ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրական ու պատմական Հայաստանի կեղծ խոսույթը հորինել է Փաշինյանը, դա իր ընտրազանգվածի համար սպառման հարմար նյութ է։ Ինքը հորինել է, ինքը շրջանառում է, ինքը ստեղծագործում դրա շուրջ ու փորձում դարձնել քննարկման թեմա, մինչդեռ այդտեղ քննարկելու բան չկա։
Ավելի վաղ այդ թեմայով մանրամասն գրառում էի կատարել ու նշել, որ Փաշինյանն այն մարդն է, որը առաջին անգամ վտանգել է ՀՀ գոյությունը, նա առաջինն է, ում քաղաքականության արդյունքում ունեցել ենք տարածքային կորուստներ նրա իսկ հռչակած 29,800 քառակուսի կիլոմետրից, նրա քայլերի արդյունքում վտանգի տակ կարող են հայտնվել մեր միջպետական ճանապարհները, մենք չենք կարող մեր իսկ տարածքում գտնվող Երասխում մետաղաձուլական գործարան կառուցել, ուստի Փաշինյանին պետք է ասել՝ ո՞ւր է այդ «իրական» Հայաստանը, ինչո՞ւ ես կադաստրի թղթեր փնտրում Ալիևի դարակներում, ինչո՞ւ ես վտանգում մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը քո քայլերով։ Նրա հետ պետք է խոսել իր իսկ կեղծ «փաստարկներով», այլ ոչ թե պատմական Հայաստանի խոսույթով։
Սրան հավելեմ ևս մեկ կետ, թող մի հատ էլ իրական Ադրբեջանի մասին ստեղծագործի ու ուղարկի Իլհամ Ալիևին՝ կոչ անելով Հայաստանի Հանրապետության հաշվին իր համար գոյություն չունեցող «պատմական» Ադրբեջան չկառուցել։ Կարո՞ղ է այդպես անել, իհարկե՝ ոչ։ Ոչ Փաշինյանը, ոչ ՀՀ ԱԳՆ-ն ծպտուն չեն հանում, երբ մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» է կոչվում Ադրբեջանի նախագահի մակարդակով օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ։ Բայց փոխարենը աշուղ են կտրում սեփական ժողովրդին անհեթեթ ու անպետք խոսույթներ հրամցնելու ժամանակ․․․