքելականներիս արմատական սկզբունքներին։ Իրողությունն այն է, որ Մ․ Նահանգները ամեն առումով լայն հնարավորություններ ընձեռող երկիր է, և եթե, այլ ազգի ներկայացուցիչ լինելով, պահպանել ես քո ինքնության գիտակցումը, ապա անպայման ուզում ես այդ հնարավորություններն ինչ-որ կերպ ծառայեցնել ոչ միայն քո ընտանիքին, այլև քո հայրենիքին։

 

Անուշ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ One Family Mission, Մեկ Ընտանիք Միսիա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031