Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա արվում է, որպեսզի գործարարներն, ըստ էության, ցանկացած պահի կարողանան պատասխանատվության ենթարկվել»․ Արսեն Սարդարյան

Օգոստոս 19,2024 13:10

«Այս փոփոխությունը մենք գնահատում ենք խիստ բացասական։ Գտնում ենք, որ դա արվում է, որպեսզի գործարարներն, ըստ էության, ցանկացած պահի կարողանան պատասխանատվության ենթարկվել, և քրեական գործիքակազմով նրանց ստիպեն ՊԵԿ-ի, Քննչականի քրեաիրավական քաղաքականության իրականացնել, կառավարության համար ընդունելի որոշումներ կայացնել»,- «Մանթաշյանց» գործարարների ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց «Էլ Էս Էյ» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան, Մանթաշյանց բիզնես ակումբի անդամ Արսեն Սարդարյանը։

ՊԵկ-ի կողմից առաջարկվել և կառավարության կողմից դրվել է հանրային քննարկման, օրենսդրական առաջարկ, որ խրախուսական նորմերը քրեական օրենսգրքից ձեռնարկատերերի համար վերացվեն։ Արսեն Սարդարյանը մանրամասնեց․ «Մասնավորապես, հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նորմի հետ կապված երկար տարիներ ունեինք խրախուսական նորմ, այսինքն՝ դրան մեղսագրելու դեպքում կարող էր գործարարը չվճարված հարկը վճարել կամ պետությանը պատճառված վնասը փոխհատուցել, և քրեական հետապնդումը դադարեցվում էր դրանից հետո։ Այսօր առաջարկվում է այդ խրախուսական նորմերը հանել և քրեականացնել մաքսանենգությունը։ Այսինքն՝ մաքսային սահմանով թաքցրած ապրանքներ տեղափոխելը դառնում է քրեորեն հետապնդելի, այնինչ նախկինում դրա համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն, և դա մեր օրենսդրության բարեփոխումների շրջանակում էր կատարվել։ Համարվում էր, որ քրեական գործիքները պետք է դուրս գան բիզնեսի կարգավորումներից և ավելի վարչական գործիքակազմով պետությունն ունենա ներգործություն»։

Ըստ փաստաբանի՝ քրեականացնելով դաշտը, որոշակի տեղեկություններ ունենալու դեպքում՝ գործարարին կարող են տանել կալանքի․ «Մեր երկրում, ցավոք, բիզնեսի հիմնադիրներից շատ կախված է բիզնեսը․ երբ հիմնադիրը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, բիզնեսի գործը սկսում է վատանալ, նրա գործընկերներն են սկսում հեռանալ, նրա հետ առևտրային հարաբերություններն են սկսում վատանալ, բանկերն են սկսում վարկավորման խնդիրներ առաջացնել։ Այսինքն՝ այսօր գործարարի համար քրեակատարողական հիմնարկում հայտնվելը կարող է ծանր հետևանքներ առաջացնել։ Օրինակ՝ մեզ մոտ կալանքի են տանում տեսուչի կողմից հաշվարկի հիման վրա։ Տեսուչը անհասկանալի օպերատիվ իբր տվյալներով հաշվարկ է անում և նախնական հաշվարկով գործարարին տանում են կալանքի։ Բազմաթիվ են դեպքերը, երբ այդ հաշվարկը հիմնարար չէ, երբ գործարարն այդտեղ ապացուցելու բան ունի, երբ գործարարը դատական գործընթացի դեպքում միանշանակ ցույց կտա, որ իր կողմից ոչ մի հարկ էլ չի թաքցրել։ Բայց գործարարը ստիպված է լինում Քննչականի պայմաններն ընդունել, քանի որ «կալանավորում» գործիքակազմը կիրառում են, և ինքը հասկանում է, որ ամեն ինչ կորցնելու է։ Բիզնեսի մարդիկ են, առողջ են մտածում․ ավելի լավ է թեկուզ իրենց չկատարածի համար պատասխան տան, բայց իրենց բիզնեսը պահպանեն, քան սկզբունքային կռիվ տան ու ամեն ինչ կորցնեն։ Պրակտիկայում տեսնում ենք, որ դատարանները կարծես սատար են կանգնած ՊԵԿ-ի կողմից նախաձեռնված և քննչական մարմինների կողմից շարունակած այս գործընթացին։ Այսինքն՝ որպես կանոն, այս գործերով դատարանները կալանավորում խափանման միջոց տալիս են այն դեպքում, երբ ակնհայտ է, որ կալանավորման հիմքեր չկան»։

Լրագրողների հիշեցմանը՝ ՊԵԿ-ը պարզաբանել էր,  եթե որևէ նախագիծ է մշակում, մասնավորի հետ քննարկումներ է անցկացնում և հարցին՝ այս նախագծի հետ կապված որևէ քննարկում եղե՞լ է, Արսեն Սարդարյանը պատասխանեց․ «Այսպիսի միակողմանի խստացումները, գործընթացների քրեականացումը չի կարող լինել մասնավոր դաշտի կողմից այսպես ասած պահանջված։ Իսկ ենթադրենք քննարկում նախաձեռնվել է, Մանթաշյանց գործարարների ակումբն ամենախոշորն է, պաշտոնական հրավեր չի ստացել քննարկման մասնակցության։ Գուցե ինչ-որ անդամներ այլ հրավերների շրջանակում ստացել են, մենք նման տեղեկություն չունենք, չենք կարող բոլորի մասին տվյալներ հավաքել։ Գտնում ենք, որ սա ավելի շատ ձևական բնույթ ունի, ու եթե նույնիսկ կան, ապա այդ քննարկումներին կարող են հեշտությամբ ապահովել իրենց համար ցանկալի գործարարների ներկայացում, որոնք կարող են ձևական առումով ծափ տալ ՊԵԿ-ի ցանկացած նախաձեռնության, բայց դրանից նախաձեռնությունը չի կարող դառնալ ոչ գործարարների, ոչ մեր պետության և տնտեսության շահերից բխող։ Երբ սկսում են մահակի ուժով գումարներ բռնագանձել, գուցե ասենք գնում է պետական որոշակի կարիքների, բայց դրանով սպանում են տնտեսվարողներին, և վաղը նրանք ի վիճակի չեն լինելու իրենց հարկը վճարել, ինչը բերելու է ավելի ծանր տնտեսական հետևանքների»։

Հարցին՝ հնարավո՞ր է սա օգտագործվի որպես քաղաքական հետապնդումների գործիք, Արսեն Սարդարյանը պատասխանեց․ «Եթե կա գործիք, եթե այն այսօր օգտագործվում է մեր գնահատմամբ ապօրինի հարկահավաքության համար, ապա հնարավոր է նաև քաղաքական ճնշումների համար էլ ոչ բարեխիղճ գործիքն օգտագործվի։ Ես քաղաքական հետապնդման մասին այս պահին խոսելու ոչ տվյալ ունեմ, ոչ էլ մեր ձևաչափում ներառված է, բայց տեսականորեն կարող է լինել»։

Արսեն Սարդարյանը նաև հայտնեց՝ դեպքեր ունեն, որ գործարարը հարկ չի թաքցրել, բայց այսօր կալանքի տակ է․ «Ունենք դեպք, երբ գործարարի մոտ խուզարկություն է կատարվել, որը կարող է գործարարի բիզնեսը փակել, բայց այդ գործարարի հետ կապված որևէ տվյալ չկա, ուրիշի հետ կապված արհեստական կամուրջ գցելով՝ մտել են այդ գործարարի մոտ։ Այդ գործարարներն ասում են՝ մեր անունները չտաք։ Վստահ եմ, նույնիսկ այն գործարարները, որոնք ասում են՝ նորմալ է մեզ մոտ ամեն ինչ, ներքուստ ուրախ են, որ մենք այս մասին խոսում ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031