«Հետք»-ը կարողացել է ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի խումբ այլ նախկին պաշտոնյաների ցուցմունքները, որոնք վերաբերում են Ծաղկաձորի անտառներն ապօրինի սեփականաշնորհելու գործին։
Տարիներ առաջ հրապարակել էինք պաշտոնյաների կողմից Ծաղկաձորի անտառները 2007-2009 թվականին ապօրինի սեփականաշնորհելու մասին հետաքննությունը։ Պարզել էինք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և մի խումբ այլ պաշտոնյաներ ապօրինի տիրացել էին ավելի քան 50 հեկտար անտառապատ հողերի։ Մեր հրապարակման հիման վրա քրեական գործ հարուցվեց Հատուկ քննչական ծառայությունում, որը հետագայում կարճվեց։ Քրեական գործի նախաքննության ժամանակ անտառները սեփականաշնորհած պաշտոնյաները հարցաքննվել են։ Ստորև ներկայացնում ենք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիկնապահ Բագրատունի Բարսեղյանի ցուցմունքները՝ առանց խմբագրման։
Երևան, 19 հունվարի 2019 թ․
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է բացատրություն տալ հրավիրված փաստաբան Երեմ Սարգսյանի ներկայությամբ։
Կարդացեք նաև
Հարց – Դուք որևէ անձնական շահագրգռվածություն ունեցե՞լ եք Հրազդան համայնքի վերը նշված վիճահարույց անտառային ֆոնդի անտառածածկ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու հարցում, թե՞ ոչ:
Պատասխան – Միանշանակ ոչ:
Հարց – Դուք որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար 10.07.2006 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանին, ՀՀ ԿԱ ԱԿԳՊԿ–ի նախագահին և Կոտայքի մարզպետին հանձնարարել եք 03.05.2006 թվականի թիվ 010-2743 հանձնարարականի համաձայն համատեղ քննարկել և սահմանած կարգով ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Ձեզ որևէ մեկը որևէ ձևով պարտադրե՞լ է, որ անտառային ֆոնդի անտառածածկ հատվածները որպես ոչ անտառածածկ հողեր՝ ՀՀ Նախագահի հանձնարարականի կատարման պատրվակով ներկայացվի ՀՀ Կառավարության քննարկմանը, անտառային ֆոնդի անտառածածկ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու հարցում, թե ոչ, եթե այո, ապա առաջարկում եմ տալ անուններ կամ գերատեսչության անվանումներ: Հարցին պատասխանելու համար Ձեր ուսումնասիրմանն եմ ներկայացնում վերը նշված գրության պատճենը:
Պատասխան – Ուսումնասիրելով գրության պատճենը հարցին պատասխանում եմ, որ նախ այդ գրությունը ստորագրված է այդ ժամանակ իմ տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից, իսկ ինչ վերաբերում է պարտադրանքին, ապա նման բան պարզապես չի կարող լինել ու առհասարակ չի եղել իմ ողջ կարիերայում: ՀՀ կառավարության նիստում այդ հարցի քննարկման ժամանակ բարձրացված հարցերը և պատճառաբանությունները ես ներկայում չեմ հիշում, չեմ էլ հիշում, որ Ձեր հարցում հնչեցված խնդիրը բարձրաձայնված լինի, ու որևէ խնդիր առաջացած լինի, իսկ ինչ վերաբերում է անտառածածկ կամ ոչ անտառածածկ հատվածներին, այդ մասին ևս ես մանրամասնություններ չեմ հիշում: Համենայն դեպս, քանի որ որոշումն ընդունվել է այդ տեսքով, դա նշանակում է, որ իրավասու մարմինների ղեկավարները տվել են իրենց համաձայնությունները, ուստի ես և Կառավարության մյուս անդամները որևէ առարկելու առիթ չենք ունեցել:
Հարց – 2018 թվականի սեպտեմբերի 28-ին «Հետք» լրատվական կայքում հրապարակում է տեղադրվել այն մասին, որ «Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել»: Նշված հրապարակմանը ծանո՞թ եք, թե՞ ոչ:
Պատասխան – Ինչ-որ նման բան լսել եմ, բայց խորությամբ ծանոթ չեմ:
Հարց – Ըստ վերը նշված հրապարակման՝ քննարկվող հողատարածքներում Դուք ևս ունեք հողատարածքներ, մասնավորապես դրանցից 15 հա ձեռք են բերվել հրապարակային սակարկության ժամանակ Գագիկ Սարգսյանի կողմից, ով էլ այն իր հերթին վաճառել է Ձեր անվտանգությունը ապահովող աշխատակից Բագրատունի Բարսեղյանին, իսկ Գրիգոր Գևորգյանը, հրապարակային սակարկություններին մասնակցելով, ձեռք է բերել 4.85 հա տարածք, սակայն այդ հողատարածքների իրական սեփականատերը հանդիսացել եք Դուք, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
Պատասխան – Այդ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, ես վերը թվարկված հողատարածքների հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել և ներկայում էլ կապ չունեմ: Ես նշված հողատարածքների օտարման գործընթացին ընդհանրապես առնչություն չեմ ունեցել և չեմ իմացել, թե ով, երբ, ինչքան հողատարածք է ձեռք բերել այդ հատվածում, ինձ դա չի հետաքրքրել:
Հարց – Ըստ վերը նշված հրապարակման՝ քննարկվող հողատարածքներում տարածքներ են ձեռք բերել նաև Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը, պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, Հրազդանի քաղաքապետն ու նրա խորհրդականը, գործարար Սամվել Մայրապետյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, Ձեր խորհրդական Հրաչյա Աղաջանյանը և գործարար Բարսեղ Բեգլարյանը: Ոմանք, հենց անձամբ մասնակցելով աճուրդին, ոմանք էլ միջնորդավորված՝ այլ անձանց անուններով, ի՞նչ կասեք այդ մասին, համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը նշված հրապարակումը, թե՞ ոչ:
Պատասխան – Ես նման տեղեկատվությունների չեմ տիրապետում:
Հարց – Սույն նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսանում մի խումբ պաշտոնատար անձանց՝ այդ թվում նաև Ձեր կողմից, անձնական, այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և պետության օրինական շահերին ծանր հետևանքներ առաջացնելու դեպքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու համար, սակայն անցել են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Դուք համաձա՞յն եք, որ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Ձեր նկատմամբ որոշում կայացվի քրեական հետապնդում չիրականացնելու մասին ու քրեական գործի հարուցումը մերժվի, թե՞ ոչ:
Պատասխան – Ես իմ պաշտոնեական դիրքը չեմ չարաշահել, Ձեր կողմից տրված հարցերում որևէ առարկայական նշում էլ չկար, թե կոնկրետ որ լիազորությունս եմ չարաշահել, ինչով է այն դրսևորվել, քանի որ իրականում նման բան չկա: Բնականաբար, առարկում եմ իմ նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելու մասով Ձեր կողմից նշված պատճառաբանությամբ ու ինձ համար միևնույն է՝ քրեական գործ կհարուցվի, թե ոչ:
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: