«Ադրբեջանական բոլոր մեղադրանքները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու են, և նման վերլուծությունները հերթական անգամ ցույց են տալիս՝ որևէ իրավական հիմք չկա Ռուբեն Վարդանյանին ու մյուս մեր հայրենակիցներին բանտերում պահելու համար»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող այն տեղեկությունը, թե Ռուբեն Վարդանյանի՝ այժմ օկուպացիայի տակ գտնվող Ստեփանակերտի աշխատասենյակում հայտնաբերվել է «Նախիջևանի ատլաս» կոչվող ատլասը, այսպես պատասխանեց Արցախի պետնախարար եղած ժամանակ Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Report-ին տված հարցազրույցում «Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը պնդել է, թե այդ ատլասը լի է կեղծիքներով։ Նա նաև հայտարարել է․ «Մտածելու տեղիք է տալիս, թե ինչու էր Վարդանյանն այդքան հետաքրքրված Նախիջևանով, ըստ ամենայնի, 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի հակաահաբեկչական գործողությունը անկատար է թողել նրա շատ ցանկություններ»։
Մեսրոպ Առաքելյանը փաստեց․ «Այդ աշխատասենյակը տասը տարուց ավելի եղել է, և բազմաթիվ պաշտոնյաներ աշխատել են այնտեղ, և այդ կաբինետում եղած իրերը շարունակել են մնալ կաբինետային իրեր։ Ոչ թե անձնական իրեր են եղել, այլ ուղղակի գրքեր, քարտեզներ, նկարներ, հուշանվերներ և այլ փոքր իրեր, ինչպես լինում են բազմաթիվ պաշտոնական կաբինետներում»։
Կարդացեք նաև
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանից հետո այդ աշխատասենյակում որպես պետնախարար աշխատել են Գուրգեն Ներսիսյանը, Սամվել Շահրամանյանը, Արթուր Հարությունյանը։
Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում հավելեց․ «Ոչ միայն Ռուբեն Վարդանյանից հետո են տարբեր պաշտոնյաներ աշխատել այս աշխատասենյակում, այլև նրանից առաջ են աշխատել։ Ես էլ՝ որպես խորհրդական բազմիցս եղել եմ այդ աշխատասենյակում, և այնտեղ եղած տարբեր գրքեր, քարտեզներ ընդամենը շարունակել են այսպես ասած մնալ հաջորդ պաշտոնյաների պաշտոնավարման օրոք։ Այդ աշխատասենյակում բազմաթիվ նկարներ, քարտեզներ կամ գրքեր կարող են եղած լինել, որոնք տարբեր պաշտոնյաներ կարող է նվեր են ստացել, կամ այլ տարբերակներով են հայտնվել են այդ աշխատասենյակում, հետևաբար որևիցե առանձնահատուկ փաստ չեմ կարող ամրագրել նշված այդ գրքի կամ քարտեզի վերաբերյալ»։
Հետաքրքրվեցինք՝ ադրբեջանական այս քարոզչությունը չի՞ վկայում արդյոք այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նոր մեղադրանք կամ նոր արշավ է նախապատրաստվում, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ