Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման ՀՈԱԿ-ը տեղեկատվություն ներկայացրեց Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկի աշխատանքների մասին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ մրցութային փաթեթների վերջնաժամկետը սահմանված է մինչեւ հոկտեմբերի 1-ը, իսկ արդյունքների ամփոփումը մինչեւ դեկտեմբերի 20-ը, իսկ հավասար արդյունքներ ունեցողների պարագայում՝ դեկտեմբերի 23-ին: Խոսք եղավ գործընթացների ձգձգման մասին:
«Իրապես ցավալի է, որ մրցութային կարգով անցկացվող միջոցառումներն այսքան շատ են տեւում եւ դա հիմնականում, եւ դա հիմնականում կապված է սխալ կազմակերպման հետ: Պատճառներն, իհարկե, շատ են, բայց մոտավորապես 3 տարուց ավել է, տեւում են մրցութային բոլոր փուլերը, գերատեսչական պրոցեսները, որոնք գրեթե ակտուալությունը կորցնում են: Այն ժամանակ, երբ սկսում էինք՝ մի բան էր, հիմա մեկ այլ բան է ենթադրվում:
Եթե որոշում կա, որ եթե մինչեւ օգոստոս որեւէ տեղաշարժ չունենք, կարծում եմ՝ կսկսենք մասնավոր ճարտարապետական խոշոր միջազգային ընկերությունների հետ ուղիղ բանակցել, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի հայեցակարգ կարող ենք ստանալ, որովհետեւ արդեն այս պրոցեսը շատ-շատ երկար է տեւել եւ այլեւս սպասելու ռեսուրս չունենք»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ