«Առաջին հիմնավորումը, որ բերել են, ասում են, որ սա արդար չէ այն հարկ վճարողի հանդեպ, որը նորմալ վճարում է հարկերը, քանի որ անձը, որը խուսափում է հարկ վճարելուց, բռնվում է, վճարում ու ազատվում է պատասխանատվությունից։ Սա չի կարող ճշմարիտ լինել, քանի որ բռնվելու ժամանակ, երբ բացահայտվում է, որ անձը հարկերից ենթադրյալ խուսափել է, այդ ժամանակ ոչ թե միայն հարկերը վճարելու դեպքում է անձը ազատվում քրեական պատասխանատվությունից, այլ հսկայական տույժեր ու տուգանքներ վճարելուց հետո»,- «Մանթաշյանց» գործարարների ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՊԵԿ-ի հիմնավորումներին այսպիսի կարծիք հայտնեց «Էլ Էս Էյ» ընկերության գործընկեր, փաստաբան Էդգար Այվազյանը։
Հիշեցնենք՝ ՊԵԿ-ի կողմից առաջարկված և կառավարության կողմից հանրային քննարկման դրված օրենսդրական առաջարկը գործարարների շրջանում լուրջ մտահոգություններ է առաջացրել։
Փաստաբանը վստահեցրեց՝ հիմա, երբ հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նորմի հետ կապված կա խրախուսական նորմ, ՊԵԿ-ի ասած արդարությունը նույնպես պահպանված է․ «Բարեխիղճ հարկ վճարողը, որը պարտաճանաչ վճարում է, անհամեմատ ավելի քիչ գումար է վճարում պետությանը, քան այն անձը, որը ենթադրյալ հարկերից խուսափելու համար բռնվում է և քրեական պատասխանատվությունից ազատվում այդ հիմքով։ Տույժերն ու տուգանքները հսկայական են»։
Անդրադառնալով ՊԵԿ-ի այն հիմնավորմանը, որը բերվում է մաքսանենգությունը քրեականացնելու հետ կապված՝ փաստաբանն ասաց․ «Նշում են, որ նախկինում, երբ քրեականացված էր, ապաքրեականացվելուց հետո շատացել են մաքսանենգության դեպքերը և դրա հետ կապված պետք է նորից քրեականացնել։ Սա նույնպես չի կարող հիմնավոր լինել, քանի որ դեպքերի շատացումը չի նշանակում, որ դրա հանրային վտանգավորությունը բարձրանում է։ Օրինակ՝ եթե մարդիկ սխալ տեղ են կայանում ավտոմեքենան, այդ դեպքերը շատանում են, արդյոք դա պե՞տք է քրեականացնել, իհարկե, ոչ․ մեկը մյուսի հետ կապ չունի։ Արարքի հանրային վտանգավորությունը պետք է նայել։ Դեպքերի՝ շատանալու համար պետք է պարզել դա ծնող պատճառներն ու պայմանները։ Հանրահայտ իրավական սկզբունք է՝ պատժի խստությունը չի կարող զսպող միջոց հանդիսանալ։ Զսպող միջոց է պատժի անխուսափելիությունը։ Այսինքն՝ նույն վարչական պատասխանատվության դեպքում անձինք, որոնք մաքսանենգությամբ են զբաղվում, եթե իմանան, որ անպայման ենթարկվելու են պատասխանատվության՝ թեկուզ վարչական, անհամեմատ ավելի քիչ կանեն այդ արարքը, քան եթե իմանան, որ հնարավոր է չբռնվեն, բայց բռնվելու դեպքում քրեական պատասխանատվության են ենթարկվելու։ Խստացնելով հաստատ դրա դեմը չենք առնելու․ պետք է դա ծնող պատճառներն ու պայմանները գտնենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ