«Ահավասիմ կամ և մնամ Տիրոջ աղախինը» (Ղուկաս 1:38)
Այսօր Աստվածամոր Վերափոխման տոնին մենք ավանդության համաձայն խաղող ենք օրհնում՝ որպես առատության խորհրդանիշ և, միևնույն ժամանակ, որպես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհուրդը։ Ինչպես խաղողի ճմլվելուց հետո ստացված գինին քաղցրություն է հաղորդում մեզ, այնպես էլ մեր Տերը, թեպետ դառն ճանապարհով, Իր արյան քաղցրությամբ գնեց մեզ։
Աստվածամոր Վերափոխման խորհուրդը երեք շերտ ունի.
Առաջինը ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ խորհուրդն է. Հիսուս Քրիստոսի՝ Որդու հավատարությունն է իր մոր հանդեպ, ում նկատմամաբ խնամք տածեց մինչև անգամ Իր խաչի վրա գտնվելիս և ապա Աստվածամոր ննջումից հետո նրան վերափոխեց Իր մոտ։
Սա նշանակում է հավատարմութուն Իր մոր նկատմամբ, հավատարմություն արժեքի նկատմամբ, հավատարմություն մարդու նկատմամբ, հավատարմություն սեփական ինքնության նկատմամբ, հավատարմություն ժառանգության նկատմամբ, ինքդ քեզ չխաբելու հավատարմություն։
Մենք էլ ենք այսօր կոչված ապացուցելու մեր ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ.
ինչպիսի՞ հավատարմություն ունենք մենք ինքներս մեր նկատմամբ, մեր ժառանգության նկատմամբ, ինչպիսին մեր վանքերն ու սրբություններն են, որոնք ձրիաբար ստացել ենք, բայց չենք վաստակել, մեր ՄՈՐ նկատմամբ, որ կոչվում է Մայր Հայաստան, մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ, մեր ավանդությունների նկատմամբ։
Երկրորդը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ խորհուրդն է. Հիսուս մեծագույն պատասխանատվություն ուներ Իր մոր հանդեպ։
Սա մեզ ուղղված ամենամեծ պատգամն է.
ինչպիսի՞ պատասխանատվություն ունենք մեր ինքնության հանդեպ,
Մեր ժառանգության հանդեպ,
Մեր Հայրենիքի հանդեպ,
Մեր Սուրբ եկեղեցու հանդեպ,
Ինքներս մեր հանդեպ։
Մենք՝ մարդիկս սխալական ենք։ Մենք չպետք է վախենանք կրելու գործած սխալի պատասխանատվությունը։
Եթե մարդը սխալվում է և քաջաբար, առանց վախենալու, առանց ուրիշներին մեղադրելու իր բաժինով պատրաստ է կրել դրա պատասխանատվությունը, այդ սխալը նույնիսկ սխալ չի համարվի և այդ սխալը ոչ թե կկործանի, այլ կփրկի մարդուն, քանի որ ոչ միայն իր սխալը կսրբագրի, այլ իր շուրջը գտնվողներին ևս վեր կբարձրացնի՝ շահելով նրանց վստահությունը՝ ազնիվ գտնվելով ինքն իր հետ և ճանաչելով ինքն իրեն իր բոլոր տկարություններով ու զորեղ կողմերով։
Երրորդը ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈ խորհուրդն է. սեր, որն ուներ Աստվածամայրը Աստծու նկատմամբ, երբ նա լսեց, որ Փրկչին է աշխարհ բերելու։ Այդ սերը թույլ չտվեց Աստվածամորը խուսափել պատասխանատվությունից, այդ սերն իրեն թույլ չտվեց անհավատարիմ գտնվելու։
Սերն այդպես է, սերը ենթադրում է պատասխանատվություն, հավատարմություն, սերը ենթադրում է ծառայություն, սերը ենթադրում է համբերություն, քաջություն, սերը ենթադրում է ազնվություն։ Սերը չի կարող խաբել։
Մեր կյանքի դժբախություններից մեկը չսիրելն է կամ միայն ինքդ քեզ սիրելն է։
Այսպիսին է ինձ համար այսօր Սուրբ Աստվածամոր Վերափոխման պատգամը՝ երկրից դեպի երկինք, մահվանից՝ կյանք, գերեզմանի կալանքից՝ ազատություն, ստի պարտություն և ճշմարտության հաղթանակ, կեղծիքի չքացում և արդարության ու ազնվության հռչակում և հատկապես՝ հավատարմություն, պատասխանատվություն և մեծագույն արժեք՝ ՍԵՐ։
Շնորհավո՜ր Աստվածամոր Վերափոխման տոնը։
Սիրով և աղոթքով՝
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան