Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւն անհանգստացած է Մինսկի խմբի առկայությամբ, քանի որ շատ լավ հասկանում է՝ միջազգային իրավունքով արցախյան կոնֆլիկտը լուծված չէ»․ Խոսրով Հարությունյան

Օգոստոս 19,2024 14:48

«Առավոտի» հարցերին պատասխանել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, հայտնի է, որ Ալիեւը պահանջում է, որպեսզի Հայաստանը միանա ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու իրենց նախաձեռնությանը։ Հայաստանի իշխանությունները չեն հերքում, որ կարող են գնալ այդ ճանապարհով։ Իսկ իշխանական շրջանակները տեղեկատվական ֆոն են ստեղծում, թե Մինսկի խումբն այսպես թե այնպես չի գործում, դրա լուծարելը վնաս չի լինի Հայաստանի համար։ Ինչո՞ւ է Ալիեւը ձգտում ամեն գնով հասնել Մինսկի խմբի լուծարմանը, եւ ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար։

Խոսրով Հարությունյան

-Եկեք փորձենք տրամաբանել՝ ինչո՞ւ է Ալիեւն անհանգստացած Մինսկի խմբի առկայությամբ։ Ինչքան էլ նա հայտարարի, որ արցախյան խնդիրն այլեւս «լուծված է», այսինքն՝ այդպիսի խնդիր այլեւս գոյություն չունի, ինքն էլ շատ լավ հասկանում է, որ միջազգային իրավունքի բոլոր նորմերով արցախյան կոնֆլիկտը բիրտ ուժի կիրառմամբ կարգավորված չի կարելի համարել։ Եվ պատահական չէ, որ ինքը փորձում է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունելի ու ճանաչելի ֆորմատը վերացնել, որպեսզի հետագայում նոր պրոբլեմներ առաջանան համապատասխան բանակցային ֆորմատ ձեւավորելու տեսանկյունից։ Այսինքն՝ պարզ է, չէ՞, որ Ադրբեջանը շատ լավ հասկանում է՝ կոնֆլիկտը կարգավորված չէ, եւ Մինսկի խմբի առաքելությունն ավարտված չէ։ Ահա, թե ինչու, ըստ Ալիեւի, Մինսկի խմբի գոյությունը դադարեցնելը հավելյալ հնարավորություն է կոնֆլիկտն այլեւս լուծված կամ ավարտված համարելու համար։

Եթե դուք ուշադրություն դարձրեցիք, ԱՄՆ-ն արձագանքեց դրան, նրանք ասացին՝ մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ձեւաչափով։ Սա խոսում է այն մասին, որ Միացյալ նահանգները գտնում է, որ եթե երկու կողմերը՝ Ադրբեջանը եւ Հայաստանը, գտնեն, որ Մինսկի խումբն այլեւս անելիք չունի, այն պետք է դադարի գործել, եւ դրա միջազգային ճանաչելի մանդատն ի չիք պետք է դառնա, իրենց որեւէ պրոբլեմ չունեն։ Իրենք ասում են՝ մենք ցանկացած ձեւաչափով ձեզ հետ կհամագործակցենք։ Այսինքն՝ ԱՄՆ-ն նույնպես հասկանում է, որ կոնֆլիկտը կարգավորված չէ։ Բայց զուտ իրենց աշխարհաքաղաքական նպատակների հետապնդման կոնտեքստում ասում են՝ կողմեր, դուք որոշեք, մենք պրոբլեմ չունենք։

Ես չեմ կարծում, որ այդպես կարձագանքի Ֆրանսիան, ես չգիտեմ, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը։ Բայց հայկական իշխանությունների վարքագիծը սպասելի էր, որովհետեւ եթե իրենք գտնում են, որ «Արցախը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մաս», դրանով արձանագրելով, որ հայկական իշխանության համար Արցախի հարց գոյություն չունի, ապա բնական է, որ նրանց համար Մինսկի խմբի գոյությունը հավելյալ գլխացավանք է։ Այսինքն՝ սա հերթական դեպքերից մեկն է, երբ եւ Ալիեւի, եւ Փաշինյանի դիրքորոշումը համընկնում են։ Եվ դրանք իրենց արմատում, խորքում հայանպաստ չեն։

-Եթե Հայաստանը համաձայնի այդ պահանջին ու Ադրբեջանի հետ դիմի Մինսկի խմբի լուծարման համար, այդպես հեշտ այդ կառույցը կարո՞ղ է լուծարվել։

-Ես դիվանագիտական նրբություններին չեմ տիրապետում, հեշտ կլուծարվի, թե դժվար, չեմ կարող ասել։ Ես ենթադրում եմ, որ եթե երկու կողմերը գան ընդհանուր հայտարարի եւ հանդես գան ընդհանուր հայտարարությամբ, դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կամ ԵԱՀԿ-ին, որի գագաթնաժողովում 1992 թվականի մարտի 24-ին այդ խումբը ստեղծվել է, միգուցե նրանք գնան ընդառաջ։ Այդտեղ որոշում կայացնելու համար կոնսենսուս է պետք, եւ ես չեմ կարծում, որ եթե երկու կողմերը համաձայն լինեն Մինսկի խմբի գործունեության դադարեցմանը, ԵԱՀԿ գագաթնաժողովում որեւէ այլ պետություն դեմ կլինի դրան։ Միգուցե Ֆրանսիան դեմ կլինի, բայց ոչ թե վետո կդնի, այլ մինչ այդ դիվանագիտական իր հնարավորություններով կարող է խոչընդոտել նման զարգացումներին։

Բայց ես այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել՝ Ֆրանսիայի դիրքորոշումը պայմանավորված կլինի ոչ այնքան Հայաստանի հանդեպ նրանց համակրանքով, որքան այն կոնֆլիկտով, որն առաջացել է Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ կապված Նոր Կալեդոնիայի հետ։ Ես այս կոնտեքստում եմ տեսնում Ֆրանսիայի հնարավոր արձագանքը։

-Եթե, օրինակ, Մինսկի խումբը լուծարվի, Արցախի հարցը փակվո՞ւմ է, վե՞րջ։

-Ոչ, Արցախի հարցը փակված չէ։ Եթե նույնիսկ Հայաստանի այսօրվա իշխանությունները հետամուտ չեն լինում այդ նպատակին, վաղ թե ուշ միջազգային խաղացողների շահերը, եթե հակադրվեն Ադրբեջանի շահերին, իսկ դա բացառված չէ, ապա այդ խնդիրը մեջտեղ կգա իրենց նախաձեռնությամբ։ Հետեւաբար, արցախյան կոնֆլիկտը կարգավորված չէ երկու պարզ պատճառով։ Առաջինը, ուժի բիրտ կիրառմամբ կոնֆլիկտը կարգավորված չի կարող համարվել, միջազգային իրավունքն ասում է, որ միայն բանակցային սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ուժով կոնֆլիկտների կարգավորումը կարող է դառնալ անշրջելի։ Իսկ ուժի բիրտ կիրառումը ձեւավորում է նոր հակազդեցության, ինչու ոչ, նաեւ անկայունության նոր հնարավորություններ։ Այսինքն՝ Արցախի հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից կարգավորված չէ, ինչքան էլ Ադրբեջանն ուզում է աղմուկ բարձրացնի, գոռա, ում ուզում է, թող տանի Շուշի, կապ չունի, այդ հակամարտությունը կարգավորված չէ։

Երկրորդ, այդ հակամարտությունը կարգավորված չէ Արցախի հայության նկատմամբ ցեղասպանություն կիրառելու ուժով։ Այս պարագայում նույնպես Ադրբեջանի վարքագիծը որեւէ քննադատության չի կարող դիմագրավել։ Եվ վաղ թե ուշ քաղաքական նման որոշում կայացնողները հայտնվելու են միջազգային դատարանի առաջ, ես չեմ կասկածում, դա լինելու է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031