Օգոստոսի երրորդ շաբաթ օրը Կապանում նշում են քաղաքի տոնը, իսկ երրորդ կիրակի օրն էլ՝ Քաջարանի տոնը։ Հետաքրքիր է, որ այս տարի երկու օրերն էլ համընկան եկեղեցական տոնացույցին։ Երեկ՝ օգոստոսի 17-ին Սուրբ Էջմիածնի օրն էր, իսկ օգոստոսի 18-ին՝ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնն է։ Կապանը դարձավ 86 տարեկան, Քաջարանը՝ 66։
Կապանցիներին ու քաջարանցիներին ուղերձներով շնորհավորել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզպետի համոզմամբ՝ անհնար է գեթ մեկ անգամ լինել Սյունիքի մարզկենտրոն Կապանի նման ջերմ քաղաքում ու չսիրել այն։ Ըստ այդմ, մաղթանքը մեկն է՝ Կապանի տարեգրությունը լեցուն լինի միայն բարի, լուսավոր ու զարգացում բերող իրադարձություններով։
«Թո՛ղ դարավոր պատմությամբ ամրագրված արժեքները, լավագույն ավանդույթներն ու կապանցիների հյուրընկալ սրտերը միահյուսվեն ժամանակին համահունչ ու դինամիկ զարգացման ուղուն, որ որդեգրել է քաղաքը, եւ արդյունքում այն կանչող տուն լինի դրսում բնակվող բոլոր կապանցիների համար։ Իհարկե, քաղաքի ամենամեծ հարստությունն իր բնակիչներն են, որոնց պետք է միավորի սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը Կապանի հանդեպ եւ ի շահ Կապանի։ Թո՛ղ տարեցտարի ավելանան Սյունիքի մարզկենտրոնի գեղեցկությունն ու նվաճումները: Առողջությո՛ւն քաղաքի բնակիչներին, խաղա՛ղ երկինք եւ բարգավաճո՛ւմ՝ մեր քաղաքին»,-նշել է Ռոբերտ Ղուկասյանը՝ կապանցիներին ուղղված շնորհավորական ուղերձում։
Իսկ մեր երկրի արդյունաբերական կարեւորագույն կենտրոններից ու Սյունիքի գեղեցիկ քաղաքներից մեկին՝ Քաջարանին Սյունիքի մարզպետը բարգավաճում, մշտական առաջընթաց ու խաղաղություն է մաղթել։
Կարդացեք նաև
«Անգնահատելի է այս քաղաքի ու քաջարանցիների դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության, նրա զարգացման, մեր երկրի առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրների լուծման, պետական բյուջեի գոյացման մեջ։ Տարիներ առաջ այն հիմնադրվել ու հետագայում կառուցվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ու նրա շնորհիվ եւ բնական է, որ ընկալվում է որպես «քաղաք-կոմբինատ»։ Շնորհավորանքս՝ նաեւ հանքարդյունաբերական հսկայի ողջ ղեկավար կազմին ու կոլեկտիվին»,-նշել է Ռոբերտ Ղուկասյանը։
Քաջարանն այսօր արդեն միայն հանքարդյունաբերության կենտրոն չի դիտվում․ օր-օրի զարգացող քաղաքային միջավայր, մարզական ու կրթական ակտիվ կյանք, մշակույթ ու ավանդույթներ՝ ստեղծագործ եւ ինքնաբավ մարդկանցով։
«Քաջարանը, հիրավի, այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր ոք, ով ունի ցանկություն եւ տաղանդ, կարող է իրացնել իր ներուժը։ Պատահական չէ, որ այն դեպի իրեն է ձգում քաղաքացիների ՀՀ մյուս համայնքներից։ Իսկ աշխատասեր ու իրենց ծննդավայրի հողին ամուր կանգնած քաջարանցիները ստեղծում ու բազմապատկում են այն հաջողությունները, որ ժառանգել են նախորդ սերունդներից։ Այստեղ կա հույս եւ լավատեսություն վաղվա օրվա հանդեպ, անընդհատ ծրագրվող ու անպայման կյանքի կոչվող նախաձեռնություններ, որի հիմքն, իհարկե, յուրաքանչյուրիդ աշխատանքն է»,-նշված է Սյունիքի մարզպետի ուղերձում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ