JAMnews. Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և Հայաստանի Զինված ուժերին մեղադրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրություն էր հրապարակել նաև նախօրեին։ Պաշտոնական Երևանը հերքել է այս լուրերը։
Համանշանակ է, որ երկու դեպքում էլ խոսքը նախիջևանյան ուղղության մասին է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար Նախիջևանի հետ կապող ճանապարհ է պահանջում ՀՀ-ից, նշում, որ դա 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից մեկն է։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի բացառում, որ Բաքվի կողմից որպես մեդիա առիթ կարող է օգտագործվել նաև այն, թե «հրադադարի խախտումներ անող հայկական կողմի իրավազորության ներքո չի կարող անվտանգ լինել Նախիջևան-Ադրբեջան» ճանապարհը։ Սակայն, ըստ քաղաքագետի, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների գլխավոր նպատակն է ստեղծել առիթներ՝ ձգձգելու խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Եվ դա կապված է ոչ թե COP-29-ի հետ, այլ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հետ, և երկրորդ՝ Ադրբեջանն ունի Ռուսաստանի առջև ստանձնած որոշակի պարտավորություններ, որոնց համաձայն՝ ինքը կամ չի ստորագրելու կամ հնարավորինս ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Քոչինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ այն պահից, երբ սահմանազատման և սահմանագծման, իսկ այնուհետև հաղորդակցությունների ապաշրջափակման փաթեթները դուրս բերվեցին բուն խաղաղության պայմանագրից, կարելի է ասել, որ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է, համաձայնեցված է, և «այլևս ոչինչ չի կանգնեցնում ստորագրել խաղաղության պայմանագիրը»․
«Այս իրավիճակում Ադրբեջանին բացի իր ստեղծած արհեստական և նույնիսկ ծիծաղելի առիթից, թե, իբր, ՀՀ Սահմանադրության մեջ կան խնդիրներ, պետք են նոր առիթներ, թե ինչու խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։ Հրադադարի խախտումների մասին հաղորդագրությունները կարող ենք դիտարկել այդ առիթների ստեղծման համատեքստում»։
Ասում է՝ Բաքուն մտադիր է համաձայնագրի ստորագրումը հետաձգել՝ առնվազն մինչև նոյեմբեր։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: