Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մշակույթի եւ տուրիզմի վարչությունը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկատվություն ներկայացրեց Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման ընթացքի մասին: Մասնավորապես զեկուցվեց, որ Ազնավուրի արձանի ստեղծման աշխատանքները մեկնարկել են, քանդակագործի հետ կնքվել է պայմանագիր: Նշվեց, որ հուշարձանի աշխատանքներն ամբողջապես իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի հատկացումների հաշվին, հուշարձանի բացումն էլ նախատեսվում է 2025թ մայիսի 22-ին՝ շանսոնյեի ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում:
Ի թիվս այլնի, զեկուցվեց նաեւ առաջիկայում կայանալիք բացօթյա համերգների ու փառատոների մասին: Նշվեց, որ Հայաստանի նվագախմբերի եւ երգչախմբերի հետ նույն հարթակում հանդես կգան Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ եւ Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախմբերը, ըստ Նարեկացու տեքստերի՝ Շնիտկեի կոնցերտի հիման վրա ստեղծվում է բալետային ներկայացում, բանակցություններ են վարվում ճանաչված բալետմայստերների հետ:
Տիգրան Ավինյանն ասաց, որ պետք է կենտրոնանալ նաեւ մեկ այլ ուղղության վրա: «Երեւանի քաղաքապետարանն առաջին անգամ ֆինանսավորում է հուշարձան՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը: Կարծում եմ այստեղ համայնքը ավելի մեծ ջանքեր պետք գործադրի տարատեսակ հոդվածներով պատվերներ դնելով: Կարծում եմ՝ 2025թ այս առումով Երեւան քաղաքում նոր քանդակների համար պետք է պարարտ հող, մասնավորապես ֆինանսական տողեր նախապատրաստենք՝ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Կարդացեք նաև
Խոսվեց նաեւ Ազգային օպերային թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորությամբ ապահովելու մասին: Ավինյանին զեկուցվեց, որ նախագիծը պատրաստ է եւ ներկայումս գտնվում է փորձաքննության փուլում:
Ի թիվս այլնի, խոսվեց նաեւ Մայր Հայաստան հուշարձանը համապատասխան լուսավորությամբ ապահովելու մասին: «Մեր կարեւոր հուշարձանները լուսավորման կարիք ունեն, եւ նույնիսկ պարտադիր չէ, որ այդ մասին որեւէ մեկը բարձրաձայնի: Սա կարող ենք ընդունել որպես ընդհանուր հանձնարարական, եւ բոլոր այն հուշարձանները, որտեղ լուսավորությունը պակասում է պետք է սկսել փուլ-փուլ լուսավորել»,-ասաց Երեւանի քաղաքապետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ