«Այսօրվա իրավիճակը, էս ցավն ու դարդը մեր ժողովրդի վրա կախված է մի դերակատարի, մի կամակատարի մեղքով կամ հրահանգով: Ծնողներին էս դաժան տառապանքին է հասցրել ու էդ դարդ ու ցավը թողել էդ մարդկանց վզին, անցել են իրենց իրական կյանքին: Բայց էդ երեխեքը գնացել են մարտի դաշտ բոլորիս համար են կռվել, իրենց կյանքն են բոլորիս համար նվիրաբերել: Այս հարցը մենակ էդ ծնողների հարցը չէ»,- այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց Արցախից բռնի տեղահանված Անաստաս Իսրայելյանը:
Նա նկատեց, որ գերիների ու անհետ կորածների հարազատներին իշխանություններն անընդհատ խաբելով՝ խուսափում են հարցի լուծումից. «Ծնողներին ամեն անգամ խաբելով՝ սուտ են կերակրում: Այնքան կձգեն, մինչեւ ժամանակի ընթացքում հասարակությունը լռի, մոռանա: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք օգտագործում են գերիներ, անհետ կորածներ թեզերը, իրենց շահերի համար են անում. սուտ է: Եթե մինչեւ հիմա այդ հարցում պատասխան չկա, ուրեմն սաղ էլ սուտ են, անպիտան են, թող ժողովրդին չխաբեն: Նման ղեկավարություն էլ մեզ պետք չէ»:
Անհետ կորած համարվող 27-ամյա Վարդան Ադոյանի մայրն էլ՝ Անահիտ Ադոյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ անհետ կորածների հարցը չի ցանկանում քաղաքականացնել, որովհետեւ իրենց երեխաները չեն գնացել քաղաքական դաշտ, գնացել են մարտի դաշտ. «Իսկ եթե քաղաքական դաշտում մեր երեխեքին որպես խաղաքա՞րտ են պահում, շատ սխալ են անում, էս երեխեքը հողերը հանձնելու խաղաքար՞տ են, մեկ է հանձնել է հողերը, ինչի մասին է խոսքը: Մեր երեխեքը պիտի գան ողջ ու առողջ»: Տիկին Ադոյանն ասաց, որ այսօր երեկոյան հանդիպելու են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ