Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի ամենահեղինակավոր դպրոցներից մեկն իր դռներն էր բացել հայ մանուկների ու պատանիների առջև

Օգոստոս 18,2024 12:26

«Մենք հաջորդ սերունդներին փոխանցում ենք ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։ Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է հաջորդին սովորեցնել հայոց լեզուն»։

Այս պատգամը ստացել ենք մեծանուն գրող Վիլիամ Սարոյանից, ով շատ լավ գիտակցել է մայրենի լեզվի և հայոց մշակույթի կարևորությունը հայրենի սահմաններից դուրս։

Այսօր, երբ օտար ափերում մշտապես ավելանում է հայերի թիվը, ՀԱՅ մնալու և մայրենին սերտելու անհրաժեշտությունը դառնում է էլ ավելի պարտավորեցնող և կարևոր հիմնահարց: Խնդիր, որի լուծման շուրջ տարվող շարունակական աշխատանքներն իր ուշադրության և մշտական հոգածության կենտրոնում է պահում ԱՄՆ Արևմտյան թեմը՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ, գերաշնորհ տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:

Թեմապատկան «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցն արդեն 25 տարի շարունակ իր շուրջն է համախմբում այսօր արդեն 300-ից ավելի հայ մանուկների:

Օգոստոսի 17-ը տոնական էր Ս․ Ղևոնդյանց մայր տաճարում, որովհետև Սփյուռքի ամենահեղինակավոր դպրոցներից մեկն իր դռներն էր բացել հայ մանուկների ու պատանիների առջև՝ ավետելով 2024-25 ուսումնական տարվա սկիզբը: Հուզված, բայց միևնույն ժամանակ առավել ոգևորված էին հատկապես առաջին դասարանցիները, ովքեր նոր էին ոտք դնում շաբաթօրյա դպրոց՝ սովորելու և դաստիարակվելու հայրենասիրական ու ազգային մշտամնա արժեքներով ու հոգևոր գիտակցությամբ։

Ներկաներին բարի գալուստ մաղթեց եկեղեցու հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը, որից հետո խոսքը փոխանցեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ, հոգեշնորհ տեր Երեմիա վարդապետ Աբգարյանին:

Հայր Սուրբը շնորհավորեց բոլորին 2024-25 ուսումնական տարվա առթիվ։  Նա կարևորեց նոր տարեշրջանի սկիզբը, որը խորհրդանշական կերպով համընկել էր Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի հետ: Ներկաներին հորդորեց սրբորեն պահել ու պահպանել այն նվիրական ժառանգությունը, որն անշեղորեն փոխանցվել է դարերով և հիշեցրեց նաև, որ հետայսու մենք ենք պարտական այն  հաջորդաբար փոխանցելու մեր հաջորդներին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ գիտակրթական հանձնաժողովի ատենապետ, դոկտոր Էլլի Անդրեասյանը, ով բեղուն ուսումնական տարի մաղթեց և շնորհավորեց բոլորիս` ԱՄՆ «Դպրոցների և քոլեջների հավատարմագրման արևմտյան ասոցիացիայի»  կողմից (WASC) արտոնագիր ստանալու առիթով, որը նախադեպը չունեցող իրադարձություն էր սփյուռքի միօրյա դպրոցների պատմության մեջ։

Ապա հաստատության տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը՝ շնորհավորելով բոլորին տեղեկացրեց վարժարանում տեղի ունեցող դրական փոփոխությունների մասին՝ հավելելով, որ հետայսու դպրոցը  յոթամյա է: Նպատակը շարունակական ուսումնառությամբ երեխաների գիտելիքների ավելի խորը ամրապնդումն է, որի միջոցով կկարողանան ճանաչել հայրենիքը, ընտանեկան, ազգային ու քաղաքացիական պատկանելությունը, ինչպես նաև էլ ավելի սերտել Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին, որն էլ կնպաստի հայեցի դաստիարակության զարգացմանը։

Ինչպես միշտ բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը հորդորեց խոսել մաքրամաքուր հայերենով, սիրել ուսումը և սրբությամբ  պահել հայի անունը:

Դպրոցական օրը տոնական էր նաև նրանով, որ աշակերտներին շնորհավորելու էին եկել հաստատության երկարամյա բարեկամները՝ հանձին Բրբենքում և Հոլիվուդում գործող «Ալեգրետո» երաժշտական դպրոցի տնօրեն տիկին Հասմիկ Քոթելյանի, որն իր բազմաթիվ նվերներով մշտապես խանդավառում է սաներին։

Նոր ուսումնական տարվա մեկնարկն արդեն տրված է: Աշակերտներն ուսուցիչների ուղեկցությամբ անցան դասարաններ՝ զինվելու նոր գիտելիքներով և մաշտոցյան գիրը հավերժ պահելու խոստումով:

Թո՛ղ 2024-25 ուսումնական տարին լինի հույսերի ու նպատակների իրագործման և գիտելիքի ձեռքբերման արգասաբեր տարի:

 

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031