«Գրիգոր Մինասյանի կողմից որևէ էնտուզիազմ չեմ տեսնում, այնպես, ինչպես չէի տեսնում իրեն նախորդած նախարար Անդրեասյանի կողմից»,- Aravot.am-ի հիշեցմանը՝ քննարկումներից մեկի ժամանակ կարծիք էիք հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը առաջ չի գնում և հարցին՝ մասնավորապես ի՞նչն է պատճառը, այսպես պատասխանեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք՝ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր․ «2020-ի փետրվարից մինչև սեպտեմբեր ավելի շատ ենք բովանդակություն քննարկել, քան այս վերջին երկուսուկես տարում, ինչ մեր խորհուրդը գործում է»։
Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ խորհուրդն այս տարվա ընթացքում ընդամենը մեկ բովանդակային քննարկում է անցկացրել։
Հարցին՝ հենց նախարարի՞ մակարդակով այդ ամենը պիտի իրականացվի, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց․ «Նախարարն է խորհրդի ղեկավարը։ Աշխատանքային քննարկումներն ո՞վ պետք է ղեկավարի՝ ե՞ս։ Առաջին հերթին ինքը պետք է քննարկում նշանակի»։ Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ գործընթացն առաջ չի գնում, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Գրիգոր Մինասյանը չի ուզում առաջնորդել այս ռեֆորմը»։ Մեր դիտարկմանը՝ մի՞թե սա ընդհանուր քաղաքականություն չէ, հարցն անձո՞վ է պայմանավորված, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Ես կարող էի մտածել, որ քաղաքականություն է, եթե 2020-ին 7 ամիս, երբ նախարար էր Ռուստամ Բադասյանը, չտեսնեի, թե ինչքան ինտենսիվ կարելի է շարժվել առաջ։ Այն ժամանակ քաղաքական թիմը նույնն էր, խորհուրդը ձևավորող վարչապետը նույնն էր, ինտենսիվ առաջ էինք շարժվում»։ Հարցին՝ գործընթացի՝ առաջ չգնալը չի՞ վնասում արդյոք ՀՀ-ին, այս առումով միջազգային պարտավորություններ չկա՞ն, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Ռեֆորմը տեղի չի ունենա։ Շատ սահմանափակ քննարկումներ կային ԵՄ-ի հետ համագործակցելու, բայց դրանք մեռան։ Սա զուտ ներպետական գործընթաց է։ Սա ժողովրդի առջև պարտավորություն է․ ինձ քիչ է հետաքրքրում միջազգային հանրությունն այս դեպքում։ Ժողովրդի առաջ պարտավորություն է՝ ժողովուրդն ունենալո՞ւ է իր ընդունած Սահմանադրությունը, թե՝ ոչ, կամ եթե ունենալու է, ե՞րբ է ունենալու»։
Կարդացեք նաև
Հարցին՝ այս վիճակից ելքը ո՞նց եք պատկերացնում, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Պիտի իշխանությունն ինքը հասկանա։ Այս իրավիճակի պատասխանատուն քաղաքական իշխանությունն է։ Ես չեմ ուզում ասել միայն նախարարն է, կներեք, նա նշանակող, վերադասներ ունի։ Թող հասկանան՝ ինչ լուծում են տալիս»։
Դանիել Իոաննիսյանը հավելեց՝ ուզում էին, որ կայուն մեծամասնության խնդրահարույց կարգավորումը, որը կարող է ԱԺ-ն հեռացնել Սահմանադրությունից, հեռացվի այնպես, որ ԱԺ-ի գալիք ընտրություններից՝ 2026-ից առաջ կայուն մեծամասնության կարգավորումները լինեն՝ այսինքն՝ այդ գործընթացն առանձնացվի սահմանադրական բարեփոխումից։ Դրա հետ կապված նիստ պիտի լիներ, նախարարությունը նիստը ինքնագլուխ հետաձգեց, ու անհասկանալի է՝ երբ կլինի։ Ժամկետները սեղմ են։ 2026-ին՝ մինչև խորհրդարանական ընտրությունները թվում է՝ երկու տարի կա, բայց իրականում շատ սեղմ ժամկետ է։ Հետո պիտի ընտրական օրենսգիրքը փոխվի, պիտի դա շուտ արվի, գործընթացը գոնե ընտրություններից մեկ տարի շուտ պետք է վերջանա, այսինքն՝ մեկ տարի շուտ գոնե Ընտրական օրենսգիրքը պետք է փոխված լինի։ Ընտրական օրենսգիրքը կարող ես սկսել փոխել, երբ արդեն Սահմանադրությունը փոխել ես։ Արանքում Վենետիկի հանձնաժողով, ԱԺ երկու ընթերցում․ սրանք կարևոր հարցեր են, հո չե՞ն բերելու 24-ժամյա ռեժիմով անցկացնեն։ Եթե առաջիկա մի քանի շաբաթում այդ առաջարկությունը խորհրդի կողմից չուղարկվի կառավարություն, ինձ չի թվում, թե կհասցնենք մինչև 2026-ի ընտրություններ»։
Մեր դիտարկմանը՝ դա սկզբունքային հարց է, նույն ժողովրդավարական ընտրության տեսանկյունից, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Դրա համար հենց այդ կարևորությունը հասկանալով ենք փորձում առանձնացնել և առաջ տանել, ասել լավ, սահմանադրական ընդհանուր ռեֆորմը ձգվում է մինչև 2027 թվական, բայց գոնե այս մասը փոխենք»։
Մեր փաստմանը՝ իշխող քաղաքական ուժն անընդհատ հայտարարում է ժողովրդավարության, ժողովրդավարական ընտրությունների մասին, սա հակասության մեջ չի՞ մտնում իրենց վարքագծի հետ, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Հայտարարությունների մակարդակում իրենք համակարծիք են, բայց հայտարարություններով չի փոխվում Սահմանադրությունը․ պետք է սկսել քայլեր անել, որն իրենք դեռևս չեն անում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրիգոր Մինասյանը իր էությամբ ռեֆորմ չհասկացող ու չընդունող մարդ է, շատ քմահաճ ու ոչ պրոֆեսիոնալ։ Սա նորություն չէ և ամբողջ նախարարությունը գիտի այդ մասին։
Հասարակական կազմակերպությունների հետ ամեն եռամսյակ հանդիպումները, որ կային իր նախկինների օրոք հիմա արդեն մեկ ու կես տարի է ինչ տեղղի չեն ունենում։ Սա ևս ցուցիչ է։